«Դ!եմ եմ» -ի ձերբակալված մասնակիցը պատմում է…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կեսօրին Ֆինանսների նախարարության վարչական շենքի մոտ «Դ!եմ եմ» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները ձերբակալել էին ակտիվիստներ Հակոբ Արշակյանին, Էդուարդ Մինասյանին և Դավիթ Աղաբեկյանին բերման են ենթարկել, ինչից հետո ազատ են արձակել:

Armlur.am-ի հետ զրույցում ձերբակալվածներից ծրագրավորող Էդուարդ Մինասյանը խոսեց ձերբակալության և ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցածի մասին:

-Կպատմե՞ք, թե ինչպես տեղի ունեցավ ձերբակալությունը:

-Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ցույցի ժամանակ ոստիկանները սկսեցին ոչ ադեկտվատ պահել իրենց. փակեցին մեր դիմացը, ապա սկսեցին պահանջել, որ ազատենք ճանապարհը ՝  որպես այդպիսին անհրար դարձնելով ճանապարհի ազատումը: Դրանից հետո բռնություն կիրառելով ՝  ձերբակալեցին ինձ:

-Ձեզ ասացին, թե ի՞նչ հիմքով եք ձերբակալվում:

-Մեքենայի մեջ ինձ ներկայացրեցին ձերբակալման հիմքը ՝  հղում անելով 182-րդ հոդվածը ՝  ոստիկանության օրինական պահանջը չկատարելու մասով: Ներկայացնելու ժամանակ ձայնագրեցին, որպեսզի ունենան ապացույցներ, որ ներկայացրել են ձերբակալության հիմքերը:

-Ի՞նչ տեղի ունեցավ ոստիկանական բաժանմունքում:

-Այնուհետև մեզ ոստիկանական բաժանմունք տեղափոխեցին, որտեղ ի տարբերություն ձերբակալող ոստիկանների, ովքեր ցույց տվեցին իրենց ոչ պրոֆեսիոնալիզմը,  բավականին բարյացկամ ու պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեցին ՝  բացատրելով իմ իրավունքները: Ինչպես նաև թույլ տվեցին զանգահարել իմ իրավաբանին: Բայց մինչև իրավաբանի ժամանելը, ինձ ազատ արձակեցին:

-Կարո՞ղ եք ասել, թե մոտավորապես որքա՞ն ժամանակ մնացիք բաժանմունքում: 

-Մոտավորապես 2 ժամ 45 րոպե, 3 ժամ չէր անցել: Ոստիկանները շտապում էին, որպեսզի 3 ժամը չլրանա: Ինձ տվեցին նաև իրավախախտման վերաբերյալ գրավոր արձանագրությունը, ես այն վերցրեցի:

-Գրեցի՞ք բացատրագիր:

-Նրանք ասացին, որ կարող եմ բացատրագիր գրել, կարող եմ հրաժարվել գրելուց: Ես չհրաժարվեցի գրելուց, քանի որ համարում եմ, որ իմ գործողությունների մեջ ոչ մի գաղտնիք չկա:

-Իսկ ի՞նչ եք գրել բացատրագրի մեջ:

-Գրել եմ, որ ներկա եմ եղել խաղաղ ցույցին, փակել եմ ճանապարհը, ինչն իմ սահմանադրական իրավունքն է: Ապա ավելացրեցի, որ այնուհետև ոստիկանները պահանջել են ազատել ճանապարհը ՝  մեզ շրջապատելով ու հրելով, դրանով իսկ անհնարին դարձնելով ճանապարհի ազատումը: Ծանոթացա մեղադրանքի հետ, սակայն իմ անհամաձայնությունն արտահայտեցի ու չստորագրեցի մեղքի ընդունման փաստաթուղթը:

-Վաղո՞ւց եք մասնակցում «Դ!եմ եմ» նախաձեռնության ցույցերին:

-Ընդհանրապես ցույցերին ակտիվ չեմ, սակայն դանակն արդեն հասել է կոկորդին: Մասնակցել եմ «Դ!եմ եմ»-ի  վերջին երեք ակցիաներին:

-Կշարունակե՞ք մասնակցել «Դ!եմ եմ»-ի ակցիաներին ՝  կենսաթոշակային կուտակային նոր համակարգի վերաբերյալ անհամաձայնությունն արտահայտվելով:

-Իսկ ինչո՞ւ չպետք է մասնակցեմ:

Զրուցեց Լիլիթ Լալայանը

 

 

Լուսանկարը՝ Iravaban.net-ի




Լրահոս