ՎՃԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿՀՍՏԱԿԵՑՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի եւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման եւ վճարման գործընթացները կհստակեցվեն:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական նպաստների մասին» օրենքի՝ ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի եւ հրատապ օգնության վճարման հարաբերություններին առնչվող կարգավորումները «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցելու, ինչպես նաեւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի եւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման եւ վճարման գործընթացները հստակեցնելու եւ լավարկելու անհրաժեշտությամբ:

««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հերթական նիստի ընթացքում: Այն ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: Նշենք, որ առաջարկվող փոփոխություններով սահմանվում է նաեւ, որ օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձի, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձի երեխայի ծննդյան միանվագ նպաստ կնշանակվի, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը: Այս դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու, նշանակելու եւ վճարելու առանձնահատկությունները սահմանելու է ՀՀ կառավարությունը: Օրենքից պետք է հանել երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելուց եւ վճարելուց հետո նշանակված նպաստը բռնագանձելու պահանջն այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխան կամ նոր ծնված երեխան նպաստ նշանակելուց հետո հայտնվում են մանկատանը՝ հաշվի առնելով, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը պարբերական բնույթ չունի, տրվում է կոնկրետ ծննդյան կապակցությամբ, եւ իրավունք տվող պայմանները սահմանված են դիմելու օրվա դրությամբ:

Ըստ զեկուցողի՝ ներկայացվող նախագծով կհստակեցվեն երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու եւ խնամքի նպաստի իրավունք տվող պայմանները՝ առանձնահատկություն սահմանելով առանց ծնողական խնամքի մնացած կարգավիճակով երեխայի խնամակալի խնամքի նպաստի իրավունքի համար: Հաջորդիվ կհստակեցվեն նաեւ խնամքի նպաստ նշանակելու պայմանները՝

ա/ ծնողի եւ երեխայի՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը,

բ/ երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը:

Հավելենք նաեւ, որ խորհրդարանը նախորդ նստաշրջանում քննարկել էր ԱԺ «Պատիվ ունեմ» եւ ԱԺ «Հայաստան» խմբակցությունների՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում Անահիտ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու հարցը: Սեպտեմբերի 12-ին ԱԺ-ն իրականացրել է քվեարկությունը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 33-ը: Առաջադրված թեկնածուի օգտին կողմ է քվեարկել 33 պատգամավոր: Անահիտ Սարգսյանի թեկնածությունը խորհրդարանը չի հաստատել:

 

 

 

 

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆ ԻՋԵՑՎԵԼ Է

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75 %:

ԿԲ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ որոշվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11.25 %, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8.25 %:

Հավելենք, որ Կենտրոնական բանկն այս տարվա համար բարձրացրել է տնտեսական աճի իր կանխատեսումը՝ հասցնելով 7.2 տոկոսի:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Մենք շատ փոքր չափով վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը, նախկինում կանխատեսվող 6.9-ի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2 տոկոս՝ հիմնականում պայմանավորված ծառայություների եւ շինարարության ոլորտների բարձր աճով»,-ասաց Գալստյանը:

 

 

 

ԱՆՎՃԱՐ ԴԵՂԵՐ

Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց համար հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը, նախկին 50% զեղչի փոխարեն, կտրվեն անվճար:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Իսկ ովքե՞ր են շահառուները:

Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 642-Ն որոշմամբ սահմանվել է, որ հաշմանդամություն ունեցող անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերը) հիմք են սահմանված դեղերը ստանալու համար:

Տվյալ դեպքում, բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ, անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին։

Նշենք, որ այս քաղաքացիների համար անվճար դեղերը հասանելի կլինեն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների (ամբուլատորիա, պոլիկլինիկա) միջոցով:

Հավելենք, որ հիմնական դեղերի անվանցանկը եւս լրամշակվել եւ թարմացվել է անհրաժեշտ նոր դեղերով:

 

 




Լրահոս