ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ՝ ԿԱԼԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ն նորակոչիկի զորակոչը հետաձգելու համար ստացել է խոշոր չափերով` 10.000 ԱՄՆ դոլար կաշառք: Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Ա.-ի հետ, խմբի կազմում ստացած կաշառքի դիմաց, հետաձգել է երկու քաղաքացու՝ վարժական հավաքներին մասնակցելը: Մեկ այլ դեպքում Ա. Թ.-ն, ստանալով կաշառք, մեկ քաղաքացու էլ ազատել է վարժական հավաքներին մասնակցելուց: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

 

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի մարտին Հ. Մ.-ն իր որդուն իրականությանը չհամապատասխանող հիվանդություն ունենալու հիմքով, կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու համար՝ իր ծանոթ Ա. Գ.-ի, վերջինս էլ Ռ. Ա.-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ի հետ: Այդ գործընթացը կազմակերպելու համար Ա. Թ.-ն Ռ. Ա.-ի միջոցով Հ. Մ.-ից պահանջել է 3.883.000 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար՝ Ռ. Ա.-ին նախապես խոստանալով կաշառքի առարկա գումարը ստանալու դեպքում կաշառք ստանալու օժանդակության դիմաց դրանից 2000 ԱՄՆ դոլարը տրամադրել նրան:

2023 թվականի մարտի 30-ին Ռ. Ա.-ն Ա. Գ.-ին տեղեկացրել է, որ պաշտոնատար անձը կաշառքի գումարից նախնական 2500 ԱՄՆ դոլար է պահանջել: Ա. Գ.-ն էլ իր հերթին ստացած տեղեկությունները փոխանցել է Հ. Մ.-ին, այնուհետեւ կազմակերպել վերջինի ու Ռ. Ա.-ի հանդիպումը՝ պայմանավորվածության վերաբերյալ մանրամասները քննարկելու նպատակով: Պայմանավորվածության համաձայն՝ Ռ. Ա.-ն Հ. Մ.-ից վերցրել է կաշառքի առարկայի մի մասը՝ 2500 ԱՄՆ դոլարը, որից 1000 ԱՄՆ դոլարը տվել է Ա. Թ.-ին:

Այնուհետեւ Ռ. Ա.-ն կաշառքի առարկա հանդիսացող մնացած 7500 ԱՄՆ դոլարը վերցրել է Հ. Մ.-ից, դրանից 6000 ԱՄՆ դոլարը նույն օրը տվել է Ա. Թ.-ին: Մի քանի օր անց Ռ. Ա.-ն նույն գումարից եւս 400 ԱՄՆ դոլար է տվել Ա. Թ.-ին՝ խոստանալով մնացած 600 ԱՄՆ դոլարը տալ մի քանի օրվա ընթացքում: Արդյունքում Ա. Թ.-ն փաստացի ստացել է ընդհանուր 2.874.252 ՀՀ դրամին համարժեք 7400 ԱՄՆ դոլար:

Հավելենք, որ նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձը ՊՆ մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Ա.-ի հետ խմբի կազմում վարժական հավաքներին մասնակցելը հետաձգելու համար երկու քաղաքացուց ստացել է 120.000-ական ՀՀ դրամ կաշառք:

Դրանցից բացի, պաշտոնատար անձ Ա. Թ.-ն իր ծանոթին վարժական հավաքների ծանուցագիր չուղարկելու եւ այդկերպ վարժական հավաքներից ազատելու համար վերջինից որպես կաշառք պահանջել է նրան պատկանող ռեստորանում 5 հոգու համար հյուրասիրություն: Ստանալով համաձայնություն՝ Ա. Թ.-ն եւ նրա հետ նույն վայրում աշխատող ՊՆ 4 այլ պաշտոնատար անձ այցելել են ռեստորան եւ Հ. Մ.-ի հաշվին ստացել հյուրասիրություն: Նախաքննության ընթացքում Ա. Թ.-ի եւ Ա. Ա.-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը՝ 8 մեղադրյալների մասով մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

 

 

ԺԱՄԱՆԵՑ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 06.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Վիեննա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել է ԻԻՀ քաղաքացի, 1981 թվականին ծնված Սեդիղե Հ.-ն: Նա 2020 թվականի հոկտեմբերի 20-ից հետախուզվում էր ԻԻՀ Ինտերպոլի կողմից՝ այդ երկրի քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:

Սեդիղե Հ.-ն տեղափոխվել է ՁՊՎ:

 

 

 

ՎԵՃՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16.50-ին, Արտաշատի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Դիտակ-Ջրաշեն ճանապարհին Դիտակ գյուղի բնակիչ, 23 եւ 24 տարեկան եղբայրներ վիճաբանել են համագյուղացի 21-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով ու դանակով հասցրել են հարվածներ:

Ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ նույն օրը՝ ժամը 17.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք, ազդրի կտրած վերք» նախնական ախտորոշմամբ, 21-ամյա երիտասարդը տեղափոխվել է բուժօգնության: Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ մարմնական վնասվածքներով ավարտված վիճաբանությունը տեղի է ունեցել կրտսեր եղբորը պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայում: Ժամը 18.30-ին նա հայտնաբերվել է Դիտակ գյուղում, ձերբակալվել, բերվել է Արտաշատի բաժին եւ ներկայացվել Արարատի մարզային քննչական վարչություն: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը՝ ժամը 20.40-ին, ավագ եղբայրն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին եւ խոստովանել, որ ինքն է իր մոտ եղած դանակով հասցրել հարվածներ: Նա նույնպես ներկայացվել է նախաքննական մարմին:

Եղբայրները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Հավելենք, որ վեճի պատճառն ու դեպքի այլ հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

 

 

 

 

ԱԱԾ-Ն ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է

ԱԱԾ-ի կողմից ձերբակալված ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին տեղափոխել են հիվանդանոց. վերջինս Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի օպերատիվ խմբի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ժորա Սողոմոնյանն է:

Հիշեցնենք, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Սերգեյ Մանուկյանին, օպեր գծով տեղակալին եւ մաքսային մեկ աշխատակցի, որ ՊՆ գեներալի որդի է, ԱԱԾ- դիմակավորված անձինք ձերբակալել են։

Աշխատակիցները  նրանց ձեռնաշղթաներով տարել են օդանավակայանից։

Նշենք, որ Shamshyan.com-ը նույնպես հայտնել էր, որ, կայքի տեղեկություններով, ՀՀ ազգային անվտանգության ծառայողները ՀՀ ներքին գործերի նախարարության «Զվարթնոց» գծային բաժնից ձեռնաշղթայված ԱԱԾ են տեղափոխել 2 բարձրաստիճան ոստիկանի, 1 հոգու էլ ձեռնաշղթայված վիճակով տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետից։ Մաքսակետից տեղափոխվածը նույնպես բարձրաստիճան ոստիկան է։

 

 

 

ԵՐԵԽԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ

Սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012 թվականին ծնված Էրիկ Ներսիսյանը: Ավելի ուշ ոստիկանությունից հայտնեցին, որ տղան հայտնաբերվել է։ «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։

Մասնավորապես, երեխայի ծնողները բաժանված են։ Վերջինիս խնամել է տատիկը, պարբերաբար տանից դուրս է եկել ու մնացել ընկերների հետ, եղել են դեպքեր, որ մեկ օր մնացել է ընկերների տանը։

Այս անգամ էլ իրավապահները նրան հայտնաբերել են ընկերների մոտ։

Նշենք, որ Էրիկը նորմալ վարքի տեր երեխա է, պարզապես ակտիվ է շատ եւ սովորություն է ունեցել տատիկի մոտից գնալու։ Տատիկը չի կարողանում վերահսկել նրան։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ամենից հետո տատիկը որոշում է կայացրել երեխային տանել «Զատիկ» մանկատուն։ Որոշումը կայացվել է՝ երեխայի անվտանգությունից ելնելով, որ ավելի վատ իրավիճակում չհայտնվի։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս