ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԵՎԼԱԽԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Եվլախում տեղի ունեցավ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի հետ։

 

-Պարո՛ն Բաբայան, երեկ Եվլախում տեղի ունեցավ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Ինչպե՞ս են ընթացել այս բանակցությունները, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել կողմերը:

Բանակցությունները դեռ կշարունակվեն։ Ամենակարեւորը՝ ընդգծվել է, որ խաղաղ պայմաններում դրանք պետք է ընթանան։ Այսինքն՝ պետք է պատերազմական գործողություններից զերծ մնան, տեսնենք՝ ստացվում է այդպես, թե ոչ:

-Ընդհանուր առմամբ արդյունավետ կգնահատե՞ք այդ բանակցությունները:

-Արդյունավետ էր, թե անարդյունավետ, դա ցույց կտա ժամանակը: Պետք է տեսնենք, թե ինչ արդյունքների է հանդիպումը բերում, նոր հասկանանք՝ արդյունավետ էին դրանք, թե ոչ:

-Իսկ օր որոշվա՞ծ է՝ երբ պետք է շարունակվեն բանակցությունները:

-Դեռ ոչ:

-Պարո՛ն Բաբայան, Ստեփանակերտում մնացած բնակիչներն ի՞նչ վիճակում են հիմա: Նրանց մի մասը Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում է հավաքվել, առանց սննդի, ջրի. ի՞նչ է կատարվում այդտեղ:

-Մարդկանց մի մասը հավաքվել է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, բաց հո Ստեփանակերտից Երեւան թռիչքներ չե՞ն իրականացվում տրանսպորտային ինքնաթիռներով կամ ուղղաթիռներով, որ այդ մարդկանց տարհանեն. տարհանման հարց դեռ չկա: Մեր ժողովրդի մեծամասնությունը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, բայց սա այլ խնդիր է. այս պահի դրությամբ պետք է փոքր-ինչ թեթեւացնենք իրավիճակը։ Կենցաղային առումով իսկապես վիճակը շատ բարդ է, ունենք հազարավոր տեղահանվածներ, փախստականներ, զոհեր վիրավորներ, պետք է հոգանք հազարավոր փախստականների, տեղահանվածների կարիքները: Կան վիրավորներ, զոհեր, անհայտ կորածներ. մարդիկ կան, ովքեր շրջափակման մեջ են։ Այստեղի բնակչությունը, փաստորեն, պաշարված է. այս հարցերը պետք է լուծենք:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ՄԻՊ-Ը՝ ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան Ստեփանակերտի եւ այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ձեւախեղում է մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգի հիմքում ընկած բոլոր արժեքները:

ՄԻՊ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային հեղինակավոր կազմակերպություններին եւ դերակատարներին անհապաղ քայլեր ձեռնարկել:

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի եւ անվտանգության, ինչպես նաեւ մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից:

Հավելենք, որ պաշտպանը եւս մեկ անգամ հիշեցնում է՝ քաղաքական եւ տարածքային որեւէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանությանը։ Մարդու իրավունքները պետք է գերակա լինեն բոլոր իրավիճակներում եւ աշխարհի ցանկացած անկյունում։ Պաշտպանը կոչ է անում իրավապաշտպան ամբողջ հանրությանը համախմբվել այս նպատակի իրացման շուրջ եւ կանխել մարդու իրավունքների ժամանակակից համակարգի ձեւախեղումը։

 

 

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. «Արցախի Հանրապետությունը թիրախավորվել է Ադրբեջանի կողմից. ԱՀԱԶԱՆԳ՝ միջազգային գործընկերներիս:

Այսօր՝ ժամը մոտ 11։10-ից սկսած, Ադրբեջանը եւ՛ տարբեր տրամաչափի հրթիռներով, անօդաչուներով, եւ՛ այլ հարվածային զենքերով հարձակվել է Արցախի անպաշտպան ժողովրդի վրա: Հարվածում են Արցախի բոլոր ինքնապաշտպանական դիրքերին եւ հատուկենտ մնացած ռազմական օբյեկտներին:

Կեսօրից Արցախի դպրոցականներն ու մանկապարտեզի սաներն էվակուացվել են դեպի ապաստարաններ, Արցախում կյանքը կանգ է առել: Քաղաքացիները, որոնք 9 ամսից ավելի է, ինչ սոված օրեր են անցկացնում, այժմ գտնվում են կյանքի ու մահվան պայքարում. խախտվում է նրանց կյանքի իրավունքը:

Խաղաղ բնակչության վրա այս լայնամասշտաբ հարձակումն Ադրբեջանի կողմից տարբեր միջազգային կոնվենցիաների կոպտագույն խախտում է:

Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային իմ գործընկերներին եւ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով այս հանցագործության վրա, ակնկալելով հրապարակային կամ այլ ձեւաչափով դատապարտող հայտարարություն Ադրբեջանի հակամարդկային գործողությունների վերաբերյալ, ինչպես նաեւ կանխարգելիչ քայլերի իրականացում՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները:

Ադրբեջանը պետք է պատժվի իր շարունակական հանցանքների համար»:

 

 

 

ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Երեւանի 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են 78 տեղամասերում իրականացված վերահաշվարկի արդյունքները։

Պատկերն այսպիսին է.

«Հանրային ձայն» կուսակցություն – ավելացել է 16 քվեաթերթիկ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – ավելացել է 31 քվեաթերթիկ

«Արդար Հայաստան» կուսակցություն – ավելացել է 5  քվեաթերթիկ

«Հաղթանակ» կուսակցություն – ավելացել է 1 քվեաթերթիկ

«Ուժը հայրենյաց» կուսակցություն – ավելացել է 6 քվեաթերթիկ

«Հայաստանի եվրոպական կուսակցություն» – պակասել  է 2 քվեաթերթիկ

«Ազգային առաջընթաց» կուսակցություն – ավելացել է 32 քվեաթերթիկ

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն- ավելացել է 1 քվեաթերթիկ

«Հանրապետություն» կուսակցություն – պակասել է 3 քվեաթերթիկ

«Միացյալ Հայաստան» կուսակցություն – պակասել է 5 քվեաթերթիկ

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – ավելացել է 4 քվեաթերթիկ

«Ժողովրդավարական համախմբում» – կուսակցություն՝ պակասել է 3 քվեաթերթիկ

«Ապրելու երկիր» կուսակցություն – ավելացել է 4 քվեաթերթիկ

«Մայր Հայաստան» դաշինք – ավելացել է 67 քվեաթերթիկ

Անվավեր քվեաթերթիկների թիվը  պակասել է 266-ով

Անճշտությունների չափը – 10

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին կամփոփի Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։

 

 

 

ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ

Իշխանության ստացած ու բաշխած աստղաբաշխական պարգեւավճարները այլեւս որեւէ մեկի համար նորություն չեն ու զարմանալի էլ չեն, սակայն բանից պարզվում է, որ իրավական համակարգն էլ չի զիջում ոչ միայն պարգեւավճարների քանակով, այլեւ հիմնավորումներով: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստանում, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ողջ համակարգը ստացել է պարգեւավճարներ, յուրաքանչյուրը՝ մոտավորապես 120.000 դրամ, սակայն Ոստիկանության այն աշխատակիցները, որոնք գործուղված են եղել ՀՀ ոստիկանական ակադեմիա՝ վերապատրաստման, պարեկային ծառայության դասընթացների եւ այլն, չեն ստացել պարգեւավճարներ, առանց հիմնավորման: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՀՀ ոստիկանության հետ՝ պարզելու՝ ինչ հիմնավորմամբ եւ ընտրությամբ են ոստիկանության աշխատակիցների մի մասը ստացել պարգեւավճարներ, մի մասը՝ ոչ: Օրեր անց միայն Ոստիկանությունից մեզ ոչ թե ներկայացրին հարցի պատասխանները, այլ խնդրեցին 30 օր՝ տեղեկություն տրամադրելու համար հավելյալ աշխատանք կատարելու համար: Այսինքն՝ ոստիկանական համակարգը 30 օրվա ընթացքում հազիվ պետք է կարողանա «մտածել» հիմքերը անարդարացիորեն բաժանված պարգեւավճարների համար: «Ժողովուրդ» օրաթերթը կհրապարակի այն հիմնավորումները, որը կներկայացնի ՀՀ ոստիկանութունը՝ որպես բացատրություն: Բայց ակնհայտ է, որ խրախուսվել են յուրային ոստիկանները, «պատժվել»՝ օտարները:

 

 




Լրահոս