Տան ուղղությամբ կրակոց արձակած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել էր, որ երկու անգամ կրակել են Բաշինջաղյան փողոցում գտնվող իր տան ուղղությամբ։ Հարևաններն էլ լսել են կրակոցի ձայն ու նաև գտել պարկուճ:

Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Իրավապահները պարզել էին, որ ժամը 18.50-ի սահմաններում, դեռևս չպարզված տեսակի ողորկափող հրացանի կրակոցի հետևանքով վնասվել էր բնակարանի ննջասենյակի պատուհանի ապակին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր մետաղյա իր:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Մաշտոցի ոստիկանները համագործակցեցին Երևան քաղաքի վարչության հետախույզների հետ, և օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում պարզվեց կրակողի ինքնությունը։ Սեպտեմբերի 29-ին, ժամը 9.20-ին, Շինարարների փողոցի բնակիչ, 32-ամյա տղամարդն իր տանը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




Լրահոս