ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՐԱՀԱՆԳ Է ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել թիմակիցներին: Հեռախոսային իրենց խմբում նա որոշ մտքեր է գրել, թե ինչ քարոզչություն է պետք այս օրերին շրջանառել, որպեսզի արցախցիների եւ հայաստանաբնակների զայրույթը ստեղծված իրավիճակում իրենցից հեռացնի: Ըստ այդմ, ՔՊ-ականները պետք է ֆեյքերի, ֆեյք կայքերի, անհասցե յութուբյան ալիքների, նաեւ քարոզիչների միջոցով տարածեն տեղեկություններ, որ 30 տարի արցախցիներին թալանել են Արցախի 3 նախագահները, եւ որ նրանց պետք է ունեզրկել, գումարը բաժանել արցախցիներին: Նույնիսկ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի եւ Արայիկ Հարությունյանի՝ Բաքվի բանտերից հրապարակած կադրերը հետ չի կանգնեցնում իշխանական քարոզիչներին՝ իրականացնելու այդ առաքելությունը: Շատ մարդիկ ու ֆեյքեր ուղղորդված սրտիկներ են դնում այն կադրերի տակ, որոնք Բաքվի բանտերից հրապարակում են ադրբեջանցիները: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ուղղորդել է իր թիմին՝ «հին երգը» երգեն, այն է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են մեղավոր Արցախի կործանման համար, եւ հենց նրանցից պետք է պատասխանատվություն պահանջել: Եթե նրանք չհարստանային, Արցախը չէր ընկնի: Այս նարատիվները տարածվում են սոցիալական բոլոր հարթակներում բոլոր հնարավոր ձեւերով, որպեսզի արցախցիների մեջ առկա արմատական տրամադրությունները փոխվեն, եւ որեւէ մեկը փողոց դուրս չգա եւ Նիկոլ Փաշինյանին պահանջներ չներկայացնի:

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանությունը նախօրեին անակնկալի է եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի ներկայացրած քաղաքական հայտից: Նրանք Արշակ Կարապետյանի թեման համարում էին փակված եւ արդեն չէին էլ հիշում, որ հերթական նախարարներից մեկին անակնկալ պաշտոնանկ անելուց հետո, հնարավոր է, ինչ-որ իրադարձություններ գծագրվեն: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հրատապ զրույց է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ՝ նրանից պահանջելով հստակ պարզել, թե Արշակ Կարապետյանը ՌԴ-ում ում հովանավորությունն է վայելում, ինչ ծրագիր է գծագրված Կարապետյանի մասով, ու ինչ է հնարավոր սպասել: Բանն այն է՝ Արշակ Կարապետյանը հստակ մեղադրանքներ հնչեցրեց Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ ասելով, որ ինքը չի ենթարկվել Փաշինյանի «չկրակել» հրամանին եւ թշնամու հարձակումների ժամանակ կոշտ պատասխան կրակի հրահանգ է տվել, որից հետո անակնկալ իրեն պաշտոնանկ է արել Փաշինյանը: Իհարկե, չի բացառվում, որ ամեն ինչ այդպես էլ եղել է, քանի որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները երեկ՝ ԱԺ բրիֆինգների ժամանակ, չկարողացան հստակ հերքել Կարապետյանի փաստարկները: Փաշինյանն էլ դեռ չի հերքել: Տարակուսելի է, սակայն, որ նախկին իշխանությունների օրոք ՊՆ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Կարապետյանը մինչ այս ոչինչ չէր խոսում: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ նա այն մարդն է եղել, որը Նիկոլ Փաշինյանի հեղափոխական իշխանության համար ուղիներ է բացել դեպի ՌԴ ռազմաքաղաքական էլիտա՝ ռուսներին համոզելով, որ Փաշինյանն ու թիմակիցները «սորոսական չեն», ինչպես կասկածում էին ռուսները, եւ արժե աշխատել երիտասարդ հեղափոխականների հետ: Հիմա հենց ինքն է դուրս եկել Փաշինյանի իշխանության դեմ:

 

 

 

 

Արցախի քննչական կոմիտեն տեղափոխվել է Հայաստան ու քննում է բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի դեպքը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ քրեական գործը առաջիկայում տեղափոխվի ՀՀ քննչական կոմիտեի վարույթ: Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացիները բենզինի տարաները լցրել ու բաժանել են միմյանց, ինչի ընթացքում բենզինը թափվել է հատակին: Վարկած կա՝ մի քաղաքացի ծխախոտը գցել է հատակին, ինչի հետեւանքով պայթյուն է եղել։ Նշենք, որ Արցախում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով պաշտոնապես տուժել է 290 մարդ: Հարյուրավոր զոհեր, որոնց վիճակագրությունն այլեւս չի վարվում… Տուժողներին հաշվող չկա Արցախում արդեն: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում պայթյուն էր եղել վառելիքի պահեստում։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում խառնաշփոթ է։ Երեւան քաղաքի մի շարք դատարաններում, ինչպես մարզերի բոլոր դատարաններում, քաոս է, քանի որ տեւական ժամանակ է, ինչ «խափանվել է» դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգը: Միանգամայն «պատահականությամբ» համակարգը խափանվեց հենց այն օրը, երբ ավարտվեցին Երեւանի փողոցներում բողոքի ակցիաները, եւ մասնակից անձանց ապօրինի կալանավորումների դեմ բողոքարկման ժամկետները սկսվեցին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ արդեն երեք օր է՝ մակագրումները կատարվում են պարզ թղթային եղանակով, ու իրավապաշտպաններն ահազանգում են, որ աղմկահարույց գործերը կմակագրվեն քաղաքական իշխանության «սրտի դատավորներին»։ Տեղեկացանք, որ երբ դատական համակարգից խնդրի մասին ահազանգել են Կարեն Անդրեասյանի գլխավորած Բարձրագույն դատական խորհուրդ, ԲԴԽ-ից վստահեցրել են, թե սեպտեմբերի 29-ին կգործի, սակայն հոկտեմբերի 5-ին համակարգը դեռ չի գործել։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԲԴԽ, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Ոչ միայն նշված քրեական դատարանում ենք ունեցել խափանում, այլեւ մարզերում, օրինակ՝ Շիրակի մարզում: Օրեր շարունակ չէր գործում նաեւ ԲԴԽ պաշտոնական կայքը: Այդ խափանումները, նախնական վարկածով, կապված են հոսանքի տատանումների հետ: Ներկայումս աշխատանքներ են տարվում ինչպես համակարգը վերագործարկելու, այնպես էլ խափանման պատճառները հասկանալու համար: Այս պահին հաջողվել է վերագործարկել պաշտոնական կայքը»։

 

 




Լրահոս