ՀՐԱՉ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիտորդ մարմինները պարբերաբար ահազանգեր են հնչեցնում, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ավագանու ընտրությունների քարոզարշավը վարչական մեծ ռեսուրսի կիրառմամբ եւ բազմաթիվ խախտումներով է ընթանում:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը պնդում է, թե բացառում են խախտումները, իսկ նրանք, ովքեր քարոզարշավին «մարդ բերելու» հրահանգ կստանան, թող դիմեն ՔՊ-ի նախընտրական շտաբ:

-Այդ ամենը մեկնաբանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը, հորդորել են բոլոր այն քաղաքացիներին, որոնք նման հրահանգ կամ ուղղորդվածություն կստանան, դիմեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբին: Մենք բացառում ենք, չեն ընդունում, մերժում ենք նման դեպքերը: Մեզ համար անընդունելի է նման  գործելաոճը՝ մարդկանց բերել հանրահավաքների, նրանց դրդել ինչ-որ բան անել եւ այլն:

-Չնայած նախընտրական շտաբը հերքում է, սակայն համացանցում տարածվում են տեղեկություններ, որ մի քանի օր առաջ մանկապարտեզի տնօրենը հարձակվել էր դիտորդի վրա, նրա բեյջը խլել էր եւ այլն, այսինքն՝ նման դեպքեր, այնուամենայնիվ, լինում են: Սա ի՞նչ է այդ դեպքում:

-Նման արարքները, առհասարակ, դատապարտելի են, որեւէ մեկի հանդեպ կատարված ոտնձգությունը, իհարկե, դատապարտելի է. դա չի քննարկվում: Իսկ Ձեր նախորդ հարցի հետ կապված՝ կարող եմ ասել, որ, բնականաբար, չեմ բացառում, որ տեղի ունեցած լինի «արջի ծառայության» մատուցում: Հնարավոր է, որ լինեն այնպիսի մարդիկ, որ փորձեն իրենց նախաձեռնությամբ, օրինակ, հաճոյանալ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, շտաբին եւ փորձեն շատ մարդ ապահովելու համար  գնան եւ այդպիսի քայլերի դիմեն, բայց նախընտրական մեր կենտրոնական շտաբը դիմել է օրինապահ մարմիններին, որպեսզի ուսումնասիրեն այդ տեսագրությունը:  Բնականաբար, բոլոր այն մարդիկ, որոնք հանցանք կամ զանցանք են գործել, պետք է պատժվեն:

-Պարո՛ն Հակոբյան, օրերս նախարար Անահիտ Ավանեսյանը  եւ իր տեղակալը մասնակցում էին քարոզարշավին. սրան Դուք ինչպե՞ս եք վերաբերվում: Նախարարը, հերիք չէ, մասնակցում է, դեռ մի բան էլ իր օգնականին է բերում քարոզարշավի:

-Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, մեր կուսակցությունով ենք մասնակցում քարոզարշավին, ես էլ պատգամավոր եմ, եւ ես էլ ինքս մասնակցում եմ  քարոզարշավին: Ինչո՞ւ Ձեզ համար կասկածելի չէ իմ մասնակցելը, բայց Անահիտ Ավանեսյանի մասնակցելը կասկածելի է: Իր տեղակալն էլ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, եւ մենք քարոզարշավն անցկացնում ենք մեր կուսակցությունով եւ պատասխանատվությունը կրում ենք մեր թիմով: Սա թիմային աշխատանք է:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԹԵԺ Է

«Խնդրում եմ՝ տեղեկացնեք՝ վերջին 5 տարիների ընթացքում ծառայողական մեքենաների թվի փոփոխության ինչ միտում եք արձանագրել Հայաստանում»,- սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

 

Պատգամավորը պարզաբանեց, որ ցանկանում է իմանալ, թե 2018 թվականի եւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ քանի ծառայողական մեքենա  է եղել Հայաստանում:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ փոխնախարարը հայտնեց, որ այդ թվերն առկա են կառավարության համապատասխան որոշումներում:

«Կարելի է բացել եւ նայել: Հիմա այս ամբողջ օրենքի նախագծի իմաստը հետեւյալում է, որ լիազորող նորմ սահմանվի, որպեսզի կառավարությունը կարողանա միասնական որոշմամբ այդ չափորոշիչները սահմանել: Եթե հստակ, կոնկերտ թիվ եք ուզում, այս պահին չեմ կարող ասել, բայց եթե կառավարության համապատասխան որոշումը բացեք, կկարողանաք ծանոթանալ թվերին»,- պատասխանեց Արմեն Սիմոնյանը:

Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Պարո՛ն Սիմոնյան, թե ինչ կարող եմ անել, հավատացնում եմ Ձեզ, որ բավականին լավ գիտեմ»:

Փոխնախարարն ընդհատեց՝ ասելով. «Ես հուշում եմ ուղղակի»:

«Հուշելը պահե՛ք ձեզ. Դուք այստեղ ԱԺ-ում եք գտնվում, ոչ թե ԽԹծ-ում: Պարո՛ն Արշակյան, խնդրում եմ, զեկուցողին ասեք՝ մի քիչ հարգանք դրսեւորի»,- հայտարարեց Խաչատրյանը:

Նշենք նաեւ, որ նիստը վարող Հակոբ Արշակյանն էլ ասաց, որ իրեն չպետք է ասեն, թե ինքը ինչ անի:

«Ուրեմն Ձեր ներկայացուցիչն է, իրեն ասեք, որ ինձ չասի, թե ես ինչ անեմ: Ես խնդրում եմ, առաջինից երկրորդ ընթերցում այդ թվերը բացե՛ք եւ ներկայացրե՛ք»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Հակոբ Արշակյանն էլ կոչ արեց հարց ու պատասխանի ժամանակ կոռեկտություն ցուցաբերել եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում անցկացնել քննարկումը:

Հավելենք, որ ԱԺ նիստում ««ԱԺ կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նշեց, որ հայ պատգամավորներին անձեռնմխելիությունից կզրկեն նաեւ ԱԺ արտահերթ նիստերում։

Մասնավորապես, գործող կանոնների համաձայն՝ քրեական գործ հարուցելու կամ պատգամավորին ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն կարող է ներկայացվել միայն Ազգային ժողովի հերթական նիստում:

«Այժմ նման որոշումներ կարող են ընդունվել նաեւ արտահերթ նիստերի ընթացքում».-պարզաբանեց Հակոբյանը:

 

 

 

ՈՐՊԵՍ «ԳԼԽԱՔԱՆԱԿ» ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԵՆ ՏԱՆՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը մարդկանց կամավոր-պարտադիր սկզբունքով, որպես «գլխաքանակ», քարոզարշավի է տանում. մի երեւույթ, որ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր ընդդիմադիր եղած ժամանակ: Սեպտեմբերի 7-ին այդ խայտառակությունը բացահայտեց բլոգեր Արթուր Չախոյանը, երբ մտել էր Երեւանի Նոր Նորքի առաջին զանգվածում հավաքված քաղաքացիների միջեւ, ներկայանում էր ՔՊ շտաբից՝ հետաքրքրվելով, թե քանի հոգով որ կառույցից են ներկայացել հավաքին: Պարզվեց՝ մեծամասնությունը «բերովի» մարդիկ էին՝ տարբեր հաստատությունների, համայնքային այլ կառույցների աշխատակազմերի ուղղորդմամբ: Այս առիթով «Անկախ դիտորդ» դաշինքը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին երկու հաղորդում է ուղարկել, երկուսն էլ՝ պետական ու համայնքային կառույցների աշխատողներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքներին բերելու պարտադրանքի մասին վկայող նյութերով։ «Ականատես» դիտորդական առաքելությունն էլ հայտարարել է, որ իրենց դիտորդների կողմից նմանատիպ այլ դեպքերի պարբերաբար արձանագրումը վկայում են իշխող ուժի կողմից վարչական լծակների լայնածավալ եւ համակարգային չարաշահման մասին։ «Այս գործելաոճն ամբողջովին խեղաթյուրում է ընտրական արդար եւ հավասար մրցակցային պայքարը, ինչպես նաեւ անթույլատրելիորեն խոչընդոտում ընտրողների ազատ կամքի իրացումը։ Ավելին՝ արձանագրված դեպքը առերեւույթ կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ կամ 236-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերի հատկանիշներ»,- հայտարարել է կազմակերպությունը: «Անկախ դիտորդ» դաշինքը պահանջում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից կատարել լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ` եղելությունը ամբողջությամբ բացահայտելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հետաքրքրվեց, թե ինչ է արվել դատախազության կողմից ստացված դիմումի հետ: Պաշտոնապես հայտնեցին, որ «նյութերն ուղարկվել են ոստիկանություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու համար»: Իհարկե, հասկանալի է, թե ինչ ավարտ կունենա այս գործը՝ հաշվի առնելով, թե ով է ՀՀ գլխավոր դատախազը կամ ոստիկանությունն ընդհանրապես: Այս իրավիճակում մի հարց է մնում չպարզաբանված. եթե ՔՊ-ի՝ նկարած պաչիկներով ջերմ հոլովակների բոլոր մարդիկ բերված են, այդ դեպքում որտե՞ղ են ՔՊ-ի ընտրողները: Գուցե չկա՞ն, եւ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ պետք է իր բաժին նկարչությամբ զբաղվի:

 




Լրահոս