ՍԱՐՍԱՓԵԼԻ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 9-ի գիշերը Երեւանի կենտրոնում պայթած գերթանկարժեք հրավառությունը, որ ահաբեկել էր Երեւանի բնակիչներին, անհետեւանք չի մնացել: Իսկ ո՞վ էր դրա կազմակերպիչն ու պատասխանատուն:

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հրավառությունն իրականացրել է «Գոլդ ֆայեր» ՍՊԸ-ն, որի կազմակերպիչներին հենց այդ երեկոյան հրավիրել են ոստիկանություն եւ ենթարկել վարչական պատասխանատվության: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությանը տուգանել են ընդամենը 100 հազար ՀՀ դրամով: Իսկ ինչո՞ւ է միայն տուգանվել հրավառություն իրականացրած ընկերությունը, ինչո՞ւ իրավապահները սահմանափակվեցին միայն հրավառություն իրականացրած ընկերությանը 100.000 դրամ տուգանելով:

«Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը, որի սեփական տարածքում հնչեցին «պայթյունները», պատասխանատվության չենթարկվեց բնակիչներին ահաբեկելու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին՝ երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում, Երեւան քաղաքում ապրող բնակիչները սարսափի մեջ էին: Բանն այն է, որ սահմանային իրավիճակով լարված Երեւանի կենտրոնում, մի կողմից, Coca Cola Fest-ն էր, մյուս կողմից՝ Dvin Music Hall-ի երկնքում պայթեց ամենաճոխ եւ թանկարժեք հրավառությունը։

Նշենք, որ դեռ հունիս ամսին ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը առաջարկել էր կանոնակարգել հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումն ու առեւտրի իրականացման ոլորտը։ Այսինքն՝ եթե հրավառություն է Հայաստանում, ուրեմն դա պետք է լինի պետական կամ համայնքային նշանակության տոն օրերին՝ պետության կամ համայնքի մասնակցությամբ կարեւոր միջոցառումների ժամանակ:

Սիսակ Գաբրիելյանը հայտարարել էր. «Հարսանիքներում այլեւս հրավառություն չի լինելու. մենք փաստացի այնպես ենք անում, որ մարդիկ չկարողանան գնել հրավառություն»։

Ստացվում է, որ ՔՊ-ական պատգամավորի առաջարկն ու հայտարարությունը ոչինչ է. հրավառությունները կային եւ կան նաեւ այսօր: ՔՊ-ն անկարող է իշխանավարել:

Նշենք նաեւ, որ, ըստ մամուլում հրապարակված լուրերի, «Դվին»-ում հարսանեկան արարողություն իրականացրել են ռուսաստանաբնակ հայեր՝ ծնունդով Ախալքալաքից եւ Մարտունուց։ Ամուսնացել է ախալքալաքցի Էդգար Վահրադյանը։ Երգել են «Հայաթ Փրոջեքթ»-ը, Արկադի Դումիկյանը, Անաստասիա Բրուխտին։ Հյուրերի շարքում եղել է նաեւ երգիչ Ռազմիկ Ամյանը։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԳԱՂՏՆԱԼՍՄԱՆ ԳՈՐԾԸ՝ 5 ՏԱՐԻ ԱՆՑ

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում վերսկսվել է Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկինում քննիչները չբացահայտված քրեական գործերը կասեցնում էին. հիմա ամեն ինչ այլ է:

 

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հստակ սահմանում է, որ կա՛մ քրեական վարույթը կարճվում է, կա՛մ որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում եւ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվում։ Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այլեւս չբացահայտված քրեական վարույթների կասեցման իրավական ընթացակարգ չի նախատեսում: Եթե նախկինում քննիչները քրեական գործերը կասեցնում էին ու գցում տարիներով իրենց «սեյֆերում», ապա հիմա պետք է քննությունը շարունակեն:

Հիշեցնենք, որ 2018-ի սեպտեմբերի 11-ին համացանցում էր հայտնվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը, որը հետագայում կարճվեց` հանցակազմի բացակայության հիմքով, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցված էր: Այժմ կվերսկսվի այս մասով քննությունը: Թե ինչ ավարտ կունենա, թերեւս դժվար չէ կանխատեսել:

Նկատենք, որ սկանդալային գաղտնալսման ձայնագրությունից անցել է 5 տարի. ի՞նչ ունենք ԱԱԾ նախկին տնօրենի, ՀՔԾ պետի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնալսման դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 5 տարվա ընթացքում նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, իրականացվել են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, միջազգային կառույցներին դիմումներ են ուղարկվել, սակայն ՀՀ քննչական կոմիտեն այդպես էլ 5 տարվա մեջ չբացահայտեց գործը. այն Քննչական կոմիտեում դասվեց չբացահայտված գործերի շարքին: Քրեական գործով 5 տարի անց չկա ո՛չ մեղադրյալ, ո՛չ կասկածյալ եւ ո՛չ էլ հետախուզվող: Ասել է թե՝ քննիչները անգամ չկարողացան բացահայտել իրենց ղեկավարին գաղտնալսած անձին, ուստի այստեղ կասկածի տակ է պետք դնել ոչ միայն ՀՀ քննիչների ունակությունը, այլեւ կասկածներ հայտնել հայրենի իրավապահ համակարգի կարողության մասին:

Ք.ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԽՄԲԱԿԱՅԻՆ ԾԵԾ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ուշագրավ դեպք է տեղի ունեցել Էջմիածին քաղաքի համար 1 սուպերմարկետի հարակից տարածքում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վիճաբանություն է եղել նույն քաղաքի բնակիչների միջեւ, որի ընթացքում տղամարդիկ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի ընթացքում նրանցից մեկը՝ 2004 թվականին ծնված երիտասարդը, դանակով հարվածել է մյուսին, ինչի հետեւանքով վիճաբանողներից երկուսը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։

Բնակիչները ահազանգել են իրավապահներին, ու դեպքի վայր են շտապել շտապօգնության աշխատակիցները եւ երկու անձի տեղափոխել են Վաշարշապատի հիվանդանոց։ Մեզ հայտնի դարձավ, որ դանակահարված տղամարդկանցից մեկի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ մյուսի վիճակը ծանր է։ Իսկ ի՞նչն է եղել դանակահարության պատճառը։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ վիճաբանողները ծանոթներ են եղել, կատակներ են արել միմյանց հասցեին, որոնցից մեկին կատակը դուր չի եկել, հնչել է հայհոյանք, ինչից հետո ծեծել ու դանակահարել են միմյանց։

 

 

 

 

ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սերգո Մաշակարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային կազմի պահեստազորային, պարտավոր լինելով մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 02.02.2023 թվականի թիվ 122-Ն որոշմամբ հայտատարված՝ 2023 թվականի ապրիլի 11- ից մինչեւ մայիսի 5-ն անցկացվող 25-օրյա վարժական հավաքին, Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Սպիտակի բաժանմունքի կողմից 04.03.2023 թվականին պատշաճ ծանուցված լինելով տարածքային ստորաբաժանում ներկայանալու մասին, վարժական հավաքներին մասնակցելու համար չի ներկայացել Լոռու մարզի տարածքային ստորաբաժանում եւ չի մեկնել վարժական հավաքի:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀՐԱՎԻՐՎԵՑ ԱԱԾ

Սեպտեմբերի 11-ին Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանը՝ որպես վկա, հարցաքննության է ծանուցվել ԱԱԾ քննչական դեպարտամենտ։

Ազգային-Ժողովրդավարական բեւեռի  մամուլի ծառայությունից հայտնում են՝ հարցաքննության առիթը եղել է Ժ. Սէֆիլյանի այն հայտարարությունը, որ առկա են լուրեր՝ Հայաստանում վագներականների գտնվելու եւ ազգային անվտանգության համար սպառնալիք լինելու մասին:

 

 

 




Լրահոս