Ի՞նչ են երեկ բանակցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները Եվլախում. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Եվլախում տեղի ունեցավ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ ArmLur.am-ը զրուցել է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի հետ։

Պարո՛ն Բաբայան, երեկ Եվլախում տեղի ունեցավ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Ինչպե՞ս են ընթացել այս բանակցությունները, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել կողմերը:

– Բանակցությունները դեռ կշարունակվեն։ Ամենակարևորը՝ ընդգծվել է, որ խաղաղ պայմաններում դրանք պետք է ընթանան։ Այսինքն, պետք է պատերազմական գործողություններից զերծ մնան, տեսնենք, ստացվո՞ւմ է այդպես, թե՝ ոչ:

-Ընդհանուր առմամբ արդյունավետ կգնահատե՞ք այդ բանակցությունները:

-Արդյունավետ էր, թե անարդյունավետ, դա ցույց կտա ժամանակը: Պետք է տեսնենք, թե ի՞նչ արդյունքների է հանդիպումը բերում, նոր հասկանանք՝ արդյունավե՞տ էին դրանք, թե՞ ոչ:

-Իսկ օր որոշվա՞ծ է, երբ պետք է շարունակվեն բանակցությունները:

-Դեռ ոչ:

-Պարո՛ն Բաբայան, Ստեփանակերտում մնացած բնակիչներն ի՞նչ վիճակում են հիմա: Նրանց մի մասը Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում է հավաքվել՝ առանց սննդի, ջրի, ի՞նչ է կատարվում այդտեղ:

-Մարդկանց մի մասը հավաքվել է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, բաց հո Ստեփանակերտից Երևան թռիչքներ չե՞ն իրականացվում տրանսպորտային ինքնաթիռներով կամ ուղղաթիռներով, որ այդ մարդկանց տարհանեն, տարհանման հարց դեռ չկա: Մեր ժողովրդի մեծամասնությունը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, բայց սա այլ խնդիր է, այս պահի դրությամբ պետք է փոքր-ինչ թեթևացնենք իրավիճակը։ Կենցաղային առումով իսկապես վիճակը շատ բարդ է, ունենք հազարավոր տեղահանվածներ, փախստականներ, զոհեր վիրավորներ, պետք է հոգանք հազարավոր փախստականների, տեղահանվածների կարիքները: Կան վիրավորներ, զոհեր, անհայտ կորածներ, մարդիկ կան, ովքեր շրջափակման մեջ են։ Այստեղի բնակչությունը, փաստորեն, պաշարված է, այս հարցերը պետք է լուծենք:

զրուցեց Քրիստինա Մուշեղյանը




Լրահոս