ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԻԱԿ ՇԱՆՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրություններից հետո իսկական փակուղային իրավիճակ է ստեղծվել ավագանիում. Երեւանը փաստացի այս պահին քաղաքապետ չունի:

 

Սեպտեմբերի 17-ին կայացած Երեւանի ավագանու ընտրության նախնական արդյունքներով՝ ավագանու կազմ անցած ուժերից որեւէ մեկը չունի մեծամասնություն եւ չի կարող ստանձնել քաղաքապետի պաշտոնը:

Այսպիսով, ընտրության նախնական արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է ձայների 32,5 տոկոսը, «Ազգային առաջընթաց»-ը՝ 18,9 տոկոսը, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15,4 տոկոսը, «Հանրապետություն»-ը՝ 11,3 տոկոսը, «Հանրային ձայն»-ը՝ 9,7 տոկոսը։

Երեւանի ավագանու 65 մանդատներից 24-ը կստանա «Քաղաքացիական պայմանագիր»-ը, 14-ը՝ «Ազգային առաջընթաց»-ը, 12-ը՝ «Մայր Հայաստան»-ը, 8-ը՝ «Հանրապետություն»-ը եւ 7-ը՝ «Հանրային ձայն» կուսակցությունը։

Հոկտեմբերի 10-ին՝ գործող ավագանու լիազորությունների ավարտի օրը, նորընտիր ավագանին պետք է գումարի առաջին նիստը. եթե որեւէ քաղաքական ուժ չունի 50+ մանդատ, ապա այդ դեպքում արդեն ավագանին պետք է երկշաբաթյա ժամկետում ընտրի քաղաքապետ:

Եթե այս 2 շաբաթվա ընթացքում ավագանու անդամները չկարողանան համաձայնության գալ ու ընտրել քաղաքապետի, կնշանակվեն նոր ընտրություններ։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանը, խոսելով իրավիճակից ելքերի մասին, նշեց՝ եթե ընդդիմադիրներն այս փուլում համաձայնության չգան եւ քաղաքապետ չընտրեն, ապա երկրորդ փուլով իշխող ուժի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը կընտրվի՝ պարզ մեծամասնական ընտրակարգով:

-Նոր ընտրությունների դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Տիգրան Ավինյանին կառաջադրի քաղաքապետի թեկնածու, դիցուք՝ մյուս երեք քաղաքական ուժերը թեկնածու չեն առաջադրում, երկրորդ փուլով ոչ պակաս, քան 40 % ձայն է անհրաժեշտ ընտրվելու համար, եթե մեկ թեկնածու է առաջադրված, իսկ ՔՊ-ն եւ «Հանրապետություն»-ը միասին մոտ 49 % ձայն ունեն՝ 32 մանդատ, երկրորդ փուլով այս երկու կուսակցությունները կքվեարկեն, եւ Տիգրան Ավինյանը կանցնի: Մյուս երեք խմբակցություններից կլինեն մարդիկ, որոնք չեն մասնակցի, ՔՊ-ն «Հանրապետության» հետ կընտրի քաղաքապետ՝ պարզ մեծամասնական կարգով: Ես իրավական ուղին եմ ասում, իսկ թե ինչ տեղի կունենա, ինչ կբանակցեն, մենք չենք կարող ասել:

-Պարո՛ն Այվազյան, իսկ ի՞նչ պիտի արվի, որպեսզի Ավինյանը քաղաքապետ չդառնա:

-Որպեսզի Ավինյանը քաղաքապետ չդառնա, ապա ընդդիմադիրների բացառիկ եւ միակ շանսն այն է, որ առաջին փուլով իրենք իրենց 33 % մանդատով քաղաքապետ ընտրեն:

Եթե չարեցին, ուրեմն Ավինյանը շատ հեշտ կդառնա քաղաքապետ: Մի դեպքում ՔՊ-ն քաղաքապետ չի ունենա՝ եթե առաջին փուլով 33 մանդատով իրենց թեկնածուին ընտրեն:

Սա ընդդիմադիրների միակ շանսն է. ընտրությունների երկրորդ փուլով Տիգրան Ավինյանը կանցնի:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ՄԻՊ-Ը՝ ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան Ստեփանակերտի եւ այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ձեւախեղում է մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգի հիմքում ընկած բոլոր արժեքները:

ՄԻՊ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային հեղինակավոր կազմակերպություններին եւ դերակատարներին անհապաղ քայլեր ձեռնարկել:

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի եւ անվտանգության, ինչպես նաեւ մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից:

Հավելենք, որ պաշտպանը եւս մեկ անգամ հիշեցնում է՝ քաղաքական եւ տարածքային որեւէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանությանը։ Մարդու իրավունքները պետք է գերակա լինեն բոլոր իրավիճակներում եւ աշխարհի ցանկացած անկյունում։ Պաշտպանը կոչ է անում իրավապաշտպան ամբողջ հանրությանը համախմբվել այս նպատակի իրացման շուրջ եւ կանխել մարդու իրավունքների ժամանակակից համակարգի ձեւախեղումը։

 

 

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. «Արցախի Հանրապետությունը թիրախավորվել է Ադրբեջանի կողմից. ԱՀԱԶԱՆԳ՝ միջազգային գործընկերներիս:

Այսօր (երեկ-խմբ.)՝ ժամը մոտ 11։10-ից սկսած, Ադրբեջանը եւ՛ տարբեր տրամաչափի հրթիռներով, անօդաչուներով, եւ՛ այլ հարվածային զենքերով հարձակվել է Արցախի անպաշտպան ժողովրդի վրա: Հարվածում են Արցախի բոլոր ինքնապաշտպանական դիրքերին եւ հատուկենտ մնացած ռազմական օբյեկտներին:

Կեսօրից Արցախի դպրոցականներն ու մանկապարտեզի սաներն էվակուացվել են դեպի ապաստարաններ, Արցախում կյանքը կանգ է առել: Քաղաքացիները, որոնք 9 ամսից ավելի է, ինչ սոված օրեր են անցկացնում, այժմ գտնվում են կյանքի ու մահվան պայքարում. խախտվում է նրանց կյանքի իրավունքը:

Խաղաղ բնակչության վրա այս լայնամասշտաբ հարձակումն Ադրբեջանի կողմից տարբեր միջազգային կոնվենցիաների կոպտագույն խախտում է:

Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային իմ գործընկերներին եւ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով այս հանցագործության վրա, ակնկալելով հրապարակային կամ այլ ձեւաչափով դատապարտող հայտարարություն՝ Ադրբեջանի հակամարդկային գործողությունների վերաբերյալ, ինչպես նաեւ կանխարգելիչ քայլերի իրականացում՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները:

Ադրբեջանը պետք է պատժվի իր շարունակական հանցանքների համար»:

 

 

 

ԱՎԻՆՅԱ՞Ն, ԹԵ՞ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Երեւանի ավագանու ընտրություններն արդեն անցյալում են։ Ընտրությունների արդյունքներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցություններն ու «Մայր Հայաստան» դաշինքը։

«Ժողովուրդ» օրաթերթը առանձնացրել եւ ներկայացնում է, թե որ քաղաքական ուժը որ վարչական շրջանում է ավելի ուժեղ եղել։ Այսպիսով, ՔՊ-ն, որը այս ընտրություններում ստացել է 32,6 տոկոս ձայն, ամենից շատ՝ 46,9 տոկոս ձայն ստացել է Նորք-Մարաշ վարչական շրջանում, հաջորդը՝ Նուբարաշենն է՝ 46,4 տոկոս ձայներով։ Ամենից քիչ ձայն այս ուժը ստացել է Արաբկիրում՝ ձայների 25,5 տոկոս։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունն այս ընտրություններում ստացել է 18,9 տոկոս ձայն։ Այսպիսով, Հայկ Մարությանի գլխավորած ուժը ամից շատ՝ 20 տոկոս ձայն ստացել է Նոր Նորքում, ապա հաջորդում է Ավանը՝ 19,8 տոկոս ձայնով, իսկ ամենաքիչ ձայները Նուբարաշենում են՝ 11,7 տոկոս։ Երրորդ տեղը զբաղեցրած Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» դաշինքն այս ընտրություններին ստացել է 15,4 տոկոս ձայն։ Նրանք ուժեղ են գտնվել Արաբկիրում՝ 19,7 տոկոս ձայն, եւ թույլ՝ Նուբարաշենում՝ 9,6 տոկոս ձայն։

 

 

 

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ՝ ՀԻՆ ԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ձախողած մրցույթների պատճառով գրքեր չեն տպվել։ 2023-2024 թվականի ուսումնական տարին մեկնարկեց տհաճ անակնկալներով, եւ ուսումնական տարին արդեն 3 շաբաթ շարունակվում է առանց դասագրքերի։ Ծնողները, աշակերտները եւ ուսուցիչները դժգոհում են, իսկ նախարարությունը, մի խնդիրը չլուծած, հայտարարում է մեկ այլ մրցույթ՝ նոր դասագրքերի տպագրության համար։

ArmLur.am-ը ահազանգ է ստացել, որ Երեւանի համար 168 հիմնական դպրոցի ծնողները որոշել են ստորագրահավաք անցկացել եւ պահանջել՝ գոնե հին գրքեր տրամադրեն։

Դպրոցի տնօրեն Գոհար Մելիք-Ստեփանյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը տեղյակ չէ որեւէ ստորագրահավաքի մասին, իրեն նման դիմում չի տրվել, իսկ դասագրքերի հետ կապված խնդրի եւ դրա լուծումների վերաբերյալ խնդրեց դիմել Երեւանի քաղաքապետարանի իրավասու վարչություն:

 

 




Լրահոս