ՍԵՐԺԻ ՆՈՐ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքաղաքական զարգացումները սենսացիոն ընթացք են ստանում: Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ հրաժարական է ներկայացրել Սերժ Սարգսյանի փեսան` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը:Նախագահական նստավայրի պաշտոնական կայքում նրա` աշխատանքից ազատման հրամանագիրը հայտնվելուց քիչ անց լրատվական կայքերում հրապարակվեց Մինասյանի հարցազրույցը: «Ես գնում եմ օգնելու Հովիկ Աբրահամյանին գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու հարցում եւ կարծում եմ, որ դա է այսօր առաջնահերթություն»,-մեկնաբանել էր իր հրաժարականը: Ընդ որում, նա չի հերքել առաջիկայում այլ պաշտոնանկությունների հնարավորությունը եւս: «Նման հարցերի պատասխանը գիտի միայն մեկ մարդ` հանրապետության նախագահը»,-ասել է Մինասյանը: Եւս մի քանի րոպե հետո կայքերի միջոցով արձագանքեց Հովիկ Աբրահամյանը` Մինասյանին նշանակելով իրեն տեղակալ. «Ուրախ եմ, որ Միքայել Մինասյանը միանում է մեր աշխատանքներին, եւ նա կլինի շտաբի պետի առաջին տեղակալը: Մեզ մեծ ու լուրջ աշխատանք է սպասվում, ինչին մենք պատրաստ ենք»:Սերժ Սարգսյանի փեսայի հրաժարականը, թերեւս, անակնկալ էր շատերի համար: Ինչպես հայտնի է` Միշը «գորշ կարդինալի» համբավ ունի, քանի որ զբաղեցնելով նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, ըստ էության, իր ձեռքն է վերցրել բոլոր կարեւոր որոշումների կայացումը: Բացի այդ, հենց նա է համարվում մինչ այս տեղի ունեցած հրաժարականների կնքահայրը: Ու հիմա, փաստորեն, Մինասյանն ինքն է հայտարարում նախագահական նստավայրից հեռանալու մասին:Բոլորի համար էլ ակնհայտ է, որ հրաժարականն ընդամենը բեմադրված թատրոն է, փոքր շոու: Ամենամիամիտն անգամ վստահ է, որ Մինասյանը, միեւնույն է, նույն ձեւով պահպանելու է իր ազդեցությունն ու լծակները` անկախ նրանից, թե տվյալ պահին որտեղ է տեղակայված աշխատասենյակը` Բաղրամյան 26-ում, թե մեկ ուրիշ վայրում: Բայց հասկանալի է, որ բուն հրաժարականի քայլը չի կարող ինքնանպատակ լինել:Եւ ուրեմն, տեսակետներից մեկի համաձայն, հրաժարականի պատճառն այն է, որ իշխանական դաշտում գնալով ավելի ու ավելի է մեծացել ատելությունն ու դժգոհությունը «գորշ կարդինալի» նկատմամբ: Առկա տրամադրությունները հասել են նաեւ Սերժ Սարգսյանին: Ու հիմա Մինասյանը հանուն աներոջ գնում է «ինքնազոհաբերության»` այս հրաժարականով փորձելով լիցքաթափել իշխանական ճամբարի լարվածությունն ու չեզոքացնել իր հանդեպ առկա ատելությունը: Ի վերջո, ինքն էլ է հասկանում, որ ներպալատական ողջ անցուդարձի մեջ բոլորն առաջին հերթին հենց «նրա ականջներն են» տեսնում: Ուստի հարկավոր է հեռանալ Բաղրամյան 26-ից` այս քայլով ճանապարհ է բացելով մյուս բոլոր պաշտոնանկությունների համար: Մյուս կողմից, տեսակետ կա նաեւ, որ այս հրաժարականն, ըստ էության, ուղղված է դրսի աչքը շոյելուն: Ինչպես հայտնի է` ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի վերջին նիստերում որոշում կայացվեց, որ ՀՀԿ նախընտրական շտաբը պետք է ղեկավարի Հովիկ Աբրահամյանը. այդ պատճառով ընտրություններից ամիսներ առաջ նա հեռանում է ԱԺ նախագահի պաշտոնից` իբր նպատակ ունենալով ապահովել ազատ, արդար ընտրությունների անցկացումը` այդպես դե յուրե հեռանալով իշխանական լծակներից: Բայց չնայած իշխանության այս խոստումներին, մյուս կողմից Ս.Սարգսյանը ՀՀԿ շտաբի պետ է նշանակում մարդու, որը, նախկինում երկու անգամ լինելով այդ «պաշտոնին», գործուն մասնակցություն է ունեցել ընտրակեղծիքների համակարգմանն ու իրականացմանը, որոնք ավարտվեցին մարտի 1-ի ողբերգությամբ: Հասկանալի է, որ մի կողմից ազատ ու արդար ընտրությունների խոստումները, մյուս կողմից ՀՀԿ շտաբի պետի պաշտոնում Աբրահամյանի նշանակումը միանշանակ չի ընկալվում միջազգային հանրության կողմից: Ուստի Ս.Սարգսյանը շտաբ է գործուղում Մինասյանին` Լոնդոնում կրթություն ստացած, գրագետ, «օսլայած մազերով» երիտասարդի` փորձելով ցույց տալ, թե իր թիմում էլ կան գրագետ ու քաղաքակիրթ մարդիկ՝ միեւնույն ժամանակ ընտրություններից ամիսներ առաջ իշխանական լծակներից դե յուրե հեռացնելով նաեւ նրան:Բայց… Մինասյանը հեռանում է ոչ այլ ուր, քան ՀՀԿ շտաբ` Հովիկ Աբրահամյանի առաջին տեղակալի կարգավիճակով: Ինչպես հայտնի է` ԱԺ նախագահի անվան հետ է կապվում բացահայտված ներիշխանական մի դավադրության պատմություն: Ու հիմա, փաստորեն, Սերժ Սարգսյանն իր փեսային ուղարկում է Հ.Աբրահամյանին տեղակալ` այդպես նրան լավ վերահսկելու համար: Ի վերջո, ինչպես հայտնի ասացվածքում է. «Վստահի՛ր, բայց ստուգի՛ր»: Թեեւ դեռ հարց է` ի վերջո, Ս.Սարգսյանը Հ. Աբրահամյանին կվստահի՞ նախընտրական շտաբը, թե՞ ոչ:Մինչ այդ` եւս մեկ ուշագրավ փաստ. որքան էլ անհավատալի թվա, բայց չի բացառվում առաջիկայում իշխանությունը գնա նաեւ արտահերթ ընտրությունների: Եւ այս ողջ փոխատեղումներն ու դասավորությունները նման սրընթաց արագությամբ կատարվում են հենց այդ պատճառով, որ հասցնեն:Մի խոսքով, բոլոր գործընթացները հմտորեն կառավարվում են:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս