Ո՞Վ ԿՆՇԱՆԱԿՎԻ ՔԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի համար կռիվ է գնում, սակայն քաղաքական իշխանությունները դեռ վերջնական որոշում չունեն։ Հիմա էլ հասել են «նախկինների» կադրերին. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների հանաձայն՝ հասել են ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, ներկայումս դատական կարգադրիչների ծառայության պետ Արման Ցոլակյանին։ Նշենք, որ Ցոլակյանը ժամանակին համարվում էր ԱԻ վաղամեռիկ նախարար Արմեն Երիցյանի կադրը, որի շնորհիվ՝ Ցոլակյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Փաստորեն, հիմա էլ փորձում է ներկայիս իշխանության «ափսեում» տեղավորվել:

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ ամեն ինչ անում է, որ այդ պաշտոնին նշանակի իր համակուրսեցի Թադեւոս Նիկոլայի Նալբանդյանին, որը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալներից մեկն է, իսկ, ահա, ուժային կառույցները այլ թեկնածու ունեն։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների հանաձայն` ուժային կառույցներն ակտիվ քննարկումների մեջ են ու ամեն ինչ անում են, որ Քրեակատարողական ծառայության պետ նշանակեն ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանին։

Թե ով կհաղթի այս պայքարում, ժամանակը ցույց կտա:

 

 

 

 

Երեւանի ավագանու ընտրություններում ձախողելուց հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում իսկական «ցեխշպրտոցի» է սկսվել: Իշխանականներն այս օրերին մեղավորներ ու արդարացումներ են փնտրում իրենց ֆիասկոն արդարացնելու համար: Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում, ՔՊ-ում այլեւս հաշտ ու հանգիստ մթնոլորտը երազանք է դարձել. հիմա թիմում շատ լարված ու անհաշտ մթնոլորտ է տիրում, իշխանականներն ամեն պատեհ-անպատեհ առիթի «խայթում են» միմյանց, փորձում են նոր մեղավորներ կարգել: Գրել էինք, որ ՔՊ վարչության նիստին Նիկոլ Փաշինյանը խոստացել է «պատժել մեղավորներին» ու մաքրել թիմը «անգործունյաներից». հիմա իշխանականները փորձում են առիթ փնտրել Փաշինյանի հետ առանձին հանդիպումների համար, որպեսզի արդարանան ու ցույց տան, որ իրենց ձեռքից եկած ամեն բան արել են, որ այս իրավիճակը չունենան: Այսպիսով, ՔՊ-ականները փորձում են իրենց ապահովագրել, որպեսզի Փաշինյանի «ձեռքն» իրենց չհասնի, ու թիմում մոլեգնող պաշտոնանկությունն իրենց դուռն էլ չթակի:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին գրել էր, թե ինչով է զբաղված շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Եզրակացրինք, որ ստորագրվել  է մի հուշագիր, որը, ըստ երեւույթին, Հայաստանին պետք էլ չէ։ Այդ քննարկման եւ գործուղման ընթացքում Սիմիդյանին Հայաստանում փոխարինում են  տեղակալները,  որոնցից մեկը Գայանե Գաբրիելյանն է։ Գաբրիելյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի հուլիսի 23-ին։ Մինչ փոխնախարար դառնալը Գաբրիելյանը որտեղ ասես չի աշխատել։ Սկզբում խանութի տնօրեն է եղել, ապա՝ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ում ապրանքների սպասարկման առաջին կարգի մասնագետ, հետո՝ նույն ՊՈԱԿ-ում իրավաբանական վարչության մասնագետ։ Նա շրջել է աշխատատեղերով, եւ որեւէ հաստիք չկա, որ երկար տարիներ աշխատած լինի փոխնախարարը։ Հիմնական հաստիքը, որով այդ աշխատավայրերում հանդես է եկել Գաբրիելյանը, եղել է գնումների փորձագետը։ Նա նաեւ դասախոս է աշխատել եւ աշխատում ԵՊՀ-ում եւ ՀՊՏՀ-ում։ Մինչ նախարար դառնալը նա աշխատում էր Էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես Հանրային ներդրումների քաղաքականության վարչության պետ։ Թե ինչ կապ ունի այսպիսի գործունեություն ունեցող անձը շրջակա միջավայրի հետ, անհայտ է։ Ինչեւէ, այս ընթացքում՝ 2018 թվականին, նա հասցրել է ձեռք բերել հիփոթեքով բնակարան, որի մայր գումարի մնացորդը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 10 մլն 551 հազար դրամ։ Գաբրիելյանը 2019 թվականին ձեռք է բերել 2010 թվականի արտադրության, Mitsubishi մակնիշի ավտոմեքենա։ Փոխնախարարի բանկային ավանդները կազմել են 3 մլն 710 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդը՝ 421 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 12 մլն դրամ։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 13 մլն 528 հազար դրամ, որից 13 մլն 340 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, իսկ 188 հազար դրամը՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ից։ Հիշեցնենք նաեւ, որ Գաբրիելյանը, շրջակա միջավայրի հետ կապ չունենալով, հանդիսանում է Պետական գնումների միության անդամ։

 

 

 

 

Հռոմի ստատուտը, որը ՀՀ կառավարությունն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման, վարչություններում փորձաքննության է ենթարկվել։ Նախ նշենք, որ խորհրդարանում այս նախագծի հիմնական զեկուցողը լինելու է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավական փորձաքննության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն հայտնաբերվել, սակայն նշվել է, որ միջազգային պայմանագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքը նախագծին կից ներկայացված չէ։ Միաժամանակ նշված է, թե  միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մեջ կիրառված են մի շարք հասկացություններ եւ եզրույթներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ կերպ են ձեւակերպված կամ սահմանված։ Մյուս փորձաքննության արդյունքների հետ կապված դիտողություններ չեն եղել։

 

 




Լրահոս