ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՀԱԿԱՌԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, երբ ԱԺ պատգամավորները հարց ուղղեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի ժամանակավոր անդամության կարգավիճակի վերաբերյալ, ԱԳ նախարարը հայտարարեց, թե դրան պետք չէ այդքան ուշադրություն հրավիրել կամ կարեւորել, քանի որ միեւնույն է, ԼՂՀ հակամարտությունը լուծվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: «Այդ կապակցությամբ շատ են զգացողական հայտարարությունները, որոնք հիմնված են Ադրբեջանի քարոզչության վրա, թե տեսե՛ք, Ադրբեջանն ինչի հասավ եւ կարող է Լեռնային Ղարաբաղի հարցը տեղափոխել Անվտանգության խորհուրդ եւ այլն: Սակայն իրականության մեջ չեմ կարծում, թե այդ անդամակցությանը պետք է այդքան արձագանք տայինք»,-հայտարարեց Է.Նալբանդյանը: Այս հայտարարությունն ակնհայտորեն դուր չեկավ Նալբանդյանի հրաժարականը պահանջող կուսակցության` ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին, ով նիստից հետո հայտարարեց, որ չպետք է աչք փակել ակնհայտորեն Ադրբեջանի դիվանգիտական հաղթանակի վրա եւ նույնիսկ ներկայացնել այնպես, թե մեր շահերից է բխում, որ իրենք ՄԱԿ-ի ոչ մշտական անդամ են դարձել: Ի պատասխան այն հարցադրման, թե ինչու նիստի ժամանակ չհակադարձեց նախարարին, Ռուստամյանը նշեց, որ  եթե այդ հարցը բարձրացված չլիներ նաեւ իր կողմից, ապա չհակադարձելու խնդիր չուներ: Իսկ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով ԱԳ նախարարի հայտարարությունները, ասաց. «Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ սա զուտ քարոզչական առումով մեզ համար լուրջ մարտահրավեր է, եւ մենք պետք է շատ զգոն լինենք»: Այնուամենայնիվ, Զոհրաբյանը համամիտ է Նալբանդյանի այն տեսակետին, որ Ադրբեջանին չի հաջողվի ՄԱԿ տեղափոխել ԼՂ խնդիրը, դա թույլ չեն տա համանախագահները. «Բայց որ նա փորձելու է մեզ համար անընդհատ խոչընդոտներ հարուցել, միանշանակ է»:




Լրահոս