Արցախի կորուստը և շուրջ 120,000 արցախահայերի հայրենազրկումն անգամ դարձի չի բերել հայրենի իշխանություններին:
Այս իրավիճակում, երբ Արցախի մեր հայրենակիցները մնացել են անօթևան, նրանցից շատերը կորցրել են իրենց տունը, հիմա էլ կացարաններոմ կամ դրսում են գիշերում, թվում էր, թե երկրի քաղաքական առաջին մարմինը՝ խորհրդարանը, պետք է առաջնային համարեր միայն բռնի տեղահանված արցախցիների հարցերով զբաղվելը , բայց երկու օր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ընդդիմություն-իշխանություն փոխհրաձգությունը ցույց տվեց, որ հայրենի խորհրդարանականները դասեր չեն քաղել այս ամենից և շարունակում են իրենց անպատասխանատու գործելոճը:
ՔՊ-ականները կառավարումը տապալելուց հետո գոնե լուռ խնդիրների լուծմամբ զբաղվեն, ընդհակառակը՝ հրահանգավորված ու թիրախավորված հարձակումներ են իրականացնում իրենց ընդդիմախոսների նկատմամբ:
Ներկայացնենք փաստերով:
Օրինակ՝ չորեքշաբթի օրը տեղի ունեցած ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իշխանական պատգամավորները ընդդիմադիր պատգամավորների ամեն ելույթից հետո ակնհայտ հրահանգավորված հարձակվում էին նրանց վրա, տեղներից գոռգոռում ու ռեպլիկներ թողում:
Կրքերը լարվեցին հատկապես «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթից հետո, երբ վերջինս, դիմելով Փաշինյանին ասաց, թե նա մեր անկախության և ինքնիշխանության թշնամին է: Արդեն սրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ արձագանքը:
Նիկոլ Փաշինյանի հրահրած վեճին անմիջապես միացան իր մյուս թիմակիցները, ՔՊ ղեկավարության՝ Արթուր Հովհաննիսյանի և Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ, որոնք ընդդիմադիրներին «պապանձվելու» կոչեր էին անում:
Հրահանգից հետո մեկ մարդու պես ակտիվացան նաև իշխանական մյուս պատգամավորները՝ Վահագն Ալեքսանյանը, Հակոբ Ասլանյանը , Հասմիկ Հակոբյանը և այլք:
Ալեն Սիմոնյանն էլ մեծ ոգևորությամբ իբրև փորձում էր սաստել ընդդիմադիրներին: ՔՊ-ակաները սկսեցին տեղներից բացականչել ու գոռգոռալ. տպավորություն էր, որ Նիկոլ Փաշինյանի մոտ նրանք մրցում էին՝ թե ով ավելի լավ կհարձակվի ու կռիվ կանի ընդդիմադիրների հետ:
Նիկոլ Փաշինյանը հաճախ նաև անթույլատրելի բառապաշարով պիտակավորում էր ընդդիմադիր պատգամավորներին, ինչպես, օրինակ, Աղվան Վարդանյանի և Արմենուհի Կյուրեղյանի դեպքում:
Եվ այսպես, ամեն անգամ, ընդդիմադիրների ելույթներին Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ականները նման ոգևորված ու բուռն արձագանք էին տալիս՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե մեր երկրում ամեն ինչ նորմալ է և իրենք կապ չունեն ստեղծված այս աղետալի իրավիճակի հետ:
Այս ամենից հետո ևս մեկ անգամ կարող ենք արձանագրել, որ հայրենի իշխանությունները բացարձակ դասեր չեն քաղել այս ամենից, ու մտադիր էլ չեն հետևություններ անել Արցախի կորստից:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում