Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄՀԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն ու Արցախը փրկիչների պակաս չունեն, բայց դեռ փրկություն էլ չկա. Արցախը հայաթափված է, Հայաստանի գլխին էլ բազում վտանգներ են կուտակված: Ժամանակ առ ժամանակ հայտնվում են գործիչներ, որոնք հավակնում են նորից փրկել բազմաչարչար մեր ժողովրդին: Ֆեյսբուքյան տիրույթում եւ մի քանի այլ սոցիալական հարթակներում այս տարվա հուլիսի 1-ից սկսել է ակտիվանալ ու գովազդել իր գործունեությունը Մհեր Ավետիսյան անունով գործարարը: Նա 1 օրում անգամ 4-5 վիդեո կոնտենտ է հրապարակում՝ սարքովի հարցազրույցների ձեւաչափով, որտեղ խոսում է ազգային հարցերից, փրկության գաղափարներից: «Անմահ Գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող ներկայացած Մհեր Ավետիսյանը մե՛կ լուսանկարներ է տեղադրում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, մե՛կ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ, ՌԴ կառավարության նախկին ղեկավար հարգելի Սերգեյ Ստեպաշինի հետ՝ տպավորություն ստեղծելով, թե մտերիմներ են, եւ հետաքրքիր հերթական զրույցներն է ծավալվում նրանց հետ: Վերջերս էլ Սյունիքում Մհեր Ավետիսյանը Ռուսական գրքի տուն է հիմնադրել, ներկայանում էր իբրեւ ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ։ Հոկտեմբերի 5-ին էլ գործարար Մհեր Ավետիսյանը բաց ֆորմատով քննարկման է հրավիրել ՀՀ բոլոր գործիչներին, կուսակցականներին՝ առանց նախկին եւ ներկա ղեկավարների: Նա հրավիրում է քննարկման հայկական պետականությունը պահպանելու թեմայով: Իսկ ո՞վ է Մհեր Ավետիսյանը: 2011թ. մամուլը գրել է. «ՌԴ «Ռենովա» ընկերության տնօրեն Գեորգի Իոսիֆյանն իր նամակում պատմում է, թե Կճոյանն ու նրա սանիկ՝ «Jose» ռեստորանային համալիրի սեփականատեր Մհեր Ավետիսյանն ինչպիսի ֆինանսական սխեմաներ են գծագրել, որպեսզի միլիոններ աշխատեն խաբեության եւ Հայաստանի հեղինակությունը խայտառակելու գնով: Նրանք դա արել են ՀՀ վարչապետ, այն ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի միջոցով: Հենց նրա ցուցումով է Կճոյանն ուղղակի բանակցությունների մեջ մտել բանկիրների հետ՝ նրանց գործունեության համար պահանջելով տարեկան 1 միլիոն ԱՄՆ դոլար: 2008թ. մայիսի վերջին հունիսի սկզբին Արարատյան թեմի առաջնորդ, եպիսկոպոս Նավասարդ Կճոյանի սանիկը՝ Մհեր Ավետիսյանը, հանդիպում է կազմակերպում ղազախական ԲՏԱ բանկի կառավարումն իրականացնողի ներկայացուցիչ Ռոման Սոլոդչենկոյի եւ Նավասարդ Կճոյանի միջեւ, որպեսզի Կճոյանը հաստատի այն տեղեկությունը, համաձայն որի՝ ՀՀ կենտրոնական բանկը, որի ղեկավարն այն ժամանակ Տիգրան Սարգսյանն էր, իբր, պահանջում է ԲՏԱ բանկի հայաստանյան մասնաճյուղից տարեկան 1 մլն դոլար՝ իբրեւ վճար ԿԲ լոյալության դիմաց»: Ու նույն Մհեր Ավտիսյանը հիմա խոստանում է ազնիվ ճանապարհով փրկել Հայաստանը: Ինչպե՞ս հավատալ նրա ազնվությանը:

 

 

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարին փոխկապակցված խոշոր շինարարական «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի դեմ Արարատի մարզի համայանքապետի կռիվը շարունակվում է: Բանն այն է, որ դատարանը մի քանի անգամ համայնքապետ Ասլան Ավետիսյանի դիմումները հետ է վերադարձրել եւ վարույթ չի ընդունել, սակայն գյուղապետը չի հանձնվել ու կրկին դատարան է դիմել, ինչի արդյունքում դատարանը օրերս որոշել է դիմումը վարույթ ընդունել: Չի բացառվում, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարը իր նախկին կապերն է օգտագործում դատարանում, եւ ընկերության դեմ հայցերը վարույթ չեն ընդունվում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ համայնքի ղեկավարները դատարաններ են դիմում՝ ընդդեմ ընկերության: Մասնավորապես, Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Նոյակերտ բնակավայրում գտնվող հողատարածքի մրցույթն անվավեր ճանաչել, «Համայնքի գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցութային կարգով, 25 տարի ժամկետով, վարձակալության տրամադրելու մասին» 22.04.2019թ. որոշումը վերացնել, որպես հետեւանք՝ «Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին» պայմանագիրը եւ դրա հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչել: Այսինքն՝ ինչ տվել են ընկերությանը, հետ են ուզում: Ի դեպ, հենց 2019 թվականի մայիսի 23-ին կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց մի շարք ընկերությունների։ Այդ ընկերությունների ցանկում հատկապես ուշագրավ էր «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն, որը փոխկապակցված է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ։ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն զբաղվում է ավազի եւ խճի արդյունահանմամբ։ Ըստ կառավարության հիմնավորման՝ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ (Կոտայքի մարզ)։ Նկատենք, որ այս ընկերությունն առաջին անգամ չէ, որ արտոնություն է ստանում գործադիրից։ 2018 թ. հունվարի 25-ին «ՄԼ Մայնինգը» ստացել էր 2 մլրդ դրամի կամ 5 մլն դոլարի սարքավորումների ներմուծման մաքսատուրքի արտոնություն: Երկու արտոնություն էլ ստացել է 2017-ին՝ հունիսին եւ օգոստոսին։ «Ժողովուրդ» օրաթերթը դատական համակարգից էլ է ահազանգ ստացել, թե ինչ վիճակ է ստեղծել «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն Հակակոռուպցիոն դատարանի ճանապարհին, ու իրավիճակը շարունակում է մնալ նույնը. «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի մեքենաները տակնուվրա են արել դատարան տանող ճանապարհը:

 

 

 

Հայաստանի եւ Արցախի խնդիրների մասին խոսել չսիրող եւ խոսելուց խուսափող Վահագն Խաչատուրյանը շատ ակտիվ է այլ երկրներին ցավակցելու հարցում։ Երեկ էլ նա հերթական անգամ փայլել է եւ որոշել ցավակցել Իսրայելի եւ Պաղեստինի ժոզովրդին։ Նկատենք, որ նա ո՛չ Արցախի, ո՛չ ՀՀ ժողովրդին չի ցավակցել ողբերգական իրադարձությունների առիթով: Նախագահը Արցախի մասին շատ կցկտուր է խոսում։ Օրինակ՝ հոկտեմբերի  վեցին նա այդ մասին խոսել է  «Ֆրանս 24»-ի հետ հարցազրույցի ժամանակ առկա խնդիրների մասին դիտարկումների ընթացքում։ Մի առիթով չէ, որ գրել ենք՝ սեպտեմբերի 19-ից հետո  Վահագն Խաչատուրյանը կորել էր ասպարեզից։ Նրան անգամ չէր անհանգստացնում Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումը, այդքան զոհերը, բռնի տեղահանությունն ու Արցախի գոյության դադարումը։ Համենայնդեպս, ՀՀ նախագահի աշխատակազմի կայքում առկա տվյալներն այդ մասին են վկայում։ Հիմա էլ հանկարծ Վահագն Խաչատուրյանը որոշել է խոսել Արցախի մասին՝  ցավակցելով, սակայն,  նաեւ այլ երկրներին։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը սկսել է առաջիկայում պաշտոններին հրաժեշտ տվող նախարարներին փոխարինող թեկնածուներ փնտրել: Դեռ մեկ ամիս առաջ գրել էինք, որ ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը գործադիրում մաքրումներ է սկսելու.  այն նախարարները, որոնք այս ընթացքում անգործություն են ցուցաբերել, հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին: «Անգործունյա» նախարարների թվում են ԱՆ նախարար Գրիգոր Մինասյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ինչպես նաեւ սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն այս նախարարներին փոխարինողների փնտրտուք է սկսել: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն, օրինակ, Նարեկ Մկրտչյանին փոխարինող տեսնում է ՔՊ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանին: Ընդգծենք, որ դեռ վերջնական որոշում կայացված չէ այս մասով, քննարկումների փուլում են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեւորգ Պապոյանն ասաց, որ իրեն նման առաջարկ չի արվել. «Ինձ հետ նման բան չի քննարկվել, ինձ նման բան չի առաջարկվել, ես ինձ խորհրդարանում շատ լավ եմ զգում եւ այստեղ շատ անելիքներ ունեմ, բայց, բնականաբար, ինչպես որոշի իմ քաղաքական թիմը եւ ղեկավարը»: Մնացածների մասով դեռ հստակեցումներ չկան:




Լրահոս