ՀՌՈՄԻ ՍՏԱՏՈՒՏԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք մեր դաշնակից Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ». «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է  RBC-ին տված Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հարցազրույցից: 

Նրա խոսքով՝ «բոլորի համար ակնհայտ է, որ ՄՔԴ-ն բառի բուն իմաստով արդարադատության հետ կապ չունի»։ «Սա քաղաքականացված արեւմտամետ կառույց է, որը կատարում է Արեւմուտքի չսիրած գործիչների քրեական հետապնդման հրամանները։ Այս դատարանը որոշ ժամանակ առաջ կալանքի օրդեր է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ։ Փակագծերում նշեմ, որ, իհարկե, այդ հրամանները բացարձակապես իրավաբանորեն առոչինչ են։ Ռուսաստանի եւ նրա ղեկավարության նկատմամբ ՄՔԴ-ի բացարձակապես քաղաքականացված թշնամական դիրքորոշման ֆոնին մեր դաշնակից Հայաստանը որոշում է վավերացնել այս դատարանի կանոնադրությունը։ Ինչպե՞ս պետք է ընկալենք նման քայլը՝ միայն որպես, մեղմ ասած, ոչ բարեկամական»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ուներ, որ Հայաստանը զերծ կմնա նման քայլից։ «ՄՔԴ-ի նույն կանոնները թույլ են տալիս, որ այն երկրների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստորագրել Հռոմի ստատուտը, միանգամայն հնարավոր է դիմել այս դատարանի ծառայություններին՝ նույնիսկ առանց Հռոմի ստատուտը վավերացնելու: Այս պարադիգմում ես Հայաստանի առաջարկին լուրջ վերաբերվելու հնարավորություն չեմ տեսնում»,- նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով հայկական կողմի՝ այս հարցում երկկողմ համաձայնագիր կնքելու առաջարկը։
«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մեջբերում եք հայկական կողմի առաջարկը, որ ՄՔԴ-ի բացարձակապես անօրինական, անարդար, քաղաքականացված գործողությունների ֆոնին, որոնք արտահայտված են այսպես կոչված օրդերների արձակման մեջ, մենք փնտրելու ենք ինքներս մեզ՝ ապրիորի անօրինական որոշումներից պաշտպանվելու ուղիներ, որոնք մենք չենք ընդունում։ Ահա թե ինչի մասին է խոսքը: Եվ այս համատեքստում բացարձակապես ոչ բարեկամական քայլ ենք համարում մեր դաշնակից Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը հիշյալ օրդերի առկայության ֆոնին։ «Այստեղ երկխոսության տեղ չեմ տեսնում»,- նշել է նա՝ հավելելով, որ այս հարցով խորհրդակցություններ են եղել Երեւանի հետ։
«Մենք որոշակի առաջարկներ ենք արել։ Բայց, ըստ երեւույթին, կա՛մ Երեւանը դեռ մտածում է նրանց մասին, կա՛մ որոշել են չընդունել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հռոմի ստատուտի վավերացմանն արձագանքնել էր նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը:
«ԱՄՆ-ն հարգում է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը։ ԱՄՆ-ն Հայաստանի կառավարությանն է թողնում իր օրենսդրական գործընթացները մեկնաբանելու իրավունքը»,-այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը`  պատասխանելով Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի վավերացման հարցին։
«Մենք հարգում ենք յուրաքանչյուր երկրի` Հռոմի ստատուտին միանալու իրավունքը:
Մենք ոգեշնչված ենք բազմաթիվ երկրներով, այդ թվում` Հայաստանով, որ ստանձնել են ցեղասպանության, ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության, արդարության ապահովման պարտավորություն»,- ասել է նա:
ԿԱՐՄՐՈՒԿԸ՝  ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է հոկտեմբերի 9-ի դրությամբ կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:
Ըստ այդմ՝ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 457 է, որից 317-ը երեխաներ են, 140-ը՝ մեծահասակ:
1 քաղաքացի հոսպիտալացված է, 288-ը դուրս են գրվել:
ՆԻՍՏ  ԿԱՆՑԿԱՑՎԻ
Շուտով կկայանա ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ հանդիպումը։
Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Վաղը ես կհրավիրեմ ԵՄ արտաքին գործերի նախարարների արտակարգ նիստ՝ քննարկելու Իսրայելում եւ տարածաշրջանում տիրող իրավիճակը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Պաղեստինը լայնածավալ հարձակում է սկսել Իսրայելի դեմ, որի արդյունքում մեծ թվով զոհեր, վիրավորներ եւ գերիներ կան:
ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ
Իսրայելում Հայաստանի դեսպանությունը կոչ է անում այդ երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Իսրայելի հարավային շրջաններ այցելելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ տեղափոխվել ավելի ապահով շրջաններ:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ նաեւ խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում կամ բնակարաններում, որպեսզի օդային տագնապի դեպքում հնարավոր լինի մեկ րոպեի ընթացքում հասնել ապաստարան: «Ապաստարանում պետք է մնալ օդային տագնապի ազդանշանի ավարտից հետո առնվազն 10 րոպե:
Թեժ գիծ՝ 050 6670345 (ուղիղ հեռախոսակապ, WhatsApp, Viber չօգտագործել)»,- նշել է Իսրայելում ՀՀ դեսպանությունը։
Հիշեցնենք, որ Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ «ՀԱՄԱՍ»-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով եւ պիկապներով։  Իսրայելում ռազմական դրություն է մտցվել եւ մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ»-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ եւ ամենախիստ պատասխանին կարժանանա։
Կողմերի հայտնած վերջին տվյալներով՝ Իսրայելում զոհվել է ավելի քան 700 մարդ, այդ թվում՝ 44 զինծառայող, 2,2 հազարը՝ վիրավորվել։ Պաղեստինի կողմում կա 370 զոհ, 2,2 հազար վիրավոր։
ԳՈՐԾԱՐՔՆԵՐ՝ ՆԱԽՔԱՆ  ՀԱՐՁԱԿՈՒՄԸ
«Ռիա Նովոստի»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ն մշտապես զենք եւ զինամթերք է մատակարարել Իսրայելին, որն էլ օգտագործել է Պաղեստինի դեմ, եւ արդյունքում Պաղեստինը հայտնվում է բլոկադայի մեջ, այնպիսի բլոկադայի, ինչպիսին, օրինակ, Արցախում էր. գծում են սահմաններ, բացում անցակետեր եւ թույլ տալիս, որ այդ անցակետերով անցկացնեն միայն այն, ինչը որ իրենք են ուզում:
Բնականաբար, բլոկադայի պայմաններում Պաղեստինը չուներ ո՛չ զենք, ո՛չ զինտեխնիկա, ո՛չ էլ անգամ լույս, քանի որ Իսրայելը այնպես արեց, որ Պաղեստինը դրանից էլ զրկվի:
Ժամանակին ձեւավորված է լինում «ՀԱՄԱՍ» խմբավորումը: «ՀԱՄԱՍ»-ը համարվել է իբրեւ ահաբեկչական կազմակերպություն ԱՄՆ-ի, Կանադայի, ԵՄ-ի, Իսրայելի եւ Ճապոնիայի կողմից, բայց, ըստ արաբական երկրների, «ՀԱՄԱՍ»-ը համարվում է վրիժառուների խումբ:
Այս խումբը, ի վերջո, տեսնելով, որ բլոկադայի եւ տարբեր ճնշումների ներքո չեն կարող այլեւս դիմակայել, սկսում են արդեն պայքարել, սակայն հարց է առաջանում, թե ինչպես են կարողացել բլոկադայի պայմաններում զինվել, եւ դա Իսրայելը չի նկատել:
Այստեղ արդեն կարող ենք խոսել Իրանի մասին, քանի որ շատերին է հետաքրքրում, թե ինչու էր Իրանը ցնծում, երբ Պաղեստինը հարձակվեց Իսրայելի վրա: Իրանը գրեթե միշտ շատ վատ հարաբերություններ է ունեցել Իսրայելի հետ, ուստի Պաղեստինի զինելու գործը ստանձում է Իրանը: Քանի որ անցակետերով զենք անցկացնելը հնարավոր չի եղել, Իրանը զենք պատրաստելու համար նախատեսված բոլոր գործիքները մաս-մաս ուղարկում է Պաղեստին: Իրանին հաջողվում է զենք եւ հրթիռ արտադրելու համար նախատեսված բոլոր գործիքները ծովով, անցակետերով, թունելներով հասցնել Պաղեստին:
«ՀԱՄԱՍ» կազմակերպության ներկայացուցիչները ծածուկ սկսում են պատրաստել հրթիռներ: Եվ, ահա, տեսնում ենք, թե ծածուկ պայմաններում պատրաստած հրթիռները Պաղեստինը ինչպես օգտագործեց:
«ՀԱՄԱՍ» խմբավորումը պնդում է, որ սա վրեժ է, իրենց հանել են իրենց տներից, պահել բլոկադայի մեջ, եւ այս ամենով վերջ կդրվի ամեն բանի: «Համաս» խմբավորման անդամններն արդեն անցան նաեւ Թել Ավիվը, նրանք վերցնում են գերիներ, պայթացնում ամեն բան, չեն խնայում ոչինչ:
«ՀԱՄԱՍ» -ի բարձրաստիճան զինվորական հրամանատար Մոհամմադ Դեյֆը ասել է. «Սա ամենամեծ ճակատամարտի օրն է՝ վերջ դնելու երկրի վրա վերջին օկուպացիային»:
ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս