Ինչպես կարող է կինը լինել և´ տնային տնտեսուհի, և´ հոգատար մայր, միաժամանակ զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ: Պարզվում է ` դա դժվար չէ և անհրաժեշտ չէ, որ դրա մասին հիշվի մարտի 8-ից ապրիլի յոթը:
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ բացի այս մեկամսյակից, մնացած օրերը կնոջ համար պատասխանատվության ու իրավունքների պաշտպանության գիտակցում պետք է լինի:
Տիկին Ալավերդյանի խոսքով `մեր երկիրն ունի կանանց աջակցության կարիքը: «Մենք դեռ շատ պետք է աշխատենք, որ մեր երկիրն իրավական պետություն դառնա»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Մարդու իրավունքների նախկին պաշտպանի խոսքով ` առանց կնոջ որևէ ոլորտ դժվար է պատկերացնել:
Ինչ վերաբերում է միաժամանակ նաև լավ տնային տնտեսուհի լինելուն, Ալավերդյանն վստահեցրեց, որ դա ամենևին էլ դժվար չէ:
Ասուլիսի մյուս բանախոս, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով `այսօր տեղի է ունենում մի երևույթ, որը կոչվում է ինտելեկտի ֆեմինիզացում ` մասնավորապես կանայք ավելի շատ զբաղվում են գիտությամբ և մշակութային խնդիրներով, իսկ տղամարդիկ բիզնեսով: Այսինքն ` առաջանում է երկու բևեռ և Աստված չտա, եթե այդ երկու բևեռները բախվեն:
Տիկին Դանիելյանի դիտարկմամբ այսօր ինտելեկտը պահանջված չէ, որի պատճառով էլ կանայք քիչ են ներգրավված իշխանության մեջ:
Բնապահպանը տղամարդ-կին հարաբերությունների հետ կապված մի դեպք հիշեց: Ժամանակին, երբ զբաղեցնում էր բնապահպանության նախարարի պաշտոնը, հակադարձել է այն ժամանակվա վարչապետին, որի պատճառով էլ գործընկերներն ասել են. «Այ, որ ասում են, կնգա շառ, դու ես»: