Հոկտեմբերի 10-ին կայանալիք Երևանի ավագանու նիստում ավագանու անդամները բաց քվեարկությամբ նոր քաղաքապետ կընտրեն:
Երեկ արտահերթ նիստով ավագանին մի շարք հստակեցումներ է արել քաղաքապետի ընտրության ընթացակարգում:
Իսկ ի՞նչ են այս փոփոխությունները ենթադրում:
Այսպիսով, հոկտեմբերի 10-ին սպասվող քաղաքապետի ընտրության ժամանակ յուրաքանչյուր քվերաթերթիկի վրա պետք է գրվի նաև ավագանու անդամի անունը:
Քվերակության արդյունքներից հետո արդեն քաղաքապետարանում կհրապարակվեն վերջնական արդյունքները, թե ավագանու ո՞ր անդամը, ո՞ր թեկնածուի օգտին է քվեարկել: Թե սա ինչպե՞ս է անդրադառնալու ընտրության վերջնարդյունքի վրա, դժվար է ասել, բայց այս փոփոխությունը հստակ ցույց է տալիս իշխանության անհանգստությունները և վախերը:
Թեև դեռ ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած ուժերն իրենց վերջնական որոշման մասին չեն հայտարարել, բայց, կարծես, ջրերն արդեն պարզվում են:
Քաղաքական ուժերի հայտարարություններից պարզ է դառնում, որ հոկտեմբերի 10-ին սպասվող ավագանու նիստը ամեն դեպքում կկայանա, քանի որ, ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանությանը հաջողվել է «Հանրային ձայն» կուսակցության հետ համաձայնության գալ, ապահովել 1 ձայն, որպեսզի այդ օրը քվորում ապահովեն:
Եթե նիստը կայանում է, եւ որպես քաղաքապետ առաջադրվում է միայն 1 թեկնածու,այս դեպքում թեկնածուն Տիգրան Ավինյանն է. ապա նրա քաղաքապետ ընտրվելու համար բավարար կլինի ընդամենը 27 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանգրի» և «Հանրապետություն» կուսակցությունները միասին ունեն 32 ձայն:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև առկա է ներքին համաձայնություն, որ Արամ Սարգսյանի թիմակիցները գան ու կողմ քվեարկեն Տիգրան Ավինյանի թեկնածությանը, դրա փոխարեն՝ «Հանրապետություն» կուսակցությանը կհատկացվի փոխքաղաքապետի պաշտոնը:
Ակնհայտ է, որ քվեաթերթիկի վրա ավագանու անդամների անուն գրելը իշխանության պահանջն է:
Այսպիսով նրանք, հավանաբար, մտադիր են վերահսկել առաջին հերթին իրենց թիմակիցների, ինչպես նաև ավագանու մյուս անդամների քվեարկությունը, որպեսզի հանկարծ ներքին կարգով ձեռք բերված այս պայմանավորվածությունները չխախտվեն:
Գաղտնիք չէ, որ իշխանականների ներսում էլ «գզվռտոց է» գնում, քանի որ Տիգրան Ավինյանի թեկնածությունը ոչ միանշանակ է ընդունվել անգամ ՔՊ-ում:
Այսինքն, իշխանությունները վտանգ են զգում ոչ միայն ընդդիմադիր շրջանակներից, այլ նաև հենց իրենց թիմակիցներից, ուստի որոշել են, որ այնպես անել, որ ավագանու անդամները քվեաթերթիկի վրա գրեն իրենց անունները, որպեսզի եթե իրենց թեկնածուն չանցնի, ապա իմանան, թե ում հետ հաշիվներ պետք է պարզեն:
Հավելենք, որ քվեարկություն վերահսկելը ՔՊ-ում արդեն ավանդույթ է դարձել. խորհրդարանում էլ քվեարկություններից հետո ՔՊ-ականները նկարում են իրենց քվեաթերթիկները, որպեսզի ներկայացնեն ղեկավարությանը: