ԱՆԼԱՐ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԵՐԻ ՏԵՐԵՐԸ ՉԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած Էջմիածնի Խորունք գյուղի բնակիչ Մարգարիտան վրդովված պատմեց, որ վերջերս ինչ-որ մի կազմակերպություն իրենց գյուղում նոր անլար հեռախոս է տեղադրել, որն իրենց համար «ջարմա» է դարձել.  ո՛չ կարողանում են զանգահարել, ո՛չ էլ զանգեր ստանալ:Տիկին Մարգարիտան պատմեց, որ ի սկզբանե իրենք կաբելային հեռախոս են ունեցել, որը շատ նորմալ աշխատել է. «Էկան, քար ու քանդ արեցին քիչ չէ, հետո էլ ինչ-որ սեւ գույնի հեռախոսներ են բերել տեղադրել, որն անլար է, ու էդ չի հարցը, հարցն այն է, որ մենք չենք կարողանում խոսալ այդ հեռախոսով, պետք է ինչ-որ մի կետ գտնես, որ կարողանաս խոսես, թե չէ զանգել չի լինում»:Մեր զրուցակիցը նշեց, որ հեռախոսը բջջային հեռախոսի տիպի է` քարտերով է աշխատում. «Գյուղում բոլորին միատեսակ հեռախոսներ են բաժանել, ու չեք պատկերացնում` ինչ խայտառակ գծեր են, եթե գլուխդ մի փոքր թեքես ու փորձես մեկ այլ տեղից զանգել, միանգամից կապն անջատվում է: Ախր չեք պատկերացնում` ինչ վիճակ է, սա ուղղակի խայտառակություն է»:Խորունք գյուղի բնակիչները միաբերան խնդրում են ազատել իրենց այդ «հոգսից» կամ էլ կարգավորել այդ կապը, չնայած նշում են, որ իրենք տեղյակ չեն, թե այդ որ ընկերությունն է նման «բարեհոգություն» կատարել. «Մեզ ո՞վ կասի, թե ով է էդ հեռախոսների տերը, ում դիմում ենք` ասում են դա մերը չէ: Ախր մենք երբեւիցե հեռախոսակապերի հետ խնդիրներ չենք ունեցել, թե ով է որոշել, որ նման հեռախոսակապ էր պետք էս գյուղի համար, չենք հասկանում, ա՛յ մարդ, չենք ուզում, թող գան հանեն` պրծնենք»:Տիկին Մարգարիտան ասաց, որ ինչ-որ վեց համարանիշերով սկսվող անհասկանալի պատկանելության կապ է. «Ամսական մեծ գումարներ ենք մուծում, բայց չենք կարողանում օգտագործել: Բացի թերություններից, որեւէ առավելություն չունի, էսքան ժամանակ մենակ ներվայնացել ենք, ուրիշ ոչինչ»:«Ժողովուրդ»-ն օրեր շարունակ փնտրում էր անլար հեռախոս տրամադրող այդ ընկերությունը, որի կապը Խորունք գյուղի բնակիչներն աղաչում են «ապամոնտաժել» եւ իրենց ազատել այդ տհաճությունից:Մենք դիմեցինք «Բիլայն» ընկերությանը` պարզելու համար` արդյոք  իրենցն է այդ հեռախոսակապը, սակայն ընկերության մամլո խոսնակ Անուշ Բեղլոյանը պատասխանեց, որ իրենք նման կապ չունեն, եւ իրենք չեն այդ վեցանիշ հեռախոսահամարների պատասխանատուները:Վերջերս «Յուքոմ» ընկերությունն էր 6 թվով ինչ-որ նոր հեռախոսահամարներ ստեղծել, ուստի զրուցեցինք նաեւ այդ ընկերության տեղեկատվական պատասխանատու Արեւիկ Օհանյանի հետ: Վերջինս, սակայն, ասաց. «Էջմիածին քաղաքում մեր կապերից ոչ ոք չի կարող օգտվել, որովհետեւ մենք այնտեղ դեռեւս ցանց չունենք: Բայց Էջմիածնում մի ընկերություն կա, որը մեզանից գնել է մեր կապուղին եւ ինչ-որ հեռախոսային ծառայություններ է տրամադրում: Այն մեզ հետ ոչ մի անմիջական կապ չունի, բնակիչները կարող են դիմել իրենց: Մենք ցավում ենք, որ չենք կարող օգնել, իրենք այդ տարածքում պետք է դիմեն ու պատասխան ստանան, մենք Երեւանին ենք սպասարկում»: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս