ԱԺ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՆ ԲԵՐՈՒՄ ՀՌՈՄԻ ՍՏԱՏՈՒՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար չարչրկված Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը՝ Հռոմի ստատուտը, այսօր վերջապես կքննարկվի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Համաձայնագրի վավերացումը նախատեսում է պարզ ընթացակարգ, ինչպես սովորական նախագծերի, համաձայնագրերի համար է. նախ՝ գլխադասային հանձնաժողովում կքննարկվի, այս դեպքում՝ Պետաիրավական, այնուհետեւ՝ դրական եզրակացություն ստանալուց հետո, հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում այն արդեն կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: ԱԺ-ում Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանականները, չնայած բազմաթիվ քննադատություններին, մտադիր են գալ ու միաձայն կողմ քվեարկել նախագծին: Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր դեռեւս 1999թ.-ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել այն։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ.-ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով կրկին դիմեց ՍԴ։ ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։ Փաստաթղթին միանալու դեպքում, ենթադրվում է, որ Հայաստան այցի դեպքում Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի: Հաագայի միջազգային քրեական դատարանը այս տարի՝ մարտ ամսին, Ռուսաստանի նախագահ Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր էր տվել, ուստի ենթադրվում է, որ Հռոմի կանոնադրությունը վավերացրած եւ դատարանի իրավազորությունը ճանաչած պետությունները Վլադիմիր Պուտինին ձերբակալելու պարտավորություն ունեն: Ստացվում է՝ Հայաստանն էլ, միանալով այս փաստաթղթին, պարտավորվում է կատարել միջազգային դատարանի այս որոշումը. հենց Պուտինը մեր երկիր մտնի, կձերբակալեն: Հայաստանի այս քայլը Ռուսաստանը պաշտոնապես որակել էր ոչ բարեկամական իրենց նկատմամբ: Չնայած դժգոհություններին՝ իշխանականներն էլ պնդում են, թե Հռոմի ստատուտը վավերացնում են, որպեսզի կարողանան միջազգային բարձր ատյաններում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հասնել:

 

 

 

Հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Այդ մասին պարզ դարձավ սեպտեմբերի 24-ին, երբ հայտարարվեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Բրյուսել մեկնելու մասին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 26-ին նա հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հ. Հաջիեւի հետ՝ նախապատրաստելու այդ հանդիպումը։ Հանդիպումը մասնակիցներին հնարավորություն տվեց նաեւ կարծիքներ փոխանակել Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում ղեկավարների հնարավոր հանդիպման վերաբերյալ, որը նախատեսված է 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում: Եվ, ահա, այդ հանդիպման ժամանակ նշվել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը շահագրգռված են օգտագործելու Գրանադայի հնարավոր հանդիպումը՝ շարունակելու հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը: Սպասվում է, որ հոկտեմբերի 5-ին տեղի ունենալիք հանդիպմանը քննարկվելու են սահմանների սահմանազատմանը, անվտանգությանը, հաղորդակցություններին, հումանիտար հարցերին եւ խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր։ Ավելին՝ նշվում է, թե անհրաժեշտ են հստակ գործողություններ եւ վճռական փոխզիջումային լուծումներ՝ կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով։ Այսինքն՝ հոկտեմբերի 5-ին ղեկավարների սպասվող  հանդիպմանը կարող են լուրջ որոշումներ ընդունվել։

 

 

 

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործը թեեւ վերաբացված է, սակայն դեպքից 4 տարի անց՝ մինչ օրս, հայտնի չէ, թե ով կամ ովքեր նախկին ոստիկանապետին հասցրին ինքնասպանության: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է։ Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Գրել էինք նաեւ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: 2021 թվականին գործը կասեցվեց, սակայն 2022 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հստակ սահմանեց, որ կա՛մ քրեական վարույթը կարճվում է, կա՛մ որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում եւ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվում։ Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այլեւս չբացահայտված քրեական վարույթների կասեցման իրավական ընթացակարգ չի նախատեսում: Եթե նախկինում քննիչները քրեական գործերը կասեցնում էին ու տարիներով  գցում իրենց «սեյֆերը», ապա հիմա պետք է քննությունը շարունակեն: Ստացվում է՝ նախկին ոստիկանապետի մահվան գործը բացված է, բայց ոչինչ բացահայտված չէ։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 26-ին ԱԱԾ մեկուսարանից ազատ է արձակվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը։ Մեզ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն չի ներկայացրել դատարան նրա կալանքը երկարացնելու վերաբերյալ, սեպտեմբերի 26-ին նրա կալանքի ժամկետը լրացել է, ու նա ազատ է արձակվել։ Հիշեցնենք, որ նրան կալանավորել էին ՊՆ հողատարածքների ապօրինի վաճառքի գործով: Ըստ էության, պարզ է, թե որն է Վաչագան Ղազարյանի ազատության գինը: Այս տարվա օգոստոսի 31-ին դատախազությունը հայտնեց, որ «Եռաբլուր» պանթեոնի 4 միավոր հողատարածքները վերադարձրեց Հայաստանի Հանրապետությանը. «Գլխավոր դատախազության մասնակի հաշտության համաձայնությունը հաստատվեց դատարանի կողմից: 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել էր ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի եւ նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրությունը։ Կատարված ուսումնասիրության արդյունքում Գլխավոր դատախազությունը 2022 թվականի մայիսի 31-ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում՝ պահանջելով Վաչագան Ղազարյանից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել օրինական եկամուտներով չհիմնավորվող շուրջ 1 մլրդ 647 մլն դրամ եւ 7 մլրդ դրամ շուկայական արժեքով գույք։ 2023 թվականի օգոստոսի 22-ին Վաչագան Ղազարյանի եւ նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն էր ներկայացվել հայցապահանջը մասնակի ընդունելու եւ հայցապահանջում ներառված` «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու վերաբերյալ դիմում։ Դիմումի հիման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազության եւ դիմում ներկայացրած անձանց միջեւ 2023 թվականի օգոստոսի 22-ին կնքվել է հաշտության համաձայնություն, որը նույն օրը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով»:

 




Լրահոս