ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԳՈՒՅՔՆ ԵՆ ՎՆԱՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վաղ առավոտվանից ակցիաներ են մայրաքաղաքի տարբեր փողոցներում, մի շարք ուսումնական հաստատություներ հայտարարել են դասադուլ, իսկ ընկերությունները՝ գործադուլ։ «Ժողովուրդ» օրաթերթին համակարգից հայտնի դարձավ, որ այս պահի դրությամբ ձերբակալվել են 3 անձ, որոնց իրավապահները ձերբակալել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան գույքը վնասելու համար, 50-ից ավելի անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն՝ վարչական իրավախախտման հիմքով։ Նկատենք, որ այս թվերը պարբերաբար փոփոխության են ենթարկվում:

 

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն եւ հետաքրքրվեց, թե սեպտեմբերի 19-ից մինչ օրս, Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված, բողոքի ակցիաների արդյունքում քանի անձ է կալանավորվել։

Ի պատասխան մեզ՝ հայտնեցին. «Այս պահի դրությամբ կալանավորվածները 4-ն են, որոնցից 3-ը՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով (hասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններին մասնակցելը, եթե մասնակցի արարքը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ անձի կյանքը կամ առողջությունը վտանգող այլ արարքի կատարմամբ, հրկիզումով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք գործադրելով կամ այդ գործողությունները կազմակերպելով կամ ղեկավարելով), իսկ 1-ը՝ 393-րդ հոդվածի 1-ին մասով (իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ, մեկ ուրիշի դրդմամբ, նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելը):

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։ Ադրբեջանի ագրեսիայի սկսելու առաջին իսկ րոպեներից Հանրապետության հրապարակում քաղաքացիները ներկայացնում են իրենց բողոքի ձայնը ներկայիս կառավարության վարած քաղաքականության դեմ:

Քաղաքացիները պարբերաբար բողոքի ակտիվ գործողություններ են իրականացնում քաղաքի տարբեր մասերում՝ փակելով քաղաքի փողոցները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԱՐՁԱԿՈՒՄ՝ ԵԿՄ ԱՆԴԱՄԻ ՎՐԱ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ գիշերն իր տան բակում ավազակային հարձակման ենթարկված անձը ԵԿՄ անդամ Արթուր Հովակիմյանն է։ Նրա վրա անձինք են հարձակվել, որոնք տարել են 6000 դոլար, ինչպես նաեւ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից պարգեւատրված «Մակարով» տեսակի ատրճանակը

Նշենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ սեպտեմբերի 21-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 23։30-ի սահմաններում դիմակավորված անհայտ 3 անձինք Անդրանիկի փողոցի 114 շենքի մոտ բռնություն են գործադրել Երեւանի բնակիչ, 57-ամյա Արթուր Հ?-ի նկատմամբ, սպառնալիքի տակ նրանից հափշտակել ձեռքին եղած պայուսակը, ապա դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։

Ժամանել է նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ դիմակավորված 3 անձանց կողմից Արթուր Հ.-ին պատկանող գողացված պայուսակում եղել են մոտ 6000 ԱՄՆ դոլար, անձնական փաստաթղթեր, 3 հատ բջջային հեռախոսներ եւ 2002 թվականին ՀՀ վարչապետի կողմից որպես պարգեւ նրան տրված «Մակարով» տեսակի ատրճանակ։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԲՆԱԿՉՈՒՀԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ

Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքում անցկացվող զանգվածային ակցիաների ընթացքում դրա մի խումբ մասնակիցներ ժամը 20:50-ի սահմաններում փակել են Երեւան քաղաքի Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկը։ Փողոցը բացելու եւ հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցի օրինական պահանջը ակցիայի մասնակիցների կողմից անտեսելու պայմաներում դրա մասնակիցներից մի կին մոտեցել է ոստիկանության տվյալ աշխատակցին եւ ձեռքերով հարվածներ հասցրել վերջինիս դեմքի եւ կրծքավանդակի շրջաններին, խոչընդոտել նրա կողմից իր ծառայողական պարտականությունների կատարմանը. հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Նշված հանցավոր արարքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ դեպքի վայրից նշված կինը՝ Երեւան քաղաքի 47-ամյա բնակչուհին, տեղափոխվել է ոստիկանության բաժին։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ վերջինս ձերբակալվել է:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաքննությունը շարունակվում է։

 

 

 

ՍԵՐԸ՝ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Նախորդ տարի, երբ ընդդիմությունը կրկին փողոց էր դուրս եկել` պայքարելով իշխանությունների ազգակործան քաղաքականության դեմ, ոստիկանությունն անհամաչափ բիրտ ուժ էր կիրառել։

Հիշում եք՝ եղան լուրջ վնասվածքներ ստացած անձինք, եւ շատ երկար տարիներ ընդդիմադիր, այժմ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չէր թաքցրել իր գոհունակությունը ոստիկանական բարբարոսությունների առթիվ, անգամ շնորհակալություն էր հայտնել: «Ոստիկանական ուժերը եւ բոլորը առհասարակ գործում են խիստ ժողովրդավարական օրենքների տառին համաձայն, իրենց ծառայությունը իրականացնում են ամենայն պատշաճությամբ։ Իսկապես, զարմանում եմ մեր ոստիկանների համբերության եւ նրանց պինդ նյարդերի վրա. նրանք փայլուն ծառայություն են իրականացնում, նաեւ շնորհակալություն եմ հայտնում նրանց»,- ասել էր Ավանեսյանը։

Երեկ, իհարկե, կառավարության նիստից հետո նախարարները ճեպազրույցներ չունեցան, խուսափեցին լրագրողների հետ հանդիպումից։ Հնարավոր չեղավ պարզել՝ վերջին օրերի վայրագությունների համար այս անգամ էլ է Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն հայտնում ոստիկաններին, թե ոչ։ Բայց նկատենք, որ երկու օր առաջ նա այցելել էր հիվանդանոցում քաղաքացիների հետ բախումների արդյունքում բուժում ստացող ոստիկաններին, բայց ո՛չ ցուցարարներին, ո՛չ մարդկանց, որոնք ըմբոստացել են Արցախը վերջնականապես հանձնելու՝ Նիկոլ Փաշինյանի գործողություններին։

Հետաքրքիր է՝ եթե ոստիկանները նույնն անեին նաեւ Ավանեսյանի եւ նրա շեֆի ընդդիմադիր տարիներին, նա կրկին շնորհակալություն կհայտնե՞ր, թե՞, ընդհակառակը, կաղաղակեր ժողովրդավարության ոտնահարման մասին։ Այդ ընթացքում «կարմիր բերետավորները» ոտքերով ու ձեռքերով հարվածում են ցուցարարներին։

Երեկ էլ մարմնական վնասվածք է ստացել ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հետաքրքիր է՝ Անահիտ Ավանեսյանը կայցելի՞ օրենսդիր մարմնի ներկայացուցչին հիվանդանոցում, թե՞ նման դեպքերում այցերն արգելված են. դե, հանկարծ շեֆը չբարկանա ու պաշտոնանկ չանի ոլորտը ձախողած ոչ մասնագետ նախարարին։




Լրահոս