Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ, նոր` շնորհակալության արշավ է սկսել՝ ի պատիվ «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպության, որը մոբիլիզացրել է ամերիկացիներին և փրկել է հարյուր հազարավոր որբերի և Ցեղասպանությունից վերապրածների:
Հանձնախմբի տարածած հայտարարության մեջ գրված է.
«Շնորհակալ ենք, Ամերիկա: Հայկական տուրք Մերձավոր Արևելքի օգնությանը» խորագրով արշավը շարժում է, որի նպատակն է գնահատել Հայոց ցեղասպանության տարիներին և դրանից հետո (1915-1923) հետո ամերիկացի ժողովրդի ջանքերը հայ ժողովրդին օգնելու համար, ինչպես նաև կարևորել «Մերձավոր Արևելլքի օգնություն» կազմակերպության ջանքերը, որը կարողացել է փրկել Ցեղասպանությունը վերապրած հարյուր հազարավոր տղամարդկանց, կանանց և երեխաների:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները հայտարարել են, որ արշավը զգալիորեն կբարձրացնի «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպության դերը, ում առաքելությունն է օգնել դժբախտներին, ինչպես նաև կնպաստի, որպեսզի կազմակերպությունը կարողանա ամերիկացիներին համախմբել մեկ նպատակի շուրջ՝ օգնել Հայոց ցեղասպանությունը վերապրածներին:
Շարժման ընթացքում բազմաթիվ միջոցառումների անցկացման եղանակով կնշվի «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպության հարյուրամյակը, ինչպես նաև երախտագիտություն կհայտնվի ամերիկացի ժողովրդին, որը շարունակում է ամենաառատաձեռն ազգը լինելու ավանդույթը: Նշվում է, որ շատ ամերիկահայեր հենց այն մարդկանց սերունդներն են, ովքեր փրկվել են Ցեղասպանությունից’ «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպության ջանքերով:
«Մենք՝ որպես հանձնախումբ և Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին պատրաստվող ազգ, չենք կարող չգնահատել «Մերձավոր Արևելքի օգնության» կարևոր դերը սարսափելի ողբերգության տուժածներին օգնելու, ինչպես նաև հայ ազգի անվտանգությունն ապահովելու գործում»,-ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի համանախագահ Վաննա Կիթսինյանը:
«Այս արշավի միջոցով մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ամերիկացիներին’ հայ ժողովրդին ցուցաբերած օգնության համար: Մենք շնորհակալ ենք, Ամերիկա»,-ասել է Ամերիկայի Հայ դատի մեկ այլ հանձնախմբի համանախագահ Հերմինե Փաքանյանցը:
Քանի որ ԱՄՆ-ում արագորեն տարածվում էին Հայոց ցեղասպանության մասին սարսափելի լուրերը, երկրի նախագահ Վուդրո Վիլսոնը 1915թ. սեպտեմբերին Կոնգրեսին կոչ արեց արագացնել Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցող ջարդերից տուժածներին օգնությունը: Այսպես էլ ձևավորվել է «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպությունը, որը կարողացավ համախմբել ամերիկացիներին` Ցեղասպանությունից փրկված հայերին օգնելու համար:
«Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպության ջանքերով մի շարք որբանոցներ են ստեղծվել և գործում են Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, ինչպես նաև Հայաստանում, որոնք հոգ են տարել Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր որբերի: