Անդրանիկ Թևանյանն ու Վարդան Ղուկասյանը հայտարարություն են տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու ընդդիմադիր ուժերը երեկ հայտարարություններ են արել՝ անդրադառնալով սպասվող գործընթացներին։

«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

«Մայր Հայաստան» դաշինքը Երևանի ավագանու ընտրությունը դիտարկել է որպես Հայաստանում ամբողջական իշխանափոխության հնարավորություն և մեկնարկային քայլ: Այսինքն՝ մենք ոչ թե զուտ քաղաքապետի պաշտոնի հարց ենք դրել, այլ ընտրությունները համարել ենք միջոց Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը փոխելու համար:

Մենք համոզված ենք, որ մեր երկրի անվտանգության, անկախության, տարածքային ամբողջականության ապահովման թիվ մեկ խնդիրը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է և նոր ազգային իշխանություն ձևավորելը:

Երևանի ավագանու ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ «Քաղաքացիական պայմանագիրը» փոքրամասնություն է և չունի մայրաքաղաքում իշխանություն ձևավորելու մանդատ:

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով «Մայր Հայաստանին» քվե տված քաղաքացիներին՝ մենք հիմք ենք ընդունում նաև այն ընտրողների կամքը, որոնք ոչ իշխանական այլ ուժերին քվե տալով՝ կողմ են արտահայտվել իշխանափոխությանը:

Ելնելով վերը նշվածից՝ վերահաստատում ենք նախկինում հնչեցրած մեր դիրքորոշումը՝ «Քաղաքացիական պայմանագրին» Երևանում իշխանազրկման համար պատրաստ ենք աջակցել քաղաքապետի այն թեկնածուին, որը կհայտարարի, որ կիսում է Հայաստանում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու մեր դիրքորոշումը:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը որպես քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հայկ Մարությանին, ով հրապարակավ ընդունել է «Մայր Հայաստանի» դիրքորոշումն ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին:

Եթե ոչ իշխանական դաշտում հաստատվի կոնսենսուս, ապա «Մայր Հայաստան» դաշինքն իր մանդատներով կնպաստի Երևանում «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկման գործընթացին և կօգնի ոչ իշխանական դաշտից նոր քաղաքապետի նշանակմանը՝ իր քվեն տալով «Ազգային առաջընթացի» ներկայացրած քաղաքապետի թեկնածուին՝ Հայկ Մարությանին»:

Իսկ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում առաջարկեց Երևանի ապագա քաղաքապետի հարցը լուծել «ժողովրդի աչքի առաջ»՝ խոստանալով, որ անբարեկիրթ պահվածքից ձեռնպահ կմնա։

«Այդ քննարկման ժամանակ իմ պես լիրիկական անձնավորության երբեք տեսած չեք լինի», – խոստացավ նա՝ վստահեցնելով, որ որևէ անպարկեշտ խոսքի իրենից չեն լսի, և հրավիրելով «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին ու «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանին առցանց հանդիպման:

Իսկ ահա Հայկ Մարությանը նշել էր, թե կողմ է ամբողջական իշխանափոխության։




Լրահոս