Ո՞ՐՆ ԷՐ ՊՈՒՏԻՆԻ ՏՈՂԱՏԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը փոխանցում է, որ  ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը  գրել է, որ դեռեւս ուշ չէ, եւ հայտնի ճշմարտություն է այն, որ իրական քաղաքականությունը տողատակերում է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա հայտարարության տողատակերից անձամբ ես հասկանում եմ հետեւյալը. եթե պաշտոնական Երեւանը ինչ-որ կերպ հետ վերցնի կամ գոնե խմբագրի 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (ներառյալ Արցախը) ճանաչելու հայտարարությունը, ապա Ռուսաստանը պատրաստ կլինի կրկին վերադառնալ Արցախի կարգավիճակի հարցին:

 

Ես կարծում եմ նաեւ, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամը պատճառ կհանդիսանա, որ ԱՄՆ եւ ԵՄ մի շարք երկրներ եւս վերադառնան Արցախի կարգավիճակը փակված չլինելու հարցին, եթե Նիկոլը հրապարակային բացատրի, որ իրեն ճիշտ չեն հասկացել, կամ որ դա Հայաստանի կողմից չվավերացված եւ միայն կառավարության ղեկավարի բանավոր հայտարարություն էր:

Ընդ որում՝ հղում անելով Արցախում ստեղծված հումանիտար աղետի ցեղասպանական հետեւանքների վրա` Նիկոլը կարող է ինքը փոխել իր հայտարարությունը եւ այն անել այլ կերպ (Վարդան Օսկանյանը ձեւակերպել է, թե ինչպես), ընդ որում՝ դա բացատրելով այն հանգամանքով, որ ակնհայտ են դարձել, որ Ադրբեջանը չի ցանկանում ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները եւ պատրաստ չէ միջազգային երաշխիքներով Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը:

Այս թեզի հակառակորդները կասեն, որ դա հղի է պատերազմի վտանգով: Պատասխանը պարզ է. իսկ, ի՞նչ է, այսօր չկա՞ պատերազմի վտանգ: Վտանգը լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի դարձել ինքնուրույն գործոն եւ հստակ չի կանգնել իր շահերի պաշտպանության գծի վրա: Այսօր գերտերություններին պետք են վստահելի գործընկերներ, ոչ թե խամաճիկային, սեփական անվտանգության հաշվին այս ու այն կողմ թռնող, աշխարհի ժամանակավոր դժվարություններից օգտվող եւ փող աշխատող անկայուն կերպարներ:

ՀայաՔվեի նախաձեռնությանն օրենսդրական ուժ տալը կարող է փրկություն լինել ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաեւ Նիկոլի համար»:

 

 

 

ՄԱՀԱՊԱՏԻԺՆ ԱՐԳԵԼՎԵՑ

Ազգային ժողովը վավերացրեց «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ըստ էության, արձանագրությունն ամրագրում է, որ մահապատիժը վերացվում է, եւ ոչ ոք չի կարող դատապարտվել եւ ենթարկվել մահապատժի, իսկ արձանագրության դրույթների որեւէ վերապահում կոնվենցիայի 57-րդ հոդվածի մասով թույլատրելի չէ։

Արձանագրության վավերացումը համահունչ է Հայաստանի՝ որպես մահապատիժը ամբողջական վերացման կողմնակից պետության քաղաքականությանը։ Ավելին՝ մահապատիժն արդեն արգելված է Հայաստանի Սահմանադրությամբ:

 

 

 

 

ՇՔԵՂ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շարունակում են պետբյուջեի հաշվին իրենց գործուղումները: Այս անգամ հերթը պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանինն է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա սեպտեմբերի 20-23-ը կմեկնի Ռեյկյավիկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար:

Պատգամավորի գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը կկատարվի պետբյուջեի հաշվին:

 

 

 

ԱԶԱՏՎԵՑ ՊԱՇՏՈՆԻՑ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ծովինար Սողոմոնյանին 2023 թվականի սեպտեմբերի 15-ից ազատել են Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

 

 

 

ԲԵՌՆԵՐԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթին ԱՀ սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 12-ին Ասկերան քաղաքով Արցախ է մուտք գործել ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության հումանիտար բեռներով:

Նախարարությունից ներկայացրին այն ապրանքատեսակների ցանկը, որը մուտք է գործել Արցախի Հանրապետություն: Մասնավորապես, բեռներում եղել են՝

Մթերքներ – 1000 հավաքածու

Մեկ հավաքածուի մեջ մտնում են՝

Արեւածաղկի ձեթ

Շաքարավազ

Ալյուր

Մակարոնեղեն

Ձավարեղեն

Տուշոնկա

Մեկ հավաքածուի քաշը՝ 11 կգ

  1. Անկողնային պարագաներ՝

270 հավաքածու

Մեկ հավաքածուի մեջ մտնում են՝

Սպիտակեղենի հավաքածու,

Բարձ,

Ծածկոց

  1. Հիգիենայի պարագաների

հավաքածու

Մեկ հավաքածուի մեջ ներառված են՝

Ատամի խոզանակներ,

Օճառներ,

Ջերմաչափ

  1. Մանկական հավաքածուներ

Մեկ հավաքածուի մեջ ներառված են՝

Կիսել,

Վիտամիններ,

Ատամի խոզանակներ,

Պյուրե

«Հումանիտար օգնությունը տրամադրվելու է մեր բնակչությանը, որի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք»,- տեղեկացնում են Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունից։

 

 

 

ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Երեքշաբթի օրը Ազգային ժողովում կայացած նիստում խորհրդարանը վավերացրել է 2019 թվականի ապրիլին Հայաստանի եւ Չեխիայի կառավարությունների միջեւ ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը։

Փաստաթուղթը ներկայացնելով՝ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշեց, որ փաստաթուղթը սահմանում է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտները, այդ թվում՝ ռազմական արտադրանքի արտադրության, ներմուծման, լիցենզավորման եւ որակի վերահսկման մասնագետների պատրաստման գործընթացը։

Համաձայնագիրը նախատեսում է նաեւ օգնություն ռազմական արդյունաբերության ոլորտում մասնագիտացած ընկերություններին եւ տեղեկատվության փոխանակմանը։

Հավելենք, որ ռազմատեխնիկական համագործակցության հայ-չեխական համաձայնագրին կողմ է քվեարկել նաեւ խորհրդարանական ընդդիմությունը։

 

 

 

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ

Հակահարձակման ընթացքում Կիեւն արդեն կորցրել է 71 հազար մարդ եւ շատ տեխնիկա, սակայն արդյունքի չի հասել։

«Այնպիսի զգացողություն է, որ «իրենց ժողովուրդը չէ, երբ նրանց նետում են մարտի»», – նշել է Պուտինը։

Նախագահի խոսքով՝ Ռուսաստանը չի կարող դադարեցնել ռազմական գործողությունները, մինչ Ուկրաինան հակահարձակում է իրականացնում։

«Արեւմտյան զենքի եւ հրթիռների, այդ թվում՝ սպառված ուրանի, զինամթերքի մատակարարումը միայն կերկարաձգի հակամարտությունը»-, վստահեցրել է Պուտինը։

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

ԱԺ նախկին ՔՊ պատգամավոր, ՊՎԾ նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Արմենի Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օրենքով սահմանված կարգով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, վարել է տրանսպորտային միջոց:

Վերջինիս գործով նախաքննական մարմինը նախաքննության ավարտ է հայտարարել եւ գործը ուղարկել է դատարան։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով):

Ինչ կսպասվի դատարանում ՔՊ-ական նախկին պատգամավորին, կիմանանք՝ հետեւելով զարգացումներին։

 

 




Լրահոս