ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Աբովյան 22ա հասցեում, 2-3 շաբաթ է, բակը քանդված  վիճակում է։ Սկզբում 2 շաբաթից ավել ջուր չկար, հետո ջրի ավելորդ կորստի պատճառով քանդեցին բակը ծայրից ծայր, փոխեցին խողովակները եւ թողեցին այս վիճակում։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը եկավ, շրջեց, ըստ իրեն, ծանոթացավ աշխատանքներին։ «Ժողովուրդ» օրաթերթը, բաց չթողնելով հնարավորությունը, փորձեց Ղուկասյանից ճշտել մի քանի հարցերի պատասխաններ, սակայն նա խուսափեց որեւէ պատասխան տալ։ Հենց այդ օրվանից հետո դադարեցվեցին աշխատանքները։ «Վիոլիա ջուր»-ը անհետ կորել է, իսկ մինչ այդ նոր մեքենաներով ջանասիրաբար փորվում էր նոր արված ասֆալտը։

 

 

ՎԻԶԱ

ՀԱՐՑ. Ուզում եմ Չեխիա գնալ. որտե՞ղ ներկայացնեմ դիմում շենգենյան վիզա ստանալու համար:

Արմինե Մանուկյան (23 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Դիմորդները ներկայացնում են իրենց դիմումները Շենգենյան համաձայնագրի տարածքի այն երկրի դիվանագիտական ներկայացուցչությանը, որը հանդիսանում է հիմնական այցելության վայրը: Շենգենյան համաձայնագրի տարածքի մի քանի երկրներ այցելելու դեպքում հիմնական այցելության վայր է համարվում այն երկիրը, որտեղ այցելության ժամանակահատվածը ավելի երկար է: Եթե Շենգենյան համաձայնագրի տարածքի մի քանի երկրներ այցելելու ժամակահատվածները հավասար են, ապա հիմնական այցելության վայրը համարվում է այն երկիրը, որտեղ գտնվում է այցելության հիմնական նպատակը, օրինակ` համաժողովի մասնակցություն: Եթե հնարավոր չէ սահմանել այցելության հիմնական վայրը վերոնշյալ կերպով, ապա դիմումը ներկայացվում է Շենգենյան տարածքի այն երկրի դիվանագիտական ներկայացուցչություն, որը մուտք է գործում Շենգենյան տարածք, այսինքն` որը կայցելվի առաջինը:

 

 

Չեխիայի Հանրապետության դեսպանատուն Երեւանում

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե Չեխիայի Հանրապետությունը միակ հիմնական այցելության վայրն է, ապա դիմումը պետք է ներկայացվի Չեխիայի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն:

 

 

 

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ինձ նշանակել են  գլյուկոզայի տոլերանտության հետազոտություն: Ի՞նչ է դա նշանակում:

Արաքսյա Մելքոնյան  (54 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Գլյուկոզայի տոլերանտության հետազոտությունն իրականացվում է, երբ հիվանդը գանգատներ չունի, սակայն արյան քննությամբ գլյուկոզայի մակարդակը 6,9 մմոլ/լից բարձր է, կամ երբ հիվանդը գեր է, ճարպակալած, գանգատ չունի, մեզի մեջ գլյուկոզա չկա, բայց ինչ-որ բան կասկածվում է:

Հիվանդին տրվում է գլյուկոզայով ծանրաբեռնում. առաջարկում են 75 գրամ գլյուկոզա խմելու ձեւով, եւ 2 ժամ հետո կատարվում է արյան մեջ գլյուկոզայի քանակի որոշում: Եթե այդ ժամանակ գլյուկոզայի քանակը չի գերազանցում 7,8 մմոլ/լ-ը, համարվում է, որ պացիենտն առողջ է: Եթե այն 7,8 -11մմոլ/լ է, համարվում է, որ կա գլյուկոզայի տոլերանտության խանգարում, այսինքն՝ նախադիաբետիկ փուլն է: Իսկ եթե 11 մմոլ/լ -ից ավելի է, արդեն ախտորոշվում է շաքարային դիաբետ:

Իզմիրլյան բժշկական կենտրոն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հղիների մոտ մոտեցումն այլ է. քաղցած վիճակում գլյուկոզան արյան մեջ չպետք է գերազանցի 5,1 մմոլ/լ-ը, եւ նրանց մոտ ծանրաբեռնվածության փորձի ժամանակ պետք չէ ռիսկի դիմել. հղիներին խմեցնում են 50 գրամ գլյուկոզա եւ ստուգում են արյունը 1 ժամ հետո: Նորմայում գլյուկոզան չպետք է գերազանցի 10 մմոլ/լ-ը, եթե դրանից ավելի է, եւ եթե 2 ժամից հետո էլ 8,5 մմոլ/լ է կամ ավելի, արդեն շաքարային դիաբետ է ախտորոշվում:

 




Լրահոս