ԹԵԺ ԿՐՔԵՐ՝ ԲՐՅՈՒՍՈՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանում կրքերը չեն հանդարտվում:

 

«Ժողովուրդ» օրաթերթին ահազանգում են համալսարանից, որ շուրջ 15 դասախոսի նոր ուսումնական տարում դասաժամ չեն տրամադրել: Ինչպես համալսարանից են պնդում, պատճառն ակնհայտ է. այդ դասախոսները ընդդիմադիր հայացքներ ունեն, ինչպես նաեւ դեմ են նորանշանակ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը պատմեց, որ լինելով բուհի պրոռեկտոր՝ միակ վարչական աշխատողն է, որ չունի դասաժամեր:

Դավիթ Գյուրջինյանն էլ կրճատել է մի խումբ դասախոսների դասաժամերը, փոխարենը ժամեր է տրամադրել իր «սրտի» դասախոսներին, որոնք գիտական աստիճան չունեն:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նաեւ Դավիթ Գյուրջինյանի հետ, սակայն նա մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց:

-Նոր ուսումնական տարվա համար ժամեր չեն տրվել շուրջ 15 դասախոսների, որոնք այլ՝ ընդդիմադիր հայացքներ ունեն. խոսքը միայն «ՀայաՔվե»-ին չի վերաբերում, առհասարակ ընդդիմադիր են կամ նախկին ռեկտորին են աջակից եղել: Պատահական ստացվել է այնպես, որ այդ մարդիկ ժամեր չեն ստացել:

-Այսինքն՝ շուրջ 15 դասախոս այս պահին ժամեր չունի՞:

-Այո: Ես, օրինակ, նաեւ տեղեկացա, որ Ազգային Ժողովի պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցությունից տիկին Լիլիթ Գալստյանը, որը լավագույն մասնագետներից է,   եւս ժամեր չունի՝ լինելով գիտությունների թեկնածու: Սա եւս մեկ անձի՝ Դավիթ Գյուրջինյան անուն-ազգանունով ռեկտորի որոշմամբ: Կոնկրետ իմը եւս իր որոշմամբ է եղել. դա միանշանակ:

-Իսկ ի՞նչ պարզաբանում են տալիս, այսինքն՝ հստակ ասո՞ւմ են, որ ընդդիմադիր հայացքների համար են զրկում ժամերից:

-Ոչ, նման բան, բնականաբար, չեն ասում եւ, դեռ ավելին, զրպարտություն են համարում այն, ինչի մասին մենք խոսում ենք: Ամեն մեկի համար մի պատճառ են հորինում: Օրինակ՝ իմ համար ասում են, որ ես ժամանակ չեմ ունենա աշխատելու, զբաղված եմ: Տիկին Գալստյանին ասել են, որ ոչ մեկ «0.25»-ով չի աշխատելու, բայց լիքը մարդիկ կան, որոնք հենց այդպես էլ աշխատում են: Ավելի կարճ ասած, ամեն մեկի համար մի անհիմն պատճառ մտածում են:

Երբ ես ասում եմ «ընդդիմադիր», դա պետք չի հասկանալ միայն քաղաքական ենթատեքստում: Պետք է հասկանալ նաեւ հենց իրեն ընդդիմադիր, որովհետեւ սա նաեւ անձնական վրեժխնդրություն է:

-Եթե ժամերը կրճատվել են, այդ դեպքում դասապրոցեսն ինչպե՞ս է ընթանում:

-Ժամերը չեն կրճատվել, բաժանվել են այլ դասախոսների, մարդկանց, որոնք բացարձակ որեւէ մի անգամ այդ առարկան չեն դասավանդել:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 17-ին տեղի կունենան Երեւանի ավագանու ընտրությունները: Օգոստոսի 23-ից սկսած՝ 14 քաղաքական ուժ մինչեւ սեպտեմբերի 15-ը փորձելու են համոզել երեւանաբնակներին ընտրել հենց իրենց:

Յուրաքանչյուր քաղաքական ուժ բանեցնում է իր կողմից մշակված համոզելու, գրավելու ամենատարբեր մեթոդներ օրինականության սահմաններում (երբեմն էլ՝ խախտումներով):

Gallup International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ընկերությունը  հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրին են ծանոթացել:

Հարցվածների 43,3%-ը ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կոմից առաջադրված թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի նախընտրական ծրագիրը: Երկրորդ տեղում «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանի ծրագիրն է. քաղաքացիների 15.1%-ը ծանոթացել է Մարությանի ծրագրին: Դե իսկ երրորդ տեղում էլ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանի ծրագիրն է. 14,3%-ը տեղյակ են նրա ծրագրից:

Պատասխանելով այն հարցին, թե որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կազմակերպած հանդիպումներին են մասնակցել քաղաքացիները՝ 3,4%-ը պատասխանում է, որ մասնակցել է Տիգրան Ավինյանի («Քաղաքացիական պայմանագիր»), 0,3%-ը՝ Մանե Թանդիլյանի («Ապրելու երկիր»), եւ 0,3%-ն էլ՝ Անդրանիկ Թեւանյանի («Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք) կազմակերպած հանդիպումներին:

Միեւնույն ժամանակ հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 94,6%-ը, չի մասնակցել ոչ մի հանդիպմանը:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԴԵՍՊԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւը սեպտեմբերի 7-ին հյուրընկալվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Դեսպանն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետության ԿԸՀ-ն միշտ պատրաստակամ է եղել եւ դիտորդական առաքելություն է իրականացրել Ղազախստանի Հանրապետության տարբեր ընտրությունների ժամանակ։ Նա նաեւ հույս է հայտնել, որ այդ բարի ավանդույթը կշարունակվի նաեւ հետագայում։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին եւ վստահեցրել, որ Հայաստանի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ-ների համագործակցությունը կշարունակվի նաեւ հետագայում։

Կողմերը քննարկել են նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ ներկայացուցիչների ներգրավումը որպես այցելուներ։

 

 

 

ՆՈՐ ՀԱՐՑԵՐ՝ ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ հակակառուպցիոն կոմիտեն սկսել է նախաքննական մարմին հրավիրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներին եւ նրանց փաստաբաններին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրյալներին եւ նրանց փաստաբաններին ծանուցել են ներկայանալ եւ բանավոր հայտնել քրեական գործով որոշ տվյալներ, կարճ ասած՝ զրուցել որոշ հարցերի շուրջ: Ասել է թե՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Մարտի 1-ի ողբերգական դեպքերով հարուցված քրեական գործով կոնկրետ գործողությունների է նախապատրաստվում. թե ինչ, մանրամասները կներկայացնենք առաջիկայում: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պահանջել է «Մարտի 1»-ի գործը Հակակոռուպցիոն կոմիտեից վերցնել եւ դնել իր սեղանին, որպեսզի այսուհետ հենց ինքը զբաղվի այս գործի քննության վեահսկողությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր մեկնաբանություն ստանալ այս առիթով Գլխավոր դատախազությունից, որտեղից, ի պատասխան մեր հարցադրմանը, գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր. «Մոտ տասն օր առաջ գլխավոր դատախազը գործը զեկուցելու հանձնարարական է տվել»: Նկատենք՝ Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 15-րդ տարին է: 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի տված՝ «Մարտի 1»-ը բացահայտելու խոստումը չի կատարվել, չնայած նա տարբեր առիթներով շարունակում է ասել, թե այն, իր կարծիքով, բացահայտված է: Ոչինչ էլ թերեւս չի բացահայտվել:

 

 

 

Ո՞ՒՄ ԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ

GALLUP International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների վերաբերյալ «Քաղաքապետի վկաները» խորագրով հարցման արդյունքները։ Այս հարցումն իրականացվել է սեպտեմբերի 5-6 ընկած ժամանակահատվածում հեռախոսազանգերի միջոցով. հարցվածների քանակը՝ 800։

Հարցին, թե որ կուսակցությանը կամ դաշինքին են պատրաստվում քվեարկել Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում, հարցվածները պատասխանել են հետեւյալ կերպ՝

  1. ՔՊ-16.3,
  2. Հայկ Մարության-11.8,
  3. Անդրանիկ Թեւանյան-5,1։

 

 




Լրահոս