ԹԻՄԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ՝ ԱՌԱՋԻՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

 

Հիշեցնենք՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկամարտի երկու մեդալ է նվաճել ԱԱ-ում։ 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 312 կգ (142+170) արդյունքով դարձել է աշխարհի 88-րդ առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է աշխարհի փոխչեմպիոն՝ երկամարտի 460 կգ արդյունքով։

Գոռ Սահակյանը նաեւ փոքր բրոնզե մեդալ է նվաճել «Պոկում» վարժությունում, իսկ Լալայանը «Պոկում» եւ «Հրում» վարժություններում է արժանացել փոքր բրոնզե մեդալների։

Հայաստանի մյուս ներկայացուցիչները գրանցել են հետեւյալ արդյունքները՝

l Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշայինների պայքարում երկամարտի 377 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը (175 + 202 կգ): «Պոկում» վարժությունում գլխավերեւում պահելով 175 կգ կշռող ծանրաձողը՝ Կարապետյանն արժանացել է այս վարժության փոքր ոսկե մեդալին:

l 81 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի գործող չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը, «Պոկում» վարժությունում գլխավերեւում պահելով 162 կգ ծանրաձողը, նվաճել է փոքր բրոնզե մեդալ:

l Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը երկամարտի 393 կգ (183+210 կգ) արդյունքով գրավել է 5-րդ տեղը։ «Պոկում» վարժությունում Կարապետյանը գլխավերեւում պահել է 183 կգ ծանրաձողը, նվաճել փոքր արծաթե մեդալ եւ սահմանել երիտասարդների աշխարհի ռեկորդ։ Երկամարտի արդյունքով եւս Կարապետյանը երիտասարդների աշխարհի ռեկոդ է սահմանել:

l Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանը երկամարտի 394 կգ (178+216 կգ) արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

l Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտի 372 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ (164+208 կգ), իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը՝ 9-րդ հորիզոնականը՝ երկամարտի 368 կգ արդյունքով (168+200 կգ):

l Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ երկամարտի 450 կգ արդյունքով (200+250 կգ)։ «Հրում» վարժությունում Մարտիրոսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել։

Հիշեցնենք՝ աշխարհի 88-րդ առաջնությանը 120 երկրների ավելի քան 700 մարզիկ-մարզուհիներ էին հայտավորված:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար:

 

 

 

ՋԱԶՄԵՆՆԵՐԻ ԵԼՈՒՅԹԸ՝ ՀԱՄԵՐԳԻՆ

Ջազային կատարումներով հայ եւ ռուս երաժիշտների հայտնի ստեղծագործությունները հնչել են Մոսկվայի 876-ամյակի առթիվ կազմակերպված տոնական համերգի ընթացքում։

 

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ երեկոյի ընթացքում հանդիսատեսին իրենց վիրտուոզ կատարումներով ներկայացան ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանը (Մալխաս), Գարիկ Սարիբեկյանը (ստեղներ), Նիկողայոս Վարդանյանը (կոնտրաբաս), Արամ Վարդանյանը (կիթառ), Սերժ Նահապետյանը եւ Ալեքսանդր Արամյանը (հարվածային գործիքներ):

Համերգային ծրագրում առանձնահատուկ տեղ էին գրավում Արամ Խաչատրյանի երաժշտության իմպրովիզացիաները, որի 120-ամյակը այս տարի առանձնահատուկ շուքով նշվեց Հայաստանում եւ Ռուսաստանում:

«Արամ Խաչատրյանը շատ էր հետաքրքրվում ջազով եւ հեռավոր 1930-ականների վերջին հաճախում էր Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ հայտնի ջազ նվագախմբի փորձերին։ Ես նույնիսկ դրա մասին վկայող լուսանկար ունեմ։ Ավելին՝ Խաչատրյանն իր ստեղծագործություններում հաճախ է օգտագործել ջազային տարրեր։ Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս գեղեցիկ համերգին, որտեղ կոմպոզիտորի հոբելյանի տոնակատարությունը զուգակցվել է Մոսկվայի տարեդարձի հետ, որտեղ երկար տարիներ ապրել եւ ստեղծագործել է Արամ Խաչատրյանը»,- նշեց ջազմեն Լեւոն Մալխասյանը (Մալխաս)։

«Ականատես եղա հետաքրքիր համերգի, որտեղ հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային մեկնաբանությամբ: Մեծ հաճույք եմ ստացել։ Ուրախ եմ, որ այս դժվարին ժամանակներում  հնարավորություն ունեցանք նման հրաշալի երաժշտություն լսել մեր ջազային վիրտուոզների կատարմամբ»,- նշեց ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Լեւոնյանը: Նշենք, որ երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաեւ ռուսաց լեզվի եւ գրականության հանրահռչակման համար ամենամյա մրցանակի հանձնման արարողությունը։ Այն 2022-ից հանձնվում է Հայաստանի բուհերի ուսանողներին, որոնք իրենց ներդրումն են ունենում հայ-ռուսական մշակութային եւ կրթական երկխոսության զարգացմանը նպաստող նախագծերում։ Այս տարի այն ստացավ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողուհի Ռուզաննա Մխիթարյանը:

Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումներն անցկացվում էին օգոստոսի 31-ից սեպտեմբերի 17-ը:

 

 

 

ՄԵԴԱԼՈՎ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ

Հայ բռնցքամարտիկները մեդալներով են վերադառնում Հունաստանում կայացած միջազգային մրցաշարից։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են ՀԲՖ մամուլի ծառայությունից։ Հայ մարզիկներից իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել Անի Հովսեփյանը, Արթուր Բազեյանը, Գուրգեն Մադոյանը եւ Ռաֆայել Հովհաննիսյանը, իսկ Բարեղամ Հարությունյանը վնասվածքի պատճառով բավարարվել է բրոնզե մեդալով։

Մեր բռնցքամարտիկները Հունաստանի մրցաշարին մասնակցում էին մարզիչներ Արման Հարությունյանի եւ Վաչե Վարդայանի գլխավորությամբ։

Թիմի հետ մրցավայրում էր նաեւ ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը։

 

 

 

ՖՐԱՆՍԻԱՑԻ ՆՈՐԵԿԸ

Երեւանի «Արարատը» պայմանագիր է կնքել ֆրանսիացի կիսապաշտպան Կլեման Լերնոյի հետ:

Կլեման Լերնոն ծնվել է 2003 թվականի փետրվարի 13-ին: 20-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում. հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը: Նա «Արարատ» է տեղափոխվել ֆրանսիական «Նանսի» ակումբից, որի երկրորդ թիմի կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 9 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ:

Լերնոն նաեւ 7 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի մինչեւ 16 տարեկանների հավաքականի կազմում:

Կլեման Լերնոն «Արարատ»-ում կխաղա 8 համարի մարզաշապիկով:

 

 

 

 

ԲԱՑ ԿԹՈՂՆԻ ԽԱՂԸ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպումն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ. հաղորդում է ESPN-ը։

Տուխելը որակազրկվել էր անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» դեմ քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (1:1) ստացած կարմիր քարտի պատճառով։

«Բավարիա» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին։

 

 

 

ՎՆԱՍՎԱԾՔ ՍՏԱՑԱՎ

«Ալ Հիլյալի» 31-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել Սաուդյան Արաբիայի առաջնությունում նորամուտի խաղում. հաղորդում է Goal.com-ը։ Նա չի կարողանա մասնակցել Ասիայի չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի խաղին։

Սաուդյան Արաբիայի առաջնության 6-րդ տուրի խաղում «Ալ Հիլյալը» 6:1 հաշվով հաղթել էր «Ալ Ռիյադին», Նեյմարը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։

 

 




Լրահոս