ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ո՞վ է մեղավոր, որ դեռ խանութ չմտած, ուզում ենք դուրս գալ». «Վայլդբերիզ»-ի հակառակ կողմն ու բնակիչների դժգոհությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վայլդբերիզ»-ը ոչնչացնում է Հայաստանի տնտեսությունը: Հենց այս կարգախոսով էլ մի խումբ տնտեսվարողներ սկսեցին իրենց բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ: «Stop Wildberries Armenia» նախաձեռնության անդամների պայքարը սկսվեց ֆեյսբուքյան հարթակից, մի խումբ տնտեսվարողներ սկսեցին ակտիվ գրառումներ անել, հետո էլ համախմբվեցին և նախաձեռնեցին բողոքի ցույցեր կառավարության շենքի մոտ։

«Շտապել է պետք, կոչով դիմում ենք Հայաստանի Հանրապետության 120.000 փոքր և միջին տնտեսվարող սուբյեկտներին միանալ մեր պայքարին, կանգնեցնել ռուսական «Վայլդբերիզ»-ի ծավալուն մուտքը Հայաստանի Հանրապետություն և այդպիսով խուսափել ոչնչացումից: Եթե մեր պայքարը չլինի միասնական ռուսական «Վայլդբերիզ» կորպորացիայի դեմ, ապա, ըստ վերլուծությունների, 2024 թվականի կեսերին մրցակցությունից դուրս կշպրտվեն այժմ գործող մեծածախ և մանրածախ խանութների 90 տոկոսը: Բիզնեսի ներկայացուցիչները կարող են մեզ միանալ գրելով էջին»:

«Stop Wildberries Armenia» նախաձեռնության անդամ Արման Թումասյանի հետ բազմիցս զրուցել ենք այս թեմայո՝վ հասկանալու համար, թե ինչու չեն փորձում համագործակցել կամ այնպիսի գներ սահմանել, որպեսզի սպառողը կարողանա օգտվել և օգուտ տալ ներսի, այլ ոչ թե դրսի շուկային:

«Այս ամենը հետո կհանգեցնի արտագաղթի, քանի որ շատ տնտեսվարողներ մի քանի ամիս հետո արդեն խնդիրներ են ունենալու բանկերի և շատ այլ կառույցների հետ: Մեր խանութներում գիտեք, թե ինչ է կատարվում. դպրոցական իրերը չեն կարողացել վաճառել, և ներկա պահին մարդիկ ստիպված վաճառում են կա՛մ ինքնարժեքով կա՛մ այնպիսի զեղչերով, որ կարողանան գումար հավաքել ու փախնել»: Արման Թումասյանը հավելեց նաև, որ ոչ մի կերպ չեն կարող համագործակցել «Վայլդբերիզ»-ի հետ, քանի որ դրա համար իրենք հարկեր և տուրքեր են մուծում և երբ շուկան ամբողջովին ոչնչանա, նոր «Վայլդբերիզ»-ն այն նույն կոշիկը, որը վաճառում էր 4000, կվաճառի 12․000 դրամով։ Բնակիչներն էլ իրենց բողոքներն ունեն կապված սպասարկման, հերթերի և շատ այլ նման հանգամանքների հետ: Սպառողներից, օրինակ Շուշանն, այնպիսի հետաքրքրիր տարբերակ նշեց, որին տնտեսվարողները կարող են հետևել.

«Զարմացած եմ բոլոր այն տնտեսվարողների վրա, որոնք բողոքում են Վայլդբերիզի դեմ։ Իմ համեստ կարծիքով այն ժամանակը, որը վատնեցին բողոքի ցույցեր իրականացնելու, դիմում-բողոք գրելու վրա, կարելի էր օգտագործել ի օգուտ իրենց և սովորել, թե ինչպես վաճառել Վայլդբերիզում, այսինքն՝ տեղական բիզնեսը տեղափոխել օնլայն հարթակ և վաճառել մի քանի անգամ շատ նաև այլ երկրներում: Օրինակ հիշում եք, երբ քովիդի ժամանակ շատ մասնագետներ մնացին անգործ, նրանցից ավելի ճկունները տխրելու ու բոյկոտելու փոխարեն շատ արագ սովորեցին ժամանակակից մասնագիտություններ և սկսեցին աշխատել օնլայն: Սա կարծում եմ շատ մեծ հնարավորություն էր զարգացնելու տեղական բիզնեսը․ միևնույն է մարդիկ շարունակելու են օգտվել օնլայն հարթակներից»:

Սպառողներից Մարին ավելի շատ դժգոհում է սպասարկումից, հետո նոր թանկ վաճառելուց.

«Ո՞վ է մեղավոր, որ գնում են, ապրանք են բերում Թուրքիայից, Չինաստանից և մեկին տաս վաճառում են, ո՞վ է մեղավոր, որ դեռ խանութ չմտած ուզում ենք դուրս գալ, հոգնել ենք թե՛ իրենց սպասարկումից, թե՛ մունաթ դեմքերից, թե՛ խոսելու տոնից: Մեզ էլ հաճելի չէ նստել ապրանք պատվիրել, հասցե փոխել, սպասել մի քանի շաբաթ: Ես համաձայն եմ մի փոքր ավել վճարել, քան հայաստանյան մի շարք խանութներ մտնել»:

Մենք փորձեցինք կապ հաստատել «Վայլդբերիզ»-ի հայաստանյան գրասենյակի հետ, բայց մեր զանգերը մնացին անպատասխան և որևէ մեկնաբանություն այդպես էլ չեղավ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս