Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն այսօր Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնում անդրադարձավ ուկրաինական իրադարձություններին:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ուկրաինայում տիրող իրավիճակը և Ռուսաստանի քայլերը:
-Մեզ համար դա իրոք անսպասելի էր, որովհետև ամեն ժողովուրդ իրավունք ունի փոխելու իշխանությունը: Քանի որ նախագահը փախավ երկրից, ստացվել է այնպես, որ ամբողջ պատասխանատվությունը պետք է վերցներ Գերագույն ռադան, որը դա արեց: Եվ դրանից տարօրինակ է թվում, որ Ռուսաստանը այնքան մտահոգիչ է, որ այդ պատճառով զավթել է Ղրիմը, այդ պատճառով սկսել է տեղաշարժել իր զորքերը, մանավանդ ահռելի զորքերը, հավաքել Ուկրաինայի սահմանին: Բավական է նշել Վորոնեժի մոտ միջուկային զենքով հավաքված 30 ռմբակոծիչների առկայությունը: Ռուսաստանի քայլերը վտանգ են իրենից ներկայացնում, և դա ոչ միայն Ուկրաինայի համար:
Ինձ համար դա մեծ հարված է ռուսական ժողովրդի կողմից: Վերջիվերջո, մենք շատ մոտ ենք: Դուք գիտեք լեհերի հետ մենք ինչպես ենք կռվել, և հիմա մենք մոռացել ենք այդ ամենը, և աշխատում ենք բարիդրացիական հարաբերություններ կառուցել լեհերի հետ: Իսկ Ռուսաստանը հակառակն է անում: Արդյոք չեն հասկանում այդտեղ (Ռուսաստանում խմբ.), որ չի մոռացվի այս բանը:
Գոնե ինչ-որ ազդանշաններ մենք պիտի ստանայինք: Սակայն, գիտեք ինչ, մենք նույնիսկ այդպիսի ազդանշան չենք ստացել: Փաստորեն, այդ զավթման նախագիծը մշակված է տարիներ առաջ: Երբ մենք ԱՊՀ երկրների միջոցառումներին հավաքվում և քննարկում էինք ինչ-որ հարցեր, այդ ժամանակ սեյֆերում (չհրկիզվող պահարաններում խմբ.) այս ծրագիրը դրված էր: Եվ միայն հարմար առիթ էր հարկավոր:
-Ի՞նչ է լինելու այս ամենի վերջը:
-Ես չգիտեմ ` ինչպես են վերջանալու այս իրադարձությունները, սակայն ամեն ինչ փլվում է, ամբողջ անվտանգության համակարգը, որ մենք կառուցում էինք տասնամյակների ընթացքում, փլվել է: Եվ արդյոք կարելի է այդպիսի զոհ բերել ինչ-որ սահմանափակ նպատակների համար:
Ուղղակի ապշում ես և դա ինձ համար մեծ հարված էր: Եվրոպայի որոշումը դեռ առջևում է: Իրենք (նկատի ունի ` Եվրոպային խմբ.) էլ պետք է վճռական քայլ անեին, բայց նորից այդ քայլը կապված է շատ բաների հետ, որոնք կապված են տնտեսության, քաղաքականության, պայմանագրերի, իրենց դաշնակիցների հետ, քանի որ ամեն դաշնակից ինչ-որ շահ ունի:
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը Ուկրաինայի իրադարձություններին:
-Ես շնորհակալ եմ, որ Հայաստանի նախագահը արտահայտվել է, և նա շատ ճիշտ է ասել, որ կռվելու փոխարեն, եկեք սեղանի շուրջ հանգիստ քննարկենք: Այսօր այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, կարող է տեղի ունենալ հարևան երկրում:
Աստված տա խելքի գան այն երկրների ղեկավարները (նկատի ունի Ռուսաստանին խմբ.), որքան հնարավոր է շուտ գան եզրակացության, որ ավելի լավ է եկեք նստենք զրուցենք, որովհետև ռազմական զենքը դա չափազանց վտանգավոր գործիք է: