Երևանի ընտրատարածքային ընտրական բոլոր տասը հանձնաժողովները, ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1․ կետի պահանջով, այսօր՝ ժամը 11։00-ին, արտահերթ նիստ են գումարել և վիճակահանությամբ որոշել իրենց սպասարկման տարածքի այն երեք տեղամասերը, որոնցում պետք է վերահաշվարկ իրականացնեն։
ՀՀ ԸՕ վերը նշված դրույթը սահմանում է․ «Քվեարկությունից հետո երկրորդ օրը՝ ժամը 11:00-ին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով իրականացված վիճակահանությամբ, պատահականության սկզբունքով, ընտրում է իրենց սպասարկման տարածքում գտնվող երեք ընտրական տեղամաս, որտեղ գրանցված քվեարկության արդյունքները պետք է վերահաշվարկվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողﬕց։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում 10-ից պակաս ընտրական տեղամասերի առկայության դեպքում պատահականության սկզբունքով վերահաշվարկ իրականացվում է միայն մեկ ընտրական տեղամասում:
Վերահաշվարկի դիմումով և վիճակահանության արդյունքով ընտրված ընտրական տեղամասերի համընկնման դեպքում լրացուցիչ վիճակահանություն չի իրականացվում: Վիճակահանությամբ ընտրված ընտրական տեղամասերի վերաբերյալ գրանցամատյանում կատարվում է գրառում»։
Բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վիճակահանությամբ ընտրել են երեքական տեղամասեր, որոնցում վերահաշվարկ պետք է իրականացնեն։
ՀՀ ԸՕ 50-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները սեփական նախաձեռնությամբ կարող են վերահաշվարկել այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց արձանագրությունների ուսումնասիրմամբ (այդ թվում՝ անճշտությունների ուսումնասիրմամբ) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ծագել են արդյունքների սխալ ամփոփման վերաբերյալ կասկածներ։
Ըստ այդմ, սեփական նախաձեռնությամբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վերահաշվարկներ կիրականացնեն թիվ 1 ընտրատարածքում թվով 1, թիվ 2 ընտրատարածքում թվով 3, թիվ 3 ընտրատարածքում թվով 3, թիվ 4 ընտրատարածքում թվով 8, թիվ 6 ընտրատարածքում թվով 2, թիվ 7 ընտրատարածքում թվով 3, թիվ 8 ընտրատարածքում թվով 10, թիվ 9 ընտրատարածքում թվով 3 և թիվ 10 ընտրատարածքում թվով 6 տեղամասերում։ Երևանի 10 ընտրատարածքային հանձնաժողովներից վերահաշվարկի դիմում առկա է միայն թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում՝ մեկ դիմում։ Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն՝ վերահաշվարկի աշխատանքները կսկսվեն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 14։00-ին, և պետք է ավարտվեն մինչև սեպտեմբերի 22-ը՝ ժամը 14։00-ն։
Վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա լինել յուրաքանչյուր կուսակցությունից մեկական վստահված անձ և թեկնածու, ինչպես նաև դիտորդական առաքելության և ԶԼՄ ներկայացուցիչներ։ Վերահաշվարկի աշխատանքները ևս կհեռարձակվեն ԿԸՀ կայքում։