ՀԵՐԹԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ամեն հինգշաբթի, երեկ եւս բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիները, հավաքվելով կառավարության շենքի մոտ, իրենց բողոք-խնդրանքները ներկայացրին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Վերջինս մոտեցավ որդեկորույս մայրերին, լսեց նրանց պահանջներն ու ի պատասխան ծնողների այն դիտարկմանը, թե բանակում օրեցօր ավելանում են սպանությունները, հավաստիացրեց, որ բանակում գրանցվել է սպանությունների թվի նվազում, եւ բոլորի գործերին համապատասխան լուծում կտրվի:Որդեկորույս մայրերից մեկի այն հարցին, թե որքան պետք է սպասեն, որ իրենց զավակներին դաժանաբար ծեծող եւ սպանող սպաներն արժանի պատիժ ստանան, Ս.Օհանյանը պատասխանեց, որ քննությունը դեռ շարունակվում է, բոլոր զինվորների մահվան դրդապատճառները կբացահայտվեն, եւ մեղավորները պատասխանատվության կեթարկվեն: Այս հավաստիացմանն ի պատասխան` զոհված զինվորների ծնողներից մի քանիսը նշեցին, որ իրենց որդիների գործերը մինչ օրս բացահայտված չեն:Նախարարը խոստացավ նաեւ հաջորդ շաբաթ ընդունել մի քանի զոհված զինվորների ծնողների` շեշտելով, որ մշտապես ընդունել է իրեն դիմած ծնողներին ու լսել նրանց պահանջները: Տեղեկացնենք, որ բողոքի ակցիային մասնակցում էին ինչպես ՀԱԿ ակտիվիստները, մահացած զինվորների ծնողները, այնպես էլ «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները եւ ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով պարզել էր Վլադիմիր Գասպարյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի նկարներով  ու «Սադիստ մարդասպաններն են նրանց հուսալի  հենարանը» մակագրությամբ պաստառներ: Բողոքի ակցիայի մյուս մասնակիցների  ձեռքերին կարելի էր տեսնել «Հայրենի՛ք, պաշտպանի՛ր զինվորիդ», «Բանակն առանց մարդասպանների», «save our soldiers»,  «Ինքնասպանությունների բանակ» մակագրությամբ պաստառներ: Ակցիայի մասնակիցները թեեւ սպասում էին նոր ոստիկանապետ, պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանին, բայց նա այդպես էլ չներկայացավ կառավարության նիստին` իր փոխարեն ուղարկելով ՊՊԾ Արթուր Օսիպյանին: Ակցիային չէր մասնակցում նաեւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը:Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Ս.Օհանյանն անդրադարձավ ԼՂՀ Հադրութի շրջաններից մեկում  մահացած Արմեն Մողրովյանի մահվան հանգամանքներին եւ հավաստիացրեց, որ վերջինս առողջական խնդիրներ չի ունեցել: «Նրան նույնիսկ ընտրել էին, որ անցներ սերժանտական պատրաստություն եւ դառնար ջոկի հրամանատար: Նա հաշվառված է եղել տվյալ զորամասի զինված ուժերում` որպես լավագույն զինծառայող, բայց  հանկարծամահ է եղել»,-ասաց Ս.Օհանյանը` հավելելով, որ ծառայության ժամանակ  կատարվել է փոքր վիրահատական միջամտություն, որից հետո զինվորն արդեն առողջ է եղել:Տեղեկացնենք` դիահերձման արդյունքում պարզվել էր, որ զինվորի մահը վրա է հասել սրտի պսակաձեւ անոթների շրջանառության սուր խանգարման հետեւանքով: Անդրադառնալով զինծառայողների բուժզննմանը` Ս.Օհանյանը նշեց, որ գոյություն ունի բժշկական հանրապետական հանձնաժողով, որի աշխատանքները խստորեն վերահսկվում են ե՛ւ պաշտպանության նախարարի, ե՛ւ առողջապահության նախարարության, ե՛ւ հանրապետության իրավապահ մարմինների կողմից: «Բազմաթիվ անգամ մենք իրականացրել ենք  համատեղ միջոցառումներ, եւ եթե բացթողումներ են եղել, կատարել ենք համապատասխան  քայլեր դրանք շտկելու համար»,-նշեց նախարարը` հավելելով, որ մինչեւ բանակ զորակոչվելը տղաներն անցնում են եռաստիճան զննում` առաջինն իրենց մշտական տեղական վայրերում, երկրորդը` հանրապետական բժշկական հանձնաժողովում, երրորդը` պաշտպանության նախարարության  հավաքակայանի  բժշկական հանձնաժողովում:Նշենք,  որ ի տարբերություն նախորդ շաբաթ անցկացված բողոքի ակցիայի, որի ժամանակ ոստիկանները շրջափակել էին կառավարության շենքը, այս անգամ  ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին թեեւ թույլատրել էր մոտենալ ՀՀ կառավարության շենքին, սակայն մեծ ուժեր կենտրոնացնելով` միջոցներ էր ձեռնարկել կառավարության անդամների շփումը  ցուցարարների հետ  նվազագույնի հասցնելու համար: ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ




Լրահոս