Երևանի ավագանու ընտրություններից հետո իսկական փակուղային իրավիճակ է ստեղծվել ավագանիում. Երևանը փաստացի այս պահին քաղաքապետ չունի:
Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրության նախնական արդյունքներով ավագանու կազմ անցած ուժերից որևէ մեկը չունի մեծամասնություն և չի կարող ստանձնել քաղաքապետի պաշտոնը:
Այսպիսով՝ ընտրության նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է ձայների 32,5 տոկոսը, «Ազգային առաջընթաց»-ը՝ 18,9 տոկոսը, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15,4 տոկոսը, «Հանրապետություն»-ը՝ 11,3 տոկոսը, «Հանրային ձայն»-ը՝ 9,7 տոկոսը։
Հետևաբար՝ Երևանի ավագանու 65 մանդատներից 24-ը կստանա «Քաղաքացիական պայմանագիր»-ը, 14-ը՝ «Ազգային առաջընթաց»-ը, 12-ը՝ «Մայր Հայաստան»-ը, 8-ը՝ «Հանրապետություն»-ը և 7-ը՝ «Հանրային ձայն» կուսակցությունը։
Հոկտեմբերի 10-ին՝ գործող ավագանու լիազորությունների ավարտի օրը, նորընտիր ավագանին պետք է գումարի առաջին նիստը, եթե որևէ քաղաքական ուժ չունի 50+ մանդատ, ապա այդ դեպքում արդեն ավագանին պետք է երկշաբաթյա ժամկետում ընտրի քաղաքապետ:
Եթե այս 2 շաբաթվա ընթացքում ավագանու անդամները չկարողանան համաձայնության գալ ու ընտրել քաղաքապետի, կնշանակվեն նոր ընտրություններ։
ArmLur.am-ի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանը, խոսելով իրավիճակից ելքերի մասին, նշեց, եթե ընդդիմադիրներն այս փուլում համաձայնության չգան և քաղաքապետ չընտրեն, ապա երկրորդ փուլով իշխող ուժի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը կընտրվի՝ պարզ մեծամասնական ընտրակարգով:
«Նոր ընտրությունների դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Տիգրան Ավինյանին կառաջադրի քաղաքապետի թեկնածու, դիցուք՝ մյուս երեք քաղաքական ուժերը թեկնածու չեն առաջադրում, երկրորդ փուլով ոչ պակաս, քան 40 % ձայն է անհրաժեշտ ընտրվելու համար, եթե մեկ թեկնածու է առաջադրված, իսկ ՔՊ-ն և «Հանրապետություն»-ը միասին մոտ 49 % ձայն ունեն՝ 32 մանդատ, երկրորդ փուլով այս երկու կուսակցությունները կքվեարկեն և Տիգրան Ավինյանը կանցնի: Մյուս երեք խմբակցություններից կլինեն մարդիկ, ովքեր չեն մասնակցի, ՔՊ-ն «Հանրապետության» հետ կընտրի քաղաքապետ՝ պարզ մեծամասնական կարգով: Ես իրավական ուղին եմ ասում, իսկ թե ի՞նչ տեղի կունենա, ինչ կբանակցեն, մենք չենք կարող ասել»,-ասաց Վարդան Այվազյանը:
Սահմանադրագետը պնդում է, որպեսզի Ավինյանը քաղաքապետ չդառնա, ապա ընդդիմադիրների բացառիկ և միակ շանսն այն է, որ առաջին փուլով իրենք իրենց 33 % մանդատով քաղաքապետ ընտրեն.
«Եթե չարեցին, ուրեմն Ավինյանը շատ հեշտ կդառնա քաղաքապետ: Մի դեպքում ՔՊ-ն քաղաքապետ չի ունենա, եթե առաջին փուլով 33 մանդատով իրենց թեկնածուին ընտրեն:
Սա ընդդիմադիրների միակ շանս է, ընտրությունների երկրորդ փուլով Տիգրան Ավինյանը կանցնի»,-հավելեց զրուցակիցը:
Քրիստինա Մուշեղյան