ArmLur.am-ի տեղեկություններով Վեդիում լարված իրավիճակ է և վիճաբանություններ են։ Վեդու համայնքապետարանի դիմաց մարդիկ են հավաքված և բղավում են միմյանց վրա։ Կապվեցինք Վեդիի համայնքապետի օգնական Պատվական Մարգարյանի հետ, ով մեզ հետ զրույցում ներկայացրել է մանրամասներ։
-Պարոն Մարգարյան, ի՞նչն է Վեդիում ստեղծված իրավիճակի պատճառը։
-Արարատ ցեմենտ գործարանի աշխատակիցներն են Վեդու համայնքապետարանի դիմաց հավաքված։ Այսօր մեր մետ հանրային լսումների օր էր։ Վեդի համայնքի տարածքում ուզում են նորագույն տեխնոլոգիաներով, փակ ցիկլով նոր ցեմենտի գործարան ստեղծեն։ «Արարատ ցեմենտի» գործարանի աշխատակիցներն էլ մտավախություն ունեն, որ իրենց հաստիքները կկրճատվեն, Գործարանը կսնանկանա։ Եկել են, բողոքում են և համայնքին խնդրում են, որ համայնքապետարանը նախնական թույլտվություն չտա։
-Համայնքապետարանում ի՞նչ է քննարկվում, թույլտվություն տրվելո՞ւ է, թե՞ ոչ։
-Ներկայացրեցինք, քննարկում եղավ, հարց ու պատասխան արեցինք, հանրային լսումների առաջին փուլը կայացավ։
-Ի՞նչ որոշվեց։
-Առաջին լսումը թույլտվություն տալու-չտալու վերաբերյալ չէր։ Դեռևս պետք է 2 լսում ևս անցկացնենք և դրա արդյունքում կորոշվի թույլտվություն տալ կամ չտալ։ Համայնքապետարանը գործարան կառուցել նախատեսող ընկերությանը ներկայացրել է, եթե ակնկալում են ստանալ թույլտվություն, պետք է համագործակցել համայնքապետարանի հետ։ Հաջորդիվ նրանք պետք է ներկայացնեն ինչ պահանջներ ունեն, և մենք ինչ պահանջներ ունենք։
-Համայնքապետարանը նախնական ի՞նչ որոշում ունի։
– Համայնքապետարանն այս հարցում փոքր օղակ է, կոնկրետ թույլտվություն տվողը համայնքապետարանը չէ։ Դեռևս շատ հարցեր կան, որոնք այս հարցի վերաբերյալ պիտի գտնեն իրեց պատասխանները։
-Գործարանի տնօրինության հետ խորհրդակցություն եղե՞լ է, վերջիվերջո աղմուկը հենց իրենց պատճառով է բարձրացել։
-Չէ, ինչի մենք պետք ա խորհրդակցենք։
-Իրե՞նք պիտի ձեր հետ խորհրդակցեն։
-Մինչ մեզ, Կառավարության, Էկոնոմիկայի, ՏԿԵ, Շրջակա միջավայրի նախարարությունների հետ։
-Համայնքապետարանը խոսե՞լ է նախարարությունների հետ որևէ որոշման գալուց առաջ։
-Այն ընկերությունը, որը ուզում է հիմնի գործարան, ինքը պիտի դիմի նախարարություններին։ Նրանցից ստանալով առաջարկներ և պահանջներ՝ ընկերությունը պետք է նրանց ներկայացուցիչներից և փորձագետների հետ քննարկում ունենա։
-Իսկ տեղյա՞կ եք, նման քննարկումներ եղե՞լ են։
-Եղած կլինեն։
-Համայնքապետարանը Կառավարություից կամ նախարարություններից հրահանգ ստացե՞լ է այս հարցի վերաբերյալ։
-Իհարկե ոչ, մենք առաջնորդվում ենք պետական շահով։ Մենք այստեղ աշխատում ենք առաջնային համարելով պետական շահը, հետո նոր մեր անձնական շահը։ Պետական շահից ելնելով՝ ես ունեմ իմ անձնական կարծիքը, որ եթե պետք է տարածաշրջանում գործի փակ ցիկլով ցեմենտի արտադրությամբ գործարան, նախընտրելի է, որ գործի, քանի որ մեր պետությանն անհրաժեշտ են միլիոնավոր ներդրումներ և աշխատատեղեր։ Ասեմ նաև, որ գործարանի տերերին չեմ ճանաչում, որ չասեք՝ ճանաչում եմ, դրանից եմ կողմ։
Զրուցեց Էմմա Միքայելյանը