ՀԱՅԿԱԿԱՆԸ՝ «ՕՍԿԱՐ»-Ի ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ շուտով Արման Նշանյանի պրոդյուսերական՝ People of Ar Production-ի եւ Անի Ոսկանյանի՝ Ava Production-ի համատեղ ստեղծած ֆիլմը՝ «Ամերիկացի»-ն, կներկայացնի Հայաստանը «Օսկար» մրցանակաբաշխությանը։ Ֆիլմի ռեժիսորը «Էմմի» եւ «Ոսկե գլոբուս»-ի արժանացած Մայքլ Գուրջյանն է։

 

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ֆիլմի պրոդյուսեր Արման Նշանյանի հետ՝ ֆիլմի ստեղծման, բարձրացրած թեմայի եւ այլնի մասին.  «Սկսեմ  նրանից, որ վերջին տարիներին ես եւ իմ գործընկեր Անի Ոսկանյանը շատ լավ ֆիլմերով ենք ներկայացրել Հայաստանը  միջազգային հարթակներում. դրանցից են «Սողոմոնի երգերը», «Երբ քամին կանգնի» եւ Իննա Սահակյանի  Aurora’s Sunrise ֆիլմերը։

Ի տարբերություն մեր նոր՝ «Ամերիկացի» ֆիլմի՝ այս երեք ֆիլմերն ավելի շատ ունեն քաղաքական ուղղվածություն՝ կոնկրետ Հայաստանում կատարված եւ կատարվող դեպքերի մասին, իսկ, ահա, «Ամերիկացի»-ն բարձրացնում է համամարդկային թեմա, ավելի կոնկրետ՝ այն վերջին հույսը չկորցնելու մասին է, որը հատուկ է բոլոր ազգերի մարդկանց, եւ որը կարող է պատահել ցանկացած երկրում։ Սրա արդյունքում կարծում եմ, որ այն մեծ շանսեր ունի «Օսկար» մրցանակաբաշխությանը մրցանակ ստանալու համար»,- նշեց Արման Նշանյանը։

Խոսելով «Ամերիկացի» ֆիմի որակի մասին՝ պրոդյուսերը նկատեց, որ ֆիլմի որակը, թեման եւ բուն ասելիքը նույնիսկ չեն քննարկվում։

«Մենք ունենք մեծ, հզոր թիմ, որի աշխատանքի շնորհիվ ֆիլմն այսօր Ամերիկայի ավելի քան 50 նահանգներում ցուցադրվում է, մեր մեծ թիմի արդյունքում է, որ «Ամերիկացի» ֆիլմն արդեն 14-ից ավելի լուրջ մրցանակներ ունի աշխարհի տարբեր կինոփառատոններում։ Այս ամենի շնորհիվ է, որ ֆիլմն աչքի է ընկել «Օսկար»-ի անձնակազմի մոտ եւ այսօր հավակնում է «Օսկար»-ի մրցանակի»։

«Ամերիկացի» ֆիմը պատմում է ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած եւ Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհն էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան եւ բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են եւ դատապարտում ազատազրկման: Իրավիճակի ամբողջ լրջությունն ու սարսափը գիտակցելու հետ մեկտեղ, Չարլին պատահմամբ հայտնաբերում է, որ իր բանտախցի արտաքին պատը վնասվել է երկրաշարժի հետեւանքով՝ առաջացնելով մի ճեղք, որի միջով նա կարողանում է տեսնել մոտակա շենքի բնակարաններից մեկը, որտեղ ապրում էր մի ամուսնական զույգ՝ Տիգրանն ու Ռուզանը: Նրանք էլ դառնում են Չարլիին արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը: Չարլին սկսում է հետեւել ամուսնական զույգի կյանքին, ճաշել, ուրախանալ, տխրել, երգել ու պարել նրանց հետ միաժամանակ, փորձում ճանաչել հայկական մշակույթը, որը մինչ այդ անծանոթ էր իրեն:

Հավելենք, որ «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 10-ին, իսկ անվանակարգերը կհայտարարվեն 2024 թվականի հունվարի 23-ին։

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՄԿՆԵՐԸ՝ Disney-ՈՒՄ

Նյու Յորքում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) Disney ստուդիայի գլխավոր գրասենյակը գրավել են մկներն ու լուերը։

Սեպտեմբերի 11-ին շենքի աշխատակիցները շտապ տարհանման ծանուցում են ստացել կրծողների եւ միջատների ներխուժման պատճառով։

«Ճգնաժամային մենեջմենթի եւ կառավարման ընկերությունները տեղյակ են այս խնդիրների մասին եւ աշխատում են դրանց լուծման ուղղությամբ: «Այս կապակցությամբ խնդրում ենք անհապաղ լքել ձեր աշխատանքային տարածքները հինգերորդ հարկում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Շենքի այն հատվածը, որտեղից տարհանվել են աշխատակիցները, զբաղեցնում է Disney-ի գովազդային բաժինը։ Հայտնի չէ, թե աշխատակիցները երբ կկարողանան վերադառնալ իրենց աշխատանքին։

Disney-ն իր գործունեությունն է ծավալում Մանհեթենի մեծ գրասենյակային շենքում 1995 թվականից, երբ ստուդիան գնեց այնտեղ գտնվող ABC հեռուստատեսային ցանցը:

 

 

 

ՄՐՑՈՒՅԹ՝ ԱՃՈՒՐԴՈՒՄ

Քիմ Քարդաշյանն ու Լորեն Սանչեսը երկար տարիների ընկերներ են, սակայն վերջերս 42-ամյա ռեալիթի հեռուստաաստղը եւ Ջեֆ Բեզոսի 53-ամյա ապագա կինը բախվել են բարեգործական աճուրդի ժամանակ արժեքավոր լոտի համար. հայտնում է DailyMail.com-ը։

Հայտնի կանայք միմյանց դեմ մրցել են Kering Foundation-ի Caring for Women ընթրիքի ժամանակ Նյու Յորքի The Pool-ում: Աճուրդի ժամանակ Քիմն առաջարկել է խաղադրույք կատարել Balenciaga’s Couture Experience-ի վրա, բայց Լորենը նույնպես ցանկանում էր գնել այս լոտը։ Նրանք երկուսն էլ, ի վերջո, մի ողջ հարստություն են ծախսել:

Սանչեսը, Քիմի դիմաց նստած, մեկ այլ սեղանի շուրջ շարունակում էր գումարը բարձրացնել։ Քիմը հետեւել է նրա օրինակին։ Գինն, ի վերջո, հասավ 200 000 դոլարի։ Երկու կանայք էլ որոշել են գնել լոտը, ինչը նշանակում է, որ նրանցից յուրաքանչյուրը կներդնի 200.000 դոլար։ Միեւնույն ժամանակ Քիմի սեղանին մեկ այլ մարդ խաղադրույքին ավելացրել է 200 հազար դոլար։

Ի վերջո, այս մեկ լոտն ընդհանուր առմամբ 600,000 դոլար է բերել բարեգործական ընկերություններին։ Աճուրդից ստացված հասույթը կուղղվի Malala Fund-ին, Ընտանեկան բռնությանը վերջ դնելու ազգային ցանցին եւ Նյու Յորքի Սեռական բռնության դեմ պայքարի դաշինքին: 15 տարի շարունակ Kering հիմնադրամը աշխատում է կազմակերպությունների հետ, որոնք օգնում են արմատախիլ անել բռնությունը եւ բարելավել զոհերի կյանքը:

Միջոցառումը համանախագահում են Սալմա Հայեկ Պինոն եւ նրա ամուսին Ֆրանսուա-Անրի Պինոն։

 

 

 

«ԲԱՐՍԵԼՈՆԱ»-Ի ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին. հաղորդում է 90min-ը։

Կատալոնական ակումբի ղեկավարությունն արդեն սկսել է մշակել ծրագիր, որը թույլ կտա 2025թ. ամռանը գնել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 174 միլիոն եվրոյով։ Մանչեսթերյան ակումբի հետ Էրլինգ Հոլանդի պայմանագրով նախատեսված է այդքան հրաժարագին երկու տարի հետո։

Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ մասնակցել է 6 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

 

 

 

ՄԲԱՊԵՆ՝ ՎԵՐԱՏԻԻՆ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն սոցիալական ցանցերում արած գրառումով դիմել է ՊՍԺ-ից Քաթարի «Ալ Արաբի» տեղափոխված 30-ամյա իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատիին։

«Բացառիկ խաղացող եւ մարդ։ Պատիվ էր քեզ հետ այսքան տարի խաղալը։ Մեծ հաճույք էր։ Քո ժամանակն այս ակումբում երբեք չեն մոռանա եւ չեն անտեսի։ Իմ տեսած լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Շնորհակալ եմ, ի՛մ ընկեր, կկարոտեմ քեզ»,- գրել է Մբապեն։

ՊՍԺ-ն Վերատիի տրանսֆերից ստացել է 45 միլիոն եվրո։ Նա փարիզյան ակումբում էր հանդես գալիս 2012 թվականից։

 

 

 

ՏՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝ Աբովյան եւ Արմավիր քաղաքների ստադիոններում հանդես գալու հնարավորությունից զրկված Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» հաջորդ տնային հանդիպումը կանցկացնի Գյումրիի «Շիրակի» ստադիոնում։ Այդ մասին ռուսական championat.com-ին հայտնել է «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը։

«Բոլոր ազատ ստադիոնները պատկանում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Մենք ունենք հնարավորություն խաղալ միայն այլ ակումբների ստադիոններում, եթե նրանք համաձայնություն տան։ Շնորհակալություն Գյումրիի «Շիրակին», որը թույլ է տվել, եւ մենք հաջորդ տուրի հանդիպումը կանցկացնենք նրանց տնային ստադիոնում։ Բայց մենք ստիպված ենք լինելու խաղալ Երեւանից մոտ 200 կմ հեռու։ Հասկանալի է, որ երկրպագուները չենք կարողանա մասնակցել, քանի որ հեռու է։ Շատ բարդ իրավիճակ է։ Սա Ֆեդերացիայի գիտակցված որոշումն է դուրս թողնել լեգենդար ակումբը Հայաստանի առաջնությունից։ Կարծում եմ՝ այս ամենից հետո «Փյունիկը» կդադարեցնի գոյությունը։ Բարդ կլինի»,- ասել է Արթուր Սողոմոնյանը։ Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Փյունիկը» սեպտեմբերի 16-ին կընդունի Երեւանի ԲԿՄԱ-ին։ 6 խաղից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 14 միավորով առաջին տեղում է։

 




Լրահոս