ՀՌՈՄԻ ՍՏԱՏՈՒՏԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը երեկ միաձայն ընդունել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին նախագիծը։

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը նշեց, որ համաձայնագիրը վավերացրել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հասնելու համար:

-Տիկի՛ն Ղազարյան, չնայած բազմաթիվ դժգոհություններին, Ռուսաստանի կողմից հնչող կոշտ հայտարարություններին՝ Հայաստանի իշխանությունները, ամեն դեպքում, որոշեցին գնալ Հռոմի ստատուտը վավերացնելու ճանապարհով: Այսօր (երեկ-խմբ.) արդեն գլխադասային հանձնաժողովում է քննարկվել, առաջիկայում լիագումար նիստեր կգումարվեն, հիմնավորումն էլ հայաստանյան իշխանության այն է, որ սա հնարավորություն է տալիս, որ Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում պատժամիջոցների հասնենք: Ռուսական կողմն ասում է, որ հակառուսական միտմամբ է այդ ամենն արել Հայաստանը: Ի՞նչ է մեզ սա տալիս ի վերջո, եթե վերջնական վավերացման հասնի, քանի որ առանց այդ էլ հարաբերությունները Ռուսաստանի հետ լարված են:

-Կուզենամ սկսել վերջից. պետք է նշեմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածությունը ես դեռեւս չեմ նկատում: Նաեւ չեմ ուզում Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը կապել այդ գործընթացների հետ, քանի որ, նախ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա՝ Ազգային ժողովի պատգամավոր՝ մենք պետք է առաջինը մտածենք, թե ինչն է մեզ համար, մեր երկրի համար կարեւոր, եւ նախագծի քննարկման ընթացքում էլ իմ խոսքում նշեցի, որ քննարկվելու է այս օրերին ամենացավալին, որին ականատեսն ենք մենք: Խոսքը վերաբերում է մեր հայրենակիցների բռնի տեղահանմանը, որը միանշանակ  իրավական չէ, ինչպես նաեւ 2021 թվականից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների ժամանակ հանցագործությունների կանխարգելմանը: Հետագայում էլ նախատեսվում է կանխարգելիչ գործողությունների իրականացում, որպեսզի ավելի ուշ եւս կանխարգելվեն նման դեպքերը: Կարծում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ յուրաքանչյուրս պետք է առաջին հերթին մտածի Հայաստանի մասին:

-Տիկի՛ն Ղազարյան, մենք տեսնում ենք, որ միջազգային տարբեր ատյաններ որոշումներ են կայացրել, կոչ են արել, որ Ադրբեջանը դադարեցնի այս ագրեսիվ գործողությունները, բայց այդպես էլ որեւէ բան Ադրբեջանի վրա չի ազդել: Այժմ Հռոմի ստատուտը վավերացնելը ինչքանո՞վ է երաշխիք, որ կզսպվի Ադրբեջանը:

-Դե հնարավոր ամեն գործոն այս պարագայում, երբ մենք գտնվում ենք արտաքին եւ ներքին սպառնալիքների ներքո , հնարավոր բոլոր տեսակ գործիքներից, որոնք կարող են Հայաստանի համար օգուտ բերել, պետք է օգտվել:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՊԱՏԱՍԽԱՆ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

«Մենք խստորեն դատապարտում եւ մերժում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի հայտարարությունն այն մասին, որ, իբր, Արցախում բնակվող հայ բնակիչները ենթարկվել են «էթնիկ զտումների»»,- հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Այդ խոսքերը հակասում են Հայաստանի վարչապետի՝ սեպտեմբերի 21-ի հայտարարությանը,  որում նա ասել էր, որ Ադրբեջանի կողմից հայ բնակիչներին վտանգ  չի սպառնում, ինչպես նաեւ նպատակ ունի խաթարելու Ադրբեջանի մարդասիրական աջակցությունն ու  վերաինտեգրման ջանքերը»,- նշված է հաղորդագրությունում։

ԱԳՆ-ից հայտնում են նաեւ, որ Արցախում բնակվող հայ բնակիչների հեռանալը նրանց անձնական եւ անհատական որոշումն է եւ կապ չունի հարկադիր վերաբնակեցման հետ, եթե հայ բնակիչների մի մասը չի ցանկանում ապրել ադրբեջանական օրենսդրության շրջանակներում, ինչպես նաեւ  իշխանություններին ենթարկվել։

«Տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու համար Հայաստանը պետք է վերացնի հայ բնակիչների վերաինտեգրման գործընթացի խոչընդոտները եւ կենտրոնանա երկու երկրների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վրա հիմնված խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացի հաջող ավարտի վրա», – եզրափակել են նրանք։

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ

«Ռուսաստանն ուշադրությամբ հետեւում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին»,- այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի երեկվա հրամանագիրը, ըստ որի` հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ:

«Մենք ի գիտություն ենք ընդունել, ուշադիր հետեւում ենք իրավիճակին, առաջին հերթին, իհարկե, կարեւոր է հումանիտար ասպեկտը»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ խաղաղապահները շարունակում են աջակցել մարդկանց, որոնցից շատերը Հայաստանի տարածք տեղափոխվելու ցանկություն են հայտնում։

«Բոլոր ցանկացողներին աջակցություն է ցուցաբերվում»,- ընդգծել է ՌԴ նախագահի խոսնակը։

Լրագրողները նրան հարցրել են, թե ով է մեղավոր, որ հայերը սկսել են զանգվածաբար լքել Լեռնային Ղարաբաղը: «Դժվար է ասել` ով է մեղավոր, քանի որ նման գործողությունների համար ուղիղ պատճառ չկա, բայց, այնուամենայնիվ, մարդիկ ցանկություն են հայտնում լքել Ղարաբաղի տարածքը։ Նրանց մի մասը կարող է, ցանկանում է դա անել ընդմիշտ, մի մասը՝ ժամանակավորապես տրանսֆորմացիայի շրջանում», – պատասխանել է Պեսկովը։

 

 

 

ԱՐՑԱԽԸ ԿԼՈՒԾԱՐՎԻ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները լուծարելու վերաբերյալ։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Տեղեկատվական շտաբը։

Հրամանագրում նշվում է, որ հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակը եւ ելնելով ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգության եւ կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն այն մասին, որ հաշվի է առնվելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների՝ սեփական ունեցվածքով ու տրանսպորտային միջոցներով ազատ, կամավոր եւ անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով, որոշվել է՝

«Մինչեւ 2024թ. հունվարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայության բոլոր պետական   հիմնարկները եւ կազմակերպությունները, եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի ներկայացրած վերաինտեգրման պայմաններին ապագայում ԼՂ-ում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անհատական որոշում կայացնելու նպատակով»։

Հրամանագրում նշվում է նաեւ, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

 

ԲԱՆԱՁԵՎ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ

«Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի սարսափելի ագրեսիայի եւ էթնիկ զտման ֆոնին եւս մեկ բանաձեւ եմ ներկայացնում, որի արդյունքում, հուսով եմ, Բաքվին Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնությունը կդադարեցվի։

Կապ չունի՝ ինչ են ասում մեր դիվանագետները. եթե այդ ռեժիմին շարունակենք գումար տրամադրել, նրանք էլ կշարունակեն բռնությունները». Ադամ Շիֆ

 

 

ՀՈՒՅՍ ՈՒՆԻ

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ որոշմանը։ «Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետեւանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար։ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում կգտնվեն ուժեր, որոնք չեն դակի Հռոմի ստատուտի վերաբերյալ տոքսիկ որոշումը»,- ըստ ՏԱՍՍ-ի՝ հայտնել են Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ից։

 

 




Լրահոս