ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքից, հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված չափահաս անձանց 75 տոկոսն ունի բանկային քարտ, որոնք կնույնականացվեն կենտրոնացված կարգով, եւ քարտերին կփոխանցվի հասանելիք գումարը:

 

«Մենք աշխատելու ենք այնպես, որ վերջին 15 ամսվա ընթացքում ակտիվ  գործարքներ իրականացված քարտերին փոխանցվի գումարը: Դա կլինի տվյալ քաղաքացու համար գումարների ստացման ամենահարմար եղանակը: Քաղաքացիները կարող են մոտենալ սպասարկող բանկոմատին գումարը կանխիկացնելու, վճարումներ կատարելու համար: Սակագները կարող են տարբեր լինել, սակայն առեւտրային բանկերը  կանեն այնպես, որ կանխիկացումներն իրենց բանկոմատներում անվճար լինեն:  Եթե նույնիսկ պարզվի, որ գործող քարտ կա  հաճախորդի մոտ, բայց քարտը կորել է, նա  կարող է մոտենալ բանկ, բանկի սպասարկող սրահից կանխիկով վերցնել իրեն հասանելիք գումարը  կամ դիմում գրել եւ վերաթողարկել քարտը»,-նշեց Խաչատրյանը:

Անդրադառնալով այն քաղաքացիներին, որոնք քարտեր չունեն՝ ԿԲ նախագահի տեղակալն ընդգծեց՝ նման անձանց համար բանկերը կիրականացնեն անվճար սպասարկում ինչպես քարտերի տրամադրման, այլնպես էլ իրենց բանկոմատներում կանխիկացման վճարումների հետ կապված անվճար ծառայություններ:

Խոսելով անհրաժեշտ փաստաթղթերից՝ նա շեշտեց, որ անձը պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, ցանկալի է՝ անձնագիր  եւ հանրային ծառայության հաշվեհամար: «ՀԾՀ-ի ներկայացումը միայն փաստաթղթերի ամբողջականության հարց չէ, այն շատ կարեւոր է, որովհետեւ ՀՀ կառավարությունը նույնականացնում է քաղաքացիներին, որոնք պետք է վճարում կատարեն հենց ՀԾՀ-ի միջոցով: Այն քաղաքացիները, որոնք կունենան ՀԾՀ վկայող որեւէ փաստաթուղթ կամ տեղեկանք, կօգտագործվի դա, իսկ չունենալու պարագայում, անձնագրի տվյալների հիման վրա,  կենտրոնացված բազայից  բանկերի կողմից վեր կհանվեն այդ  հանրային ծառայության համարանիշները, եւ այդ միջոցով  քարտեր կթողարկվեն»,-տեղեկացրեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ քարտերի թողարկվելուց հետո քաղաքացիները դրանց վերաբերյալ տեղկատվությունը պարտադիր չէ, որ ներկայացնեն կառավարությանը:  Կենտրոնացված կարգով կառավարություն կներկայացվեն  քաղաքացիների նոր բացված քարտերի տվյալները, եւ փոխանցումները  կիրականացվեն:

«Նախնական տվյալներով՝ միանվագ գումար կփոխանցվի այն քաղաքացիներին, որոնք ունեն գործող քարտեր, իսկ ում քարտերը նոր կբացվեն, պարբերական եղանակով, շաբաթական կտրվածքով կարվեն վճարումներ անմիջապես քարտը տրամադրելուց հետո:  Քարտերի տրամադրումը սովորաբար 2-3 աշխատանքային օր է տեւում»,-ասաց Հովհաննես Խաչատրյանը:

Նա կոչ արեց դիմել ՀՀ գործող բոլոր բանկերին, բացառությամբ «Մելլաթ» եւ «Ֆասթ» բանկերի, քանի որ դրանք քարտային ծառայություններ չեն մատուցում: «Մենք հանրապետության ողջ տարածքում մասնաճյուղեր ունենք: Ենթադրում եմ, որ մարդկանց հարմար կլինի իրենց մոտ գտնվող բանկ այցելել: Մարզերում ունենք  269 մասնաճյուղ»,- եզրափակեց Հովհաննես Խաչատրյանը:

 

 

 

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ

Հայաստանում զինծառայող չհանդիսացող, բայց զինծառայության մեջ գտնվող անձանց ընտանիքները եւս պետք է փոխհատուցում ստանալու հնարավորություն ունենան պետական վճարների միջոցով։ Այս մասին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ՝ հոկտեմբերի 3-ին, հայտնել է  պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Փոխհատուցումը, մասնավորապես, կվճարվի ընտանիքներին վերոնշյալ անձանց մահվան կամ վիրավորվելու դեպքում։

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված քաղաքացիական ծառայողների (որոնք ժամանակավորապես զբաղեցրել են թափուր պաշտոններ) ընտանիքները աջակցություն կստանան Զինծառայողների կյանքի եւ առողջության ապահովագրման հիմնադրամից։

Նրա խոսքով՝ 2022թ. ադրբեջանական ագրեսիայի ժամանակ եղել են դեպքեր, երբ թափուր զինվորական պաշտոնների են նշանակվել քաղաքացիական անձինք։ Նրանք կատարել են տեխնիկական աշխատանք։ Մարտերի ընթացքում նրանցից ոմանք զոհվել են։

Փոխնախարարը նշել է՝  օրենքի բացը թույլ չի տալիս նրանց ներառել հիմնադրամի շահառուների ցուցակում, իսկ նրանց ընտանիքներին՝ ստանալ աջակցություն։ Այս նախագիծը, ենթադրվում է, պետք է լուծի այս խնդիրը։

 

 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔՈԼԵՋՆԵՐՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ուսումնարանների եւ քոլեջների տնօրեններին:

Համաձայն շրջաբերականի՝ համապատասխան կամ հարակից մասնագիտությամբ՝ լիցենզիայով սահմանված ազատ տեղերի բացակայության դեպքում ուսանողի բնակության վայրի ամենամոտ ուսումնական հաստատությունում կրթությունը կարող է կազմակերպվել՝ գերազանցելով տվյալ մասնագիտությամբ լիցենզիայով հատկացված տեղերի թիվը, եթե համընկնում է ուսանողի ուսումնառած մասնագիտության հետ: Ուսանողն այս դեպքում կարող է ընտրել նաեւ այլ համայնքում կամ մարզում գործող ուսումնական հաստատություն:

«Ուսանողի ուսանողական իրավունքի վերականգնման մերժման հիմք չի կարող հանդիսանալ վերականգնման կարգի պահանջներով անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը: Ուսանողի դիմումն ընդունելուց հետո անհրաժեշտ է նրան թույլատրել մասնակցելու ուսումնական գործընթացին եւ հնարավորինս սեղմ ժամկետում դիմել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ ուսանողին այլ ժամկետում վերականգնման համաձայնություն ստանալու համար»,- նշված է շրջաբերականում:

Շրջաբերականում նշվում է նաեւ, որ ուսանողների փոխհատուցման եւ աջակցության ծրագրերի մասին հավելյալ կտեղեկացվի:

 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2784 երեխա հոկտեմբերի 3-ի դրությամբ ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության կրթական հաստատություններում:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 3-ին՝ «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին, հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Ըստ մարզերի բաշխվածությունը հետեւյալն է՝ Արագածոտն՝ 80, Արարատ՝ 758, Արմավիր՝ 393, Գեղարքունիք՝ 91, Կոտայք՝ 450, Լոռի՝ 103, Շիրակ՝ 110, Սյունիք՝ 140, Տավուշ՝ 161, Վայոց ձոր՝ 46, Երեւան՝ 450»,- մանրամասնեց նա:

Բաղդասարյանը տեղեկացրեց՝  կարեւորվում է նաեւ ԼՂ-ից տեղահանվածների զբաղվածության հարցը: Հիշեցրեց՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է Workforall.am կայքը, որտեղ շուրջ 4500 թափուր աշխատատեղ կա:

Բաղդասարյանը ներկայացրեց՝ մարզերում առկա է 273 ավագ բուժաշխատողի եւ 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք: Կրթական ոլորտում Հայաստանի մարզերում եւ Երեւանի դպրոցներում այս պահի դրությամբ 1035 թափուր հաստիք կա:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել եւ վիրավորվել էին նաեւ քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:  Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: Լեռնային Ղարաբաղից հոկտեմբերի 3-ի ժամը 12:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100  հազար  617 անձ:

 




Լրահոս