ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ հոկտեմբերի 2-4-ը «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում եւ արժեւորում» ծրագրի շրջանակում անցկացնում են «Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանք՝ նախատեսված մշակութային կազմակերպությունների մասնագետների եւ արտակարգ իրավիճակների ծառայությունների համար:

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը ողջունել է մասնակիցներին եւ նշել, որ ծրագրի իրականացման նպատակով Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի եւ հայաստանյան թանգարանների եւ ժառանգության ոլորտում գործող կազմակերպությունների միջեւ տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, երկամյա քննարկումներ եւ բանակցություններ. «Արդյունքում այդ քննարկումներն ու բանակցությունները հանգեցրին երկու երկրների՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ մշակութային ժառանգության ոլորտում երկամյա համագործակցության: Ֆրանսիայի կառավարության կողմից շուրջ 600 հազար եվրո հատկացվեց մշակութային ժառանգության ոլորտում պահպանությանն ուղղված տարբեր միջոցառումների իրականացմանը: Նշյալ համագործակցության շրջանակում 2022 թվականից արդեն իսկ իրականացվել է 8 միջոցառում. սա արդեն 9-րդ հանդիպումն է: Առաջին շրջափուլում հատկապես մեծ ուշադրություն է դարձվել մշակութային ժառանգության վերականգնման ոլորտում տարբեր հանդիպումներին եւ վերապատրաստումներին, որի շրջանակում վերապատրաստվել է ավելի քան 100 վերականգնող-մասնագետ: Համագործակցության կարեւոր թիրախներից է աղետների կառավարման ոլորտում մեր թանգարանների աշխատակիցների վերապատրաստումն ու փորձի փոխանակումը: Այս համատեքստում մենք դեռեւս ամռանն անցկացրել ենք տեսական դասընթաց եւ ուրախ ենք, որ վերջին 5 ամիսների նախապատրաստական աշխատանքներն ու քննարկումներն այսօր գործնական հիմքի վրա են՝ հնարավորություն ընձեռելով փորձարկելու ստացած տեսական գիտելիքները: Մշակութային արժեքների պաշտպանությունը սկսվում է կանխարգելիչ աշխատանքներից, եւ այս դասընթաց-վարժանքը մենք կարեւորում ենք այդ տեսանկյունից»:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դասընթաց-վարժանքը անցկացվում է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում թանգարանային առարկաների, իսկ Հայաստանի ազգային գրադարանում՝ թղթային կրիչների պաշտպանության ուղղություններով:

2022 թ. հուլիսից մինչեւ 2023 թ. դեկտեմբեր իրականացվող ծրագիրը նպատակ ունի աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության գործընթացներին, ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, ինչպես նաեւ թանգարանային քաղաքականության իրականացմանը եւ զարգացմանը:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ «Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանքի շրջանակում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում մուլյաժային առարկաներով ստեղծվել է միջավայր, որտեղ խաղարկվելու է ենթադրյալ հրդեհի սցենարը. «Այնուհետեւ տարհանված «առարկաները» կտեղափոխվեն այլ տարածք, որտեղ նախնական խնամքին առնչվող տեսական գիտելիքներ կփոխանցվեն ծրագրի մասնակիցներին: Ինչպես նախորդ դասընթացները, այդպես էլ այս դասընթաց-վարժանքը կարեւորվում է նրանով, որ ֆրանսիացի մեր գործընկերների հետ մենք իրականացնում ենք փորձի փոխանակում, ծանոթանում ենք եվրոպական լավագույն փորձերից մեկին, եւ եթե ունենք վերցնելու եւ տեղայնացնելու անհրաժեշտություն, ապա այդ ուղղությամբ պետք է աշխատել: Սա է դասընթացի հիմնանպատակը»:

 

 

 

Women’s club-Ը՝ ԱՄՆ-ԻՑ

«Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ Women’s club-ի անձնակազմն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում: Նախատեսված ներկայացումը չեղարկվել է: Դերասաններն էլ ունեն հստակ ժամանակացույց հետ գալու համար, ինքնաթիռի տոմսերն արդեն գնված են եւ փոփոխության ենթակա չեն:

Women’s club-ի ո՛չ ղեկավար կազմը, ո՛չ դերասանները հանդես չէին եկել որեւէ հրապարակմամբ կամ հայտարարությամբ, սակայն, իրավիճակով պայմանավորված, նախատեսված ներկայացումը չի կայացել: Ամերիկայի մեր հայրենակիցներն էլ մտահոգ են, թե ինչ ճակատագիր են ունենալու գնված տոմսերը:

Ավելի ուշ դերասան Պոնչը (Տարոն Իսպիրյան) ինստագրամյան իր էջում տեսանյութ հրապարակեց` նախագծի անդամների մասնակցությամբ. «Ինչպես տեղյակ եք, մենք գտնվում ենք Լոս Անջելեսում, բայց շատ շուտով լինելու ենք Հայաստանում եւ կմիանանք Արցախից եկած մեր քույրերին եւ եղբայրներին օգնելու գործին։ Ողջունում ենք մեր բոլոր գործընկերներին, որոնք արդեն անցել են աշխատանքի։ Այո՛, մենք պետք է շարունակենք աշխատել, շարունակենք արարել, որպեսզի առաջ գնանք եւ ավելի ուժեղանանք։ Սիրելի՛ արցախցիներ, պի՛նդ կացեք, մենք ձեր կողքին ենք»:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԱՄՈՒՍՆԱՑԱՎ

Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը, որն առավել հայտնի է Netflix-ի հիթային՝ «Թագուհու քայլը» սերիալից, ամուսնացել է. հայտնում է Daily Mail-ը։ Կայքի տեղեկություններով` դերասանուհու եւ նրա ընտրյալի՝ երաժիշտ Մալքոլմ ՄքՌաեի հարսանիքը տեղի է ունեցել հանգստյան օրերին Վենեցիայում։

Netflix-ի 27-ամյա աստղը, որը հայտնի է նաեւ Peaky Blinders եւ «Անցած գիշեր Սոհոյում» դրամաներից, հարսանիքին հյուրընկալել է մոտ 150 հյուրի, որոնց թվում էին Կարա Դելեւինը եւ Ջուլիա Գարները։

Օրվա սկզբին շիկահեր գեղեցկուհուն տեսել են պատշգամբում, որտեղ նա նախապատրաստական տրամադրությամբ էր՝ սպիտակ մետաքսե խալաթով եւ սուրճի բաժակը ձեռքին։ Իսկ հարսանեկան զգեստը յուրահատուկ էր։ Անյան կարապի տեսք ուներ իր երկար սպիտակ քողով, իսկ հանդերձանքը զարդարում էին թռչունների եւ ծաղիկների տեսքով բնապատկերներ:

 

 

 

ՊԱՐՏՎԵՑԻՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

Ռուսաստանցիներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը չկարողացան դուրս գալ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 China Open մրցաշարի եզրափակիչ զուգախաղում։ Կիսաեզրափակչում նրանք մրցեցին հոլանդացի Ուեսլի Կոլհովի եւ բրիտանացի Նիլ Սկուպսկիի հետ եւ պարտվեցին 6:7 (3:7), 2:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 17 րոպե։

 

 

 

ՌՈՆԱԼԴՈՒՆ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է իր առաջին գոլը ասիական Չեմպիոնների լիգայում։ «Ալ Նասրը» երկրորդ տուրում 3:1 հաշվով հաղթել էր Տաջիկստանի «Իստիկլոլին»։

«Ամբողջ թիմի գերազանց մրցելույթ։ Ուրախ եմ առաջին գոլս խփել այս մրցաշարում։ Մենք շարունակում ենք հաղթել»,- գրել է Ռոնալդուն։

E խմբում «Ալ Նասրը» 6 միավորով առաջինն է։ Հաջորդ տուրում սաուդյան թիմը հոկտեմբերի 24-ին կընդունի Քաթարի «Ալ Դուհաիլին»։

 

 

 

ԿՎԱՐԱՑԽԵԼԻԱՅԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում։

«Ես մեծացել եմ՝ հետեւելով «Ռեալի» հանդիպումներին հեռուստացույցով։ Հիմա այդ թիմն իմ մրցակիցն է խաղադաշտում, այն էլ՝ մեր ստադիոնում։ Անհնար է երջանիկ չլինել այս երեկո։

«Նապոլին» հարգում է բոլոր մրցակիցներին, բայց ոչ մեկից չի վախենում»,- Կվարացխելիայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Նապոլի» – «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

 

 

 

ԽՈՍՏՈՒՄ՝ ՄԵՍԻԻՆ

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» սեփականատեր Խորխե Մասը աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին խոստացել է կազմակերպել հրաժեշտի հանդիպում «Բարսելոնայի» երկրպագուների հետ։

«Մեսիի հեռանալը «Բարսելոնայից» իր կամքով չէր։ Նա չկարողացավ հրաժեշտ տալ կատալոնական ակումբի երկրպագուներին։ Հանգամանքները չդասավորվեցին այնպես, ինչպես կցանկանար Մեսին։

Ես նրան խոստացել եմ, որ կանեմ հնարավոր ամեն ինչ առաջիկա տարիներին Բարսելոնայում նրա հրաժեշտի հանդիպումը կազմակերպեպու համար»,- Մասի խոսքը մեջբերում է Marca-ն։

Մեսիի պայմանագիրն «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչեւ 2025 թվական։




Լրահոս