Հուլիսի 23-ին ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս` Արեւմտյան մաքսատուն-վարչության ուղեւորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցների հետ համատեղ բացահայտել էին թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը: ArmLur.am-ին հայտի դարձավ, որ գործով կալանավորված է կին․ վերջինս Լոռենա Գաբրիելլե Օտիմ Դի Պյվանին է , գործով նախաքննության ավարտ է հայտարարվել և այն ուղարկվել է դատարան :
Ինչպես հայտնել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, օպերատիվ տեղեկություն է ստացվել այն մասին, որ, հնարավոր է, Սան-Պաուլո-Փարիզ-Երեւան ավիաչվերթով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղեւորներից մեկը Կոկաին տեսակի թմրամիջոց է տեղափոխում:
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորային համալիրի մաքսային հսկողության գոտում անձնական մաքսային զննման է ենթարկվել Հայաստան ժամանած Բրազիլիայի քաղաքացի Լ.Պ.-ն։
Ունենալով կասկածներ, որ քաղաքացին հնարավոր է մարմնում թաքցնում է թմրամիջոցներ, վերջինս ենթարկվել է տեսազննության: Նրա մարմնում նկատվել են օտար մարմիններ, որոնք դուրս բերելու նպատակով ՀՀ ՊԵԿ Արեւմտյան մաքսատուն-վարչության եւ ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից Բրազիլիայի քաղաքացին օդանավակայանից տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնում իրականացված համակարգչային շերտագրման` սկանավորման արդյունքում պարզվել է, որ նրա հաստ աղիքի հատվածում առկա են գնդաձեւ օտար մարմիններ, որոնք վերջինիս մարմնից դուրս են բերվել բժշկական տարբեր միջամտությունների արդյունքում: Հայտնաբերվել է Կոկաին տեսակի թմրամիջոցին նմանվող 120 հատ օվալաձեւ պարկուճ, այդ զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 1216 գրամ։ Հայտնաբերված թմրամիջոցի շուկայական արժեքը գերազանցել է 300 հազար ԱՄՆ դոլարը։
Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով, եւ հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բրազիլիայի քաղաքացին ձերբակալվել է, այնուհետեւ` կալանավորվել։
Քնար Մանուկյան