ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ՝ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի են ունեցել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ կոնգրեսական լսումներ, որին մասնակցել է նաեւ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է Արցախի 120.000 տեղաբնիկ քրիստոնյա հայերի ցեղասպանության մեջ մեղսակցության համար։ Օկամպոն նաեւ նկատել է՝ նախագահ Բայդենը կամ պետքարտուղար Բլինքենը կարող են Ալիեւից պահանջել անմիջապես եւ անվերապահորեն վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, եթե ոչ, ապա Ալիեւին համարեն ցեղասպանության համար պատասխանատու, ինչն, իհարկե, բազմաթիվ հետեւանքներ կունենա։

 

Նշենք նաեւ՝ Օկամպոն հանգամանորեն հակադարձել է այն փաստարկներին, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները կարող են խոչընդոտվել, եթե Արցախում իրականացվող քաղաքականությունը պատշաճ կերպով բնութագրվի որպես ցեղասպանություն՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի 260-օրյա շրջափակումը: «Բանակցությունը ցեղասպանի եւ նրա զոհերի միջեւ է։ Դուք չեք կարող բանակցություններ հայցել Հիտլերի եւ Օսվենցիմում գտնվող մարդկանց միջեւ: Դա բանակցություն չէ։ Դուք պետք է դադարեցնեք օսվենցիմը, ապա քննարկեք բանակցությունները: Եվ կարծում եմ՝ այստեղ է գաղտնիքը։ Հաշվի առնելով, որ նախագահ Ալիեւը ցեղասպանություն է իրականացնում եւ փորձում է ժխտել ցեղասպանությունը, ապա ցեղասպանությունը ժխտելուն ուղղված ԱՄՆ-ի քաղաքականությունը կարող է մեղսակցություն համարվել»,-հայտարարել է Օկամպոն։

Արձագանքելով միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետին՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է? «Այսօրվա լսումները նախագահ Բայդենի եւ հանրության ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքին, որ, համաձայն ցեղասպանության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի ոգու եւ տառի, նա մեղսակից է Արցախի 120.000 բնիկ քրիստոնյա հայերի դեմ Ադրբեջանի ցեղասպանությանը։

Հավելենք, որ լսումների ժամանակ ելույթ է ունեցել նաեւ Կոլումբիայի համալսարանի Արցախի վայրագությունների ծրագրի տնօրեն եւ Ջորջթաունի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիպսը, որը նույնպես քննադատել է ԱՄՆ նախագահին, ներկայացրել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական վայրագությունները եւ Ադրբեջանի ու դրա բարձրագույն ղեկավարության դեմ ամերիկյան կոնկրետ պատժամիջոցների կիրառման կոչ է արել։ Ֆիլիպսը քննադատել է միջազգային հանրությանը Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու համար՝ նկատելով. «Միջազգային հանրությունը չկարողացավ պատժամիջոց կիրառել 2016 եւ 2020 թվականների պատերազմներից հետո՝ հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ: Միջազգային հանրության այդ ձախողումն ուղերձ էր Ադրբեջանի կառավարությանը, որ նա կարող է գործել անպատիժ եւ խուսափել մարդկության դեմ իր հանցագործությունների, էթնիկ զտումների ու ցեղասպանության համար պատժից»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ամերիկահայ համայնքի մոբիլիզացիայի միջոցով շարունակում է ամերիկյան իշխանության գործադիր թեւի վրա ճնշումը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման, Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձեւի պահանջների վերականգման, Հայաստանին ու Արցախին ամերիկյան շոշափելի օժանդակության եւ այլ ուղղություններով։

 

 

 

ԱՐՑԱԽԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆ

Երեկ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառու ուղեկցողների հետ միասին անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  միջնորդությամբ եւ ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Արցախի առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ «Արեւիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 5-ը գտնվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 91 հիվանդ, 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

 

 

 

ՄՈՒՏՔ՝ ԱՌԱՆՑ ՎԻԶԱ

Կառավարությունը սեպտեմբերի 7-ի նիստում Պանամայի Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին որոշում կայացրեց:

Նշենք, որ Պանամայի կողմից միակողմանի հանված է վիզային պահանջը մոտ 40 պետությունների, այդ թվում՝ նաեւ Հայաստանի պարագայում։

Հարկ է նշել, որ Հայաստանն ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրերով առանց մուտքի վիզայի ռեժիմ ունի Հարավային Ամերիկայի մի շարք երկրների, մասնավորապես՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի եւ Էկվադորի հետ, ինչպես նաեւ կնքել է դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկայի եւ Չիլիի հետ:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ «ՍԱԴՐԻ՞Չ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին ոչ կոռեկտ է արտահայտվել Հայաստանի հետ կապված իր խոսքում։

«Ժողովուրդ» օրսաթերթի փոխանցմամբ՝ Թուրքական  Anadolu-ի կայքը հայտնում է, որ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով տարածաշրջանում կայունությանը վտանգող մարտահրավերներին,  անդրադարձ է կատարել նաեւ Հայաստանին։

Էրդողանը պնդել է, թե Կովկասում գլխավորապես Հայաստանի «սադրիչ» պահվածքի պատճառով հավասարակշռությունների զգայունությունը պահպանվում է։

 

 

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ «Գելափ»-ը շարունակում է նոր հարցումներ իրականացնել:

Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ասուլիսում ներկայացրեց հարցման արդյունքները, որն իրականացվել է սեպտեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում:

«Մասնակցելո՞ւ եք արդյոք Երեւանի ավագանու ընտրություններին» հարցը. այս հարցին քաղաքացիների 55.3 տոկոսը պատասխանել է, որ միանշանակ մասնակցելու է։ Նույն հարցին քաղաքացիների 14.5 տոկոսը պատասխանել է՝ ավելի շուտ այո , 7.8 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, միանշանակ ոչ՝ 19.3 տոկոսը, իսկ 3.3 տոկոսն էլ դժվարացել է հարցին պատասխանել:

 

 

 

ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից տեղեկանում է, որ ակտիվացրել է պարեկային գործունեությունը Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանամերձ տարածքներում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։

«Տեղում մեր ներկայության միջոցով նպատակ ունենք նպաստել լարվածության թուլացմանը եւ իրավիճակի մասին անաչառ զեկույց ներկայացնել ԵՄ-ին»:

Նկատենք՝ երեկ՝ Կառավարության նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում էականորեն սրվել է, եւ պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի եւ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով:

Փաշինյանի կարծիքով՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար:

Հավելենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոսի Հանրապետություն հետաձգվեց: Պատճառը սահմանային իրավիճակի սրումն է. հայտնել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասը:

 




Լրահոս