5.200 ԴՈԼԱՐ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑՈՒՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել եւ կանխել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խմբի գործունեությունը:

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային եւ քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։

Մասնավորապես, նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական եւ վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն եւ Ա.Հ-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, մեկ միասնական դիտավորությամբ, շահադիտական նպատակով, միմյանց գործողությունները փոխլրացնելով, Ա.Պ.-ի օժանդակությամբ 2023 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ մի շարք քաղաքացիների անօրինական միգրացիան, այն է՝ «Շենգենյան համաձայնության երկրներ» վերջիններիս մուտքի եւ գտնվելու թույլտվություն ստանալը կազմակերպելու նպատակով նրանցից պահանջել եւ ստացել են յուրաքանյուրից 5.200-ական ԱՄՆ դոլար գումար:

Այնուհետեւ «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի եւ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով ներկայացվելիք փաթեթներում ներառել են անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրվող, իրավաբանական նշանակության փաստ հաստատող եւ իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող՝ բանկային շարժի, աշխատավայրի, եկամուտների չափի, մատնահարդարման դասընթացներ անցնելու վերաբերյալ կեղծ տեղեկանքներ, վկայագիր, որոնք հանձնել են վերը նշված անձանց, որոնք հիշյալ երկրներ մուտքի եւ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով դրանք ներկայացրել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավասու մարմին, որոնց հիման վրա՝ նրանց տրվել են համապատասխան արտոնագրեր՝ այդկերպ՝ հանցավոր խմբի կողմից կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, կազմակերպվել է մի շարք անձանց անօրինական միգրացիան։

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում եւ տուրիստական կազմակերպություն հանդիսացող աշխատավայրում, որոնց արդյունքում հայտնաբերվել են անօրինական միգրացիայի կազմակերպման դիմաց վճարված գումարներ, կնիքներ, ձեւաթղթեր, սեփականության իրավունքի վկայականներ, աշխատանքի եւ բանկային շարժի վերաբերյալ տեղեկանքներ, ինչպես նաեւ տարբեր անձանց վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր եւ հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել հանցավոր խմբի անդամներից 3-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1 անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են վարութային գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար, ինչպես նաեւ անօրինական միգրացիայի կազմակերպման այլ դեպքեր բացահայտելու ուղղությամբ:

 

 

 

ՎԻՃԱԲԱՆԵԼ ԵՆ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Երեւանում հնչած կրակոցներից ու դանակահարությունից։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վիճաբանել են նույն շենքի հարեւանները, իսկ, ահա, թեման եղել է ավտոտնակի հարցը։

Սկզբում հարեւանները դանակահարել են միմյանց, որից հետո հնչել են կրակոցներ։ Նշենք, որ shamshyan.com-ը գրել էր,որ սեպտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 12։30-ի սահմաներում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորաշեն 44 շենքի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, ատրճանակի 1 պարկուճ, իսկ դեպքի վայրի հարեւանությամբ հայտնաբերվել է խՈՊՈ 110 մակնիշի ավտոմեքենա, եւ կան կասկածներ, որ նշված ավտոմեքենան կապ ունի տեղի ունեցած միջադեպի հետ։  Ոստիկանությունը պարզել է նաեւ, որ նշված վայրից 2 դանակահարված քաղաքացի տեղափոխվել է «Արմենիա» բժշական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ հնչել են կրակոցներ, ու 2 հոգու՝ դանակահարված, շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է հիվանդանոց. նրանք հարազատ եղբայրներ են։

Իրավապահները պարզում են վիրավորումներ ստացած քաղաքացիների ինքնությունը, այն, թե ով է հայտնաբերված ավտոմեքենայի սեփականատերը, ինչպես նաեւ կազմակերպում են միջոցառումներ դեպքի հանգամանքները, մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց եւ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԱՆԽՎԵԼ Է ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւանի Կիեւյան կամրջից։

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ փրկարար ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով կանխվել է Հ. Գ.-ի (ծնված 2000 թ.) ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին։

Հոգեբանը Հ. Գ.-ին տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

 

 

 

ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է. այս մասին հայտնում են  Գլխավոր դատախազությունից։

Ներկայացված նյութերում հանցակազմ չի հայտնաբերվել։

Հիշեցնենք՝ դեռեւս 2021 թվականի սեպտեմբերի 15-ին հետաքննություն էր հրապարակվել, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման 10 տարիների ընթացքում՝ ամեն տարի, կառավարական օդանավով, պետական միջոցների հաշվին, մեկնել է գերմանական Բադեն-Բադեն քաղաք։ Հրապարակման համաձայն՝ Սարգսյանը պաշտոնավարման տասը տարիների ընթացքում գերմանական առողջարանային այդ քաղաք է մեկնել ավելի քան 16 անգամ։ Ըստ հետաքննության՝ Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ին ու 7-ին դեպի Գերմանիա նախատեսված պաշտոնական այցն օգտագործել է կրկին Բադեն-Բադեն այցելելու համար։

 

 

 

ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների եւ դատական հանձնարարությունների բաժնի պետ Անուշ Ռշտունին սպառնացել է քաղաքացուն «առյուծների փայ դարձնել»։

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ահազանգել է փաստաբան Տիգրան Ստեփանյանը՝ նշելով, որ սեպտեմբերի 5-ին Երեւան քաղաքի վարչական շրջաններից մեկում տեղի ունեցած Խնամակալության եւ հոգաբարձության խորհրդի նիստից հետո Ա. Ռշտունին վիրավորանքներ եւ սպառնալիքներ է հնչեցրել իր վստահորդի հասցեին։

Փաստաբանը իրավասու անձանց ուշադրությունը հրավիրում է պետական պաշտոնյային5. ոչ վայել վարքագծի վրա։ Իսկ թե կոնկրետ որն է եղել կոնֆլիկտի թեման, փաստաբանը հրաժարվեց մանրամասնել՝ նշելով, որ դա վերաբերում է իր վստահորդի անձնական կյանքին, եւ իրավասու չէ մանրամասներ ներկայացնել։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել փաստաբանի վստահորդի հետ, սակայն Արդարադատության նախարարության մեր աղբյուրը հայտնեց, որ Անուշ Ռշտունին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի սանիկն է, որն ունի առյուծներ, եւ հավանաբար հենց նրա առյուծներով էլ Ա. Ռշտունին սպառնում է քաղաքացուն։

Նշենք, որ Ռշտունին եղել է երդվյալ ՀՀԿ-ական մինչ հեղափոխությունը, սակայն դա չխանգարեց, որ հեղափոխությունից հետո հարմար դիրքավորվի պետական համակարգում եւ անգամ կարիերայի աճ ունենա ՀՀ արդարադատության նախարարությունում՝ գտնելով նոր հենարաններ եւ օգտվելով նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների բարձր հովանավորությունից։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս