«ՎԱՅԼԴԲԵՐԻԶ»-Ի ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վայլդբերիզ»-ը ոչնչացնում է Հայաստանի տնտեսությունը. հենց այս կարգախոսով էլ մի խումբ տնտեսվարողներ սկսեցին իրենց բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ: Stop Wildberries Armenia նախաձեռնության անդամների պայքարը սկսվեց ֆեյսբուքյան հարթակից, մի խումբ տնտեսվարողներ սկսեցին ակտիվ գրառումներ անել, հետո էլ համախմբվեցին եւ նախաձեռնեցին բողոքի ցույցեր կառավարության շենքի մոտ։

 

«Շտապել է պետք, կոչով դիմում ենք Հայաստանի Հանրապետության 120.000 փոքր եւ միջին տնտեսվարող սուբյեկտներին միանալ մեր պայքարին, կանգնեցնել ռուսական «Վայլդբերիզ»-ի ծավալուն մուտքը Հայաստանի Հանրապետություն եւ այդպիսով խուսափել ոչնչացումից: Եթե մեր պայքարը չլինի միասնական ռուսական «Վայլդբերիզ» կորպորացիայի դեմ, ըստ վերլուծությունների՝ 2024 թվականի կեսերին մրցակցությունից դուրս կշպրտվեն այժմ գործող մեծածախ եւ մանրածախ խանութների 90 տոկոսը: Բիզնեսի ներկայացուցիչները կարող են մեզ միանալ՝ գրելով էջին»:

Stop Wildberries Armenia նախաձեռնության անդամ Արման Թումասյանի հետ բազմիցս զրուցել ենք այս թեմայով՝ հասկանալու համար, թե ինչու չեն փորձում համագործակցել կամ այնպիսի գներ սահմանել, որպեսզի սպառողը կարողանա օգտվել եւ օգուտ տալ ներսի, այլ ոչ թե դրսի շուկային:

«Այս ամենը հետո կհանգեցնի արտագաղթի, քանի որ շատ տնտեսվարողներ մի քանի ամիս հետո արդեն խնդիրներ են ունենալու բանկերի եւ շատ այլ կառույցների հետ: Մեր խանութներում, գիտեք, թե ինչ է կատարվում. դպրոցական իրերը չեն կարողացել վաճառել, եւ ներկա պահին մարդիկ ստիպված վաճառում են կա՛մ ինքնարժեքով, կա՛մ այնպիսի զեղչերով, որ կարողանան գումար հավաքել ու փախչել»:

Արման Թումասյանը հավելեց նաեւ, որ ոչ մի կերպ չեն կարող համագործակցել «Վայլդբերիզ»-ի հետ, քանի որ դրա համար իրենք հարկեր եւ տուրքեր են մուծում, եւ երբ շուկան ամբողջովին ոչնչանա, նոր «Վայլդբերիզ»-ը այն նույն կոշիկը, որը վաճառում էր 4000, կվաճառի 12.000 դրամով։ Բնակիչներն էլ իրենց բողոքներն ունեն՝ կապված սպասարկման, հերթերի եւ շատ այլ նման հանգամանքների հետ: Սպառողներից, օրինակ, Շուշանն այնպիսի հետաքրքրիր տարբերակ նշեց, որին տնտեսվարողները կարող են հետեւել. «Զարմացած եմ բոլոր այն տնտեսվարողների վրա, որոնք բողոքում են «Վայլդբերիզ»-ի դեմ: Իմ համեստ կարծիքով՝ այն ժամանակը, որը վատնեցին բողոքի ցույցեր իրականացնելու, դիմում-բողոք գրելու վրա, կարելի էր օգտագործել՝ ի օգուտ իրենց, եւ սովորել, թե ինչպես վաճառել «Վայլդբերիզ»-ում, այսինքն՝ տեղական բիզնեսը տեղափոխել օնլայն հարթակ եւ վաճառել մի քանի անգամ շատ նաեւ այլ երկրներում: Օրինակ՝ հիշում եք, երբ քովիդի ժամանակ շատ մասնագետներ մնացին անգործ, նրանցից ավելի ճկունները, տխրելու ու բոյկոտելու փոխարեն, շատ արագ սովորեցին ժամանակակից մասնագիտություններ եւ սկսեցին աշխատել օնլայն: Սա կարծում եմ՝ շատ մեծ հնարավորություն էր զարգացնելու տեղական բիզնեսը. միեւնույնն է, մարդիկ շարունակելու են օգտվել օնլայն հարթակներից»:

Սպառողներից Մարին ավելի շատ դժգոհում է սպասարկումից, հետո նոր թանկ վաճառելուց. «Ո՞վ է մեղավոր, որ գնում են ապրանք են բերում Թուրքիայից, Չինաստանից եւ մեկին տաս վաճառում են, ո՞վ է մեղավոր, որ դեռ խանութ չմտած՝ ուզում ենք դուրս գալ: Հոգնել ենք թե՛ իրենց սպասարկումից, թե՛ մունաթ դեմքերից, թե՛ խոսելու տոնից: Մեզ էլ հաճելի չէ նստել ապրանք պատվիրել, հասցե փոխել, սպասել մի քանի շաբաթ: Ես համաձայն եմ մի փոքր ավելի վճարել, քան հայաստանյան մի շարք խանութներ մտնել»:

Մենք փորձեցինք կապ հաստատել «Վայլդբերիզ»-ի հայաստանյան գրասենյակի հետ, բայց մեր զանգերը մնացին անպատասխան, եւ որեւէ մեկնաբանություն այդպես էլ չեղավ:

 ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է COVID-19-Ի ԵՆԹԱՏԵՍԱԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` COVID-19-ի դեպքերի աճ է գրանցվում ամբողջ աշխարհում, իսկ եվրոպական տարածաշրջանում աճում է օմիկրոնի մի քանի ենթատեսակներով պայմանավորված հոսպիտալացումների թիվը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ-ից, հիմնականում շրջանառվում են օմիկրոնի BA.2.86 (Pirola) եւ EG.5 (Eris) տարբերակները։

Հայաստանում օրերս հայտնաբերվել է օմիկրոնի նոր՝ ակրուքս ենթատեսակը: Սեպտեմբերի 12-ի տվյալներով` վերջին 7 օրում մեր երկրում արձանագրվել է COVID-19-ի 71 դեպք, ինչը, նախորդ շաբաթվա համեմատ (42 դեպք), աճել է 29-ով:

Թեստավորման դրական արդյունքները եւս, նախորդ շաբաթվա համեմատ, աճել են` կազմելով 29.1% (նախորդ շաբաթ՝ 28.4%):

Հաշվի առնելով, որ կանխատեսվում է սուր շնչառական վարակների (ՍՇՎ)՝ ներառյալ կորոնվիրուսային հիվանդության սեզոնային հիվանդացության եւ հոսպիտալացման աճ՝ ԱՀԿ-ն շարունակում է խրախուսել բոլոր երկրներին մեծացնել հսկողությունը, COVID-19-ի նկատմամբ թեստավորումը, սեկվենավորումը՝ շրջանառվող նոր տարբերակների ռիսկը գնահատելու համար:

Հայաստանում ՍՇՎ եւ կորոնավիրուսային հիվանդության դեպքերը կանխարգելելու եւ վաղ հայտնաբերելու նպատակով Առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել սեզոնային գրիպի եւ կորոնավիրուսային հիվանդության դեմ, սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշանների դեպքում՝ ջերմության բարձրացում (մինչեւ 38-400C), գլխացավ, մկանային ցավ, կոտրտվածության զգացում, կոկորդի ցավ, չոր հազ, քթահոսություն, դիմել բժշկական կազմակերպություն կորոնավիրուսային հիվանդության թեստավորման եւ ժամանակին բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու նպատակով:

Առողջության առաջնային պահպանման օղակում եւ բժշկական կազմակերպություններում COVID-19-ի վաղ հայտնաբերման նպատակով այժմ ՍՇՎ-ով պացիենտների շրջանում իրականացվում է կասկածելի դեպքերի թեստավորում:

 

 

 

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԱՏՅԱՆՆԵՐ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երեւանի քաղաքապետարանին եւ ՀՀ մարզպետարաններին` պարզաբանելով հանրակրթական դպրոցներում էլեկտրոնային մատյանների լրացման կարգավորումներին առնչվող հարցերը` պայմանավորված հանրակրթական նոր չափորոշչի ներդրման գործընթացով:

Շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «Թեմատիկ պլանները ներբեռնվում են էլեկտրոնային մատյան՝ Word կամ PDF ձեւաչափով։

Համակարգը հնարավորություն է տալիս թեմատիկ պլանները գրանցել էլեկտրոնային մատյանում՝ ըստ թեմաների եւ դասերի, եւ ամենօրյա լրացման ժամանակ ընտրել համապատասխան ցանկից: Այս ձեւով լրացնելու դեպքում, որպես ոչ պարտադիր լրացման դաշտ, առկա են նաեւ թեմայի նպատակները եւ վերջնարդյունքները: Ուսուցիչները կարող են ընտրել էլեկտրոնային մատյանի լրացման իրենց համար ավելի նախընտրելի տարբերակը:

 

 

 

 

ԳԼԽԱՎՈՐԵԼ Է ԱՐԱ ԱՎԱԳՅԱՆԸ

Արա Ավագյանը նշանակվել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ։ Նոր ղեկավարը կշարունակի զարգացնել բանկի գործունեությունը երկրում, բարձրացնել բանկի ֆինանսական ցուցանիշները, ներգրավել հաճախորդներ, ներդնել շուկայում նոր պրոդուկտներ եւ բարելավել հեռահար սպասարկման ծառայությունները:

Արա Ավագյանը ավարտել է Երեւանի  տնտեսաիրավագիտական համալսարանը։ Ֆինանսական ոլորտում աշխատում է ավելի քան 25 տարի։ «ՎՏԲ-Հայաստան» բանկում սկսել է աշխատել 2020թ.-ից՝ որպես բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն։ Անցյալ տարվա հուլիսին նշանակվել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

«Այսօր «ՎՏԲ-Հայաստան» բանկը սպասարկում է երկրի ավելի քան 380 հազար մանրածախ եւ 11 հազար կորպորատիվ հաճախորդների։ Երկրի՝ կենսաթոշակային տարիքի բնակչության ավելի քան 20%-ը կենսաթոշակ է ստանում մեր բանկի քարտերով։ Մենք շուկայում ակտիվորեն զարգացնում ենք միջազգային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ, որոնք թույլ են տալիս կարճ ժամանակում գումարներ ուղարկել հարազատներին եւ ընկերներին։ Մեր հիմնական խնդիրն է պահպանել եւ շարունակել ամրապնդել մեր դիրքերը երկրի բանկային շուկայում՝ ներգրավելով նոր հաճախորդներ, վերափոխելով ցանցի աշխատանքը եւ ներդնելով նոր պրոդուկտներ ու ծառայություններ», – նշում է «ՎՏԲ-Հայաստան» բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Արա Ավագյանը:

«ՎՏԲ-Հայաստան» բանկը 2004թ.-ից հանդիսանում է ռուսաստանյան «ՎՏԲ» բանկի դուստր ընկերություն։ Բոլոր սեգմենտների հաճախորդներին հասանելի են բանկի 53 մասնաճյուղեր, ավելի քան 200 բանկոմատ եւ 50-ից ավելի վճարային տերմինալներ ամբողջ երկրի տարածքում:

«ՎՏԲ-Հայաստան» բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանն Աղդամ-Ասկերան երթուղով Լեռնային Ղարաբաղ ուղարկած բեռի պարունակությունը համաձայնեցրել է տարածաշրջանի բնակչության հետ եւ դատապարտում է տեղեկատվական ոլորտի այն ներկայացուցիչներին, որոնք փորձել են արժեզրկել այդ օգնությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արեւելյան տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած ճեպազրույցում։

«Ես կոչ եմ անում հայ հանրությանը, ի թիվս այլ բաների, վերլուծել հրապարակված նյութերը, այդ թվում՝ հայկական ռեսուրսներում, տեսնել, թե ով ինչ է գրել, լսել, թե մենք ինչ ենք ասում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Զախարովան նշել է, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ռուսաստանի Կարմիր խաչի ներկայացուցիչներն այս մարդասիրական օգնությունը բաշխել են բազմազավակ ընտանիքներին, «նրանց, որոնք խիստ կարիքի մեջ են եղել, այդ թվում՝ ցածր եկամուտ ունեցող մարդկանց»։

 

 




Լրահոս