Ի՞նչ փուլում է Արցախի գերեվարված պաշտոնյաների եւ զինվորականների վերադարձի հարցը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի բոլոր կետերը, փաստացի, իրագործվել են, Ադրբեջանի բոլոր պահանջները կատարվել են, բայց հայկական կողմի համար ամենակարևոր հարցը՝ ռազմագերիների վերադարձը, դեռևս մնում է չլուծված:

Ավելին, այս տարվա սեպտեմբերի 19-ի՝ Արցախի դեմ սանձազերծած Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայից հետո գերեվարվել են Արցախի մի շարք պաշտոնյաներ և գեներալներ:

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցի զինվորականները Ստեփանակերտից հեռանալիս բերման են ենթարկել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Սեպտեմբերի 29–ին Հակարի կամրջի անցակետն անցնելիս ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել էին ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։

ArmLur.am-ը դիմեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակ՝ պարզելու, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում նրանց վերադարձի ուղղությամբ: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀ կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Հակարիի ադրբեջանական անցակետում Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով, իսկ մյուս պաշտոյաների մասով դեռ դիմում չեն ներկայացրել.

«Գործընթացը սկսված է միայն Ռուբեն Վարդանյանի մասով, դիմել ենք ՄԻԵԴ, բայց Ադրբեջանից արձագանք չկա, դատարանի հետ նամակագրություն կա, չենք կարող ասել՝ դատարանը չի պատասխանել, այսինքն դատարանի մասով արձագանք կա, բայց Ադրբեջանից դեռ չունենք: Մնացածի մասով դեռ ոչինչ չունենք, դիմում չկա»,-ասաց նա:

Ինչ վերաբերվում է մյուս ռազմագերիներին, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից մեզ ասացին, քանի որ գերիների թվի վերաբերյալ հստակ և վերջնական տվյալներ դեռ չկան, ուստի չեն կարող գործընթաց նախաձեռնել:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս