ԲԼՈԳԵՐԸ ՇՈՐԹԵ՞Լ Է ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիկտոկեր, դերասանուհի Մագա Հարությունյանը հետեւորդներին եւ ծանոթներին կոչ է անում զգույշ լինել կեղծիքներից։ Մագան հաղորդագրություն է տարածել, որում պատմում է, որ իր անունով կեղծ էջի պատճառով ոչ միայն ինքը, այլեւ իրեն վստահող լսարանը հայտնվել են անախորժության մեջ։ Դերասանուհին նշում է, որ վերջին շրջանում իրեն հետապնդում են, տարբեր մարդկանց կողմից ստանում է սպառնալիքներ։ 

 

«Վերջին շրջանում իմ կյանքում շատ տարօրինակ բաներ են տեղի ունենում, օրինակ՝ ինձ մեքենայի տակ են գցում։ Մարդիկ, որոնց կյանքումս չեմ տեսել, չեմ ճանաչում, մոտենում են ինձ ու սկսում ինձ հետ շատ վատ խոսել, սպառնալ։ Կամ, օրինակ, միշտ մեքենաներ են լինում մեր տան բակում, որոնք ինձ հետեւում են։ Մի խոսքով, ամեն ինչ ավելի քան լուրջ է։ Այս ամենն այն պատճառով է, որ ինչ-որ մեկը Facebook-ում իմ անուն-ազգանունով ու իմ լուսանկարներով շատ ակտիվ էջ է վարում ու շփվում տարբեր տղամարդկանց հետ»,-Instagram-ում հրապարակած տեսանյութում պատմում է բլոգերը։ Նա հավելում է, որ դեռեւս չգիտի՝ ով է այդ անձնավորությունը, բայց ունի կասկածներ։

«Խոսում է, պայմանավորվում հանդիպելու նպատակով, շորթում գումարներ, հետո նորից իմ անունից գրում է նույն մարդկանց, որ եթե իրեն չուղարկեն բավարար գումար, նամակագրությունը կուղարկի, օրինակ, այդ տղամարդկանց կանանց։ Վերջին շրջանում ես առանց ուղեկցության տնից դուրս չեմ գալիս, քանի որ այդ ամենն ինձ համար շատ սթրեսային է»,-շարունակում է Մագան։ Բլոգերը նշում է՝ այս մասին չէր խոսի երկրում ստեղծված այս դժվարին իրավիճակում, բայց, նրա խոսքով, իր անունից գումար են սկսել շորթել նաեւ կարիքի մեջ հայտնված արցախցիներից։

«Չկարողացա լռել, որովհետեւ վերջերս իմացա նաեւ, որ տվյալ էջը Արցախից եկած մեր հայրենակիցներից գումար է շորթել տան վարձակալության նպատակով, իսկ մարդիկ վստահելով գումարները փոխանցել են… Երբ իմացա դեպքի մասին, իմ էջում ավելացրի կապույտ նշանը, որից հետո շատ կարճ տեւեց նրա գործունեությունը, բայց, ամեն դեպքում, հասցրել էր շատերից գումար շորթել»։

Դերասանուհի-բլոգերը կասկածում է, որ նույն անձը հիմա նույն գործունեությունը վարում է «ԹԽՏվՑՈՍՑպ» սոցիալական ցանցում՝ նշելով, որ այնտեղ էլ իր անունից էջ է բացվել, թեեւ ինքը տվյալ սոցիալական ցանցում գրանցված չէ։ Մագան կոչ է անում իր հետեւորդներին զգոն լինել խաբեության զոհ չդառնալու համար։

Հիշեցնենք, նաեւ, որ վերջին շրջանում մամուլում տարածվում է այն տեղեկությունը, որ տիկտոկեր, բլոգեր Մագան շորթումներ է կատարում տարբեր անձանցից, սակայն աղմկահարույց դեպքերից մեկը հենց արցախահայությունից շորթման դեպքն է, ինչին էլ հենց անդրադարձել է նա ինստագրամյան  իր էջում՝ տեղեկացնելով, որ իր հետ կապ չունի այն էջը, որը վարվում է անհայտ անձի կողմից:

 

 

 

ՊԱՐՈՒՀԻՆ՝ ՓԱՐԻԶՈՒՄ

Պարուհի Սոնա Եսայանը նոր լուսանկարներ է հրապարակել Փարիզից՝ հետեւորդների հետ կիսվելով նաեւ ուղեւորության մասին, որի շրջանակում պետք է իրականացներ իր երազանքներից մեկը։ Պարուհին, սակայն, նշել է, որ դրա վրա չի կարողացել կենտրոնանալ հայրենիքում տիրող իրավիճակի պատճառով։

«Փարիզում 2-րդ անգամ եմ՝ առաջին անգամ` 2016 թ-ին, 2-րդը՝ հիմա։ 2 անգամն էլ աշխատանքս է բերել ինձ այստեղ: Առաջին անգամ թիմիս աղջիկների հետ եկել էինք համերգային շրջագայությունների, իսկ այս անգամ Փարիզում մասնակցելու էի համաշխարհային խորեոգրաֆ Յանիս Մարշալի մաստեր կլասին, բայց հենց եկանք այստեղ, երկրումս սկսվեց մղձավանջը: Չեղարկեցի երազանքիս մաստեր կլասը, քանի որ հենց պատերազմական անորոշ, դժվար փուլում էին իմ դասերը. անհնար կլիներ կենտրոնանալ սովորելու վրա»,- պատմել է Սոնան։ Նա հավելել է, որ շուտով կլինի Հայաստանում եւ կանցնի աշխատանքի։

«Վաղն արդեն կլինեմ Հայաստանում ու կսկսեմ աշխատել, սովորեցնել, ու երեւի աշխատանքն է, որ այս շրջանում կօգնի հոգեկան աշխարհս մի քիչ կազդուրել»:

 

 

ԲԱԲԻՉՆ ԱՆԿԵՂԾԱՑԵԼ Է

Հայկական ծագում ունեցող հայտնի բլոգեր Արթուր Բաբիչը, որը, սովորաբար, ամենաակտիվներից է Instagram-ում, վերջին շրջանում աչքի էր ընկնում իր պասիվությամբ։ Բլոգերը չէր կիսվում նոր հրապարակումներով կամ ակտիվ Story-ներով, որոնցում հաճախ պատմում է իր կյանքի մասին։ Բաբիչը երկարատեւ լռությունից հետո Instagram-ում հանդես է եկել հայտարարությամբ։

«Մի օր, թերեւս, կնստեմ ու մի մեծ հարցազրույց կտամ այն մասին, թե ինչ էր կատարվում իմ կյանքում հենց այս պահին, քանի որ իմ բացակայությունը պայմանավորված չէ «որեւէ հզոր կոնտենտի կամ մեկ այլ հետաքրքիր բանի ստեղծմամբ»։ Պարզապես ես որոշակի դժվարություններ եմ ապրում, ես կասեի՝ մեծ դժվարություններ, որոնք չեն ցանկանում հեռանալ իմ կյանքից»,-անկեղծացել է նա։ Հավելենք, որ բլոգերն իր հինգուկես միլիոն հետեւորդներին վերջին բովանդակությունը ներկայացրել էր սեպտեմբերի 18-ին։

 

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը նշել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին։

«Վինիսիուս Ժունիորն անհավանական ֆուտբոլիստ է։ Ես նրան համարում եմ ուժեղագույններից մեկը, ում հետ երբեւէ խաղացել եմ նույն թիմում։ Նրա հետ ամեն ինչ շատ ավելի հեշտ է ստացվում խաղադաշտում։ Թերեւս, Վինիսիուսն է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը հիմա ինձ համար»,- Բելինգեմի խոսքը մեջբերում է Madrid Zone-ը։

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Ռեալը» 3:2 հաշվով պարտության էր մատնել Իտալիայի չեմպիոն «Նապոլիին», Բելգինգեմը դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ՝ ճանաչվելով հանդիպման լավագույն խաղացող։ Նրա փոխանցումից հետո աչքի էր ընկել Վինիսիուսը։

 

 

 

ՀԱՎԱՍԱՐՎԵՑ ԿԱՍԻԼՅԱՍԻՆ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը Չեմպիոնների լիգայում հաղթանակների քանակով (101 հանդիպում) հավասարվեց իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասին։ Նրանք կիսում են երկրորդ տեղը։

Ռեկորդակիրը պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 115 հաղթանակ։

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում «Բավարիան» 2:1 հաշվով հաղթել էր դանիական «Կոպենհագենին», Մյուլերը փոխարինման էր դուրս եկել 77-րդ րոպեին։

Մյուլերը «Բավարիայում» է հանդես գալիս 2009 թվականից։

 

 

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ

Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» եւ Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան նշել է իր ֆուտբոլային երազանքները։

«Երկու ֆուտբոլային երազանք ունեմ՝ բարձրացնել Չեմպիոնների լիգայի գավաթը եւ Վրաստանի հավաքականի հետ խաղալ Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունում»,- Կվարացխելիայի խոսքը մեջբերում է AS-ը։

Անցած մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում՝ ճանաչվելով Իտալիայի առաջնության լավագույն խաղացող։ Կվարացխելիայի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ. հունիս։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։

 

 

 




Լրահոս