Կառավարությունը էշի ականջում քնած է.«Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է `

Փաբերի, էլեկտրոնային էջերի, և, առհասարակ, շնորհանդեսների մեծ սիրահար վարչապետ Տիգրան Սարգսյանն ու իր ենթակաները, ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ Ապարանում կառուցվող ՀԷԿ-ի շուրջ ծագած խնդրի լուծմանն անմասն են: Մինչ նրանք կպատրաստվեն խնդիրը քննարկել, մեկ այլ կառույց, որի գործառույթների մեջ բացարձակապես չի մտնում սա, զբաղված է հարցի լուծմամբ: Խոսքը ոստիկանության մասին է. ոստիկանապետ Վովա Գասպարյանի աշխատասենյակում գյուղապետերը, գյուղացիներն ու շինարարները քննարկել են խնդիրը և վերադարձել մարզ: Մինչդեռ ընդամենը մեկ օր առաջ ոստիկանների ու գյուղացիների միջև տեղի էր ունեցել բախում, և վերջիններս հետապնդվել ու բերման էին ենթարկվել:

Հիշեցնենք, որ նախօրեին Արագածոտնի մարզի 6 գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել էին Երևան-Վանաձոր մայրուղին: Օհանավան, Կարբի, Նոր Երզնկա, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան գյուղերի բնակիչները պահանջում էին դադարեցնել Ապարանի ջրամբարի հաշվին կառուցվող ՀԷԿ-ի շինարարությունը, որի պատճառով «Դեմիրճյանի այգիները» կչորանան: Բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ էր գրանցվել  ոստիկանների ու ակտիվիստների միջև: Ենթադրվում էր, որ  ոստիկանապետի մոտ հանդիպման խնդրո առարկան եղել է ոստիկանական գործողությունների օրինականությունն ու գյուղացիների պահվածքը, բայց պարզվեց՝ քննարկվել են նաև ՀԷԿ-ի կառուցման հետևանքներն ու այլընտրանքային լուծումներ առաջարկվել: Գյուղացիներն ու շինարարները, մի քանի տարբերակ ի մի բերելով, գոհ ու երջանիկ հեռացել են իրավապահ հիմնարկից:  Եվ մինչ նրանք կհասնեին իրենց գյուղերը, Արմեն Գևորգյանը, որի գերատեսչությունում պիտի լիներ նույն խումբը, հաղորդագրություն էր տարածում, որ համապատասխան հանձնաժողով են կազմել և առաջիկա 10 օրվա ընթացքում քննարկելու են հարցը: Իսկ մշտապես ջղագրգիռ վիճակում գտնվող գյուղնախարար Սերգո Կարապետյանն իր ողջ «հմայքով» դրսևորվել էր Երևան-Վանաձոր մայրուղում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ: Թե ինչու ուժային կառույցում և ոչ թե Սերգո Կարապետյանի, Արմեն Գևորգյանի, Արմեն Մովսիսյանի կամ Տիգրան Սարգսյանի աշխատասենյակում, փորձեցինք ճշտել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից, ով գլխավորել էր ոստիկանություն ժամանած «պատվիրակությունը»: Պարզվեց ՝ ոստիկանությունում գտնվելու 4 ժամը բացասաբար է անդրադարձել մարզպետի հիշողության վրա: «Չէ, չէ, էդ հարցը չենք քննարկել, լրիվ ուրիշ հարց ենք քննարկել, անձնական ա, անձնական»: Մեր դիտարկմանը ՝ եթե անձնական է, հնարավո՞ր է, որ իր կիսակառույց շենքում հայտնաբերված գազի բալոնների ու պայթյունի նախապատրաստման հարցն է քննարկվել (անհայտ անձը մի քանի օր առաջ փորձել էր պայթեցնել մարզպետի տունը): Մարզպետը շարունակեց. «Չէ, դա էլ կապ չունի, լրիվ ուրիշ հարց էր»: Մասնակիցներից մեկը պատմեց, որ ոստիկանապետի մոտ քննարկվել է հենց ՀԷԿ-ի կառուցման հարցը, գյուղացիներից մեկը շինարարներին առաջարկել է մի այլընտրանքային տարբերակ, որը շինարարները խոստացել են առաջիկա օրերին քննարկել: Իսկ ոստիկանության լրատվականից մեզ պատասխանեցին, որ Արագածոտնի մարզային ղեկավարության հետ ընդամենը խոսվել է մասնագիտական ոլորտից՝ հասարակական կարգը պահպանելու, բողոքի նման կտրուկ միջոցներից ձեռնպահ մնալու հարցերը: Ստացվում է ՝ խնդիրների լուծման փոխարեն նախ փորձում են կանխել մարդկանց արդարացի բողոքն ու դժգոհությունը, մինչդեռ եթե պատասխանատուները ամեն պատահած ու անկարևոր միջոցառումներին մասնակցելու փոխարեն իրենց բուն պարտականությունները կատարեն, պայքարի «կտրուկ միջոցներն» ինքնըստինքյան կկանխվեն:

Շարունակությունը ` «Հրապարակ»-ի այսօրվա համարում




Լրահոս