ՏԵՂԱԿԱԼՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել հետեւյալը.

 

Գագիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2014 թվականի հունիսի 6-ից մինչեւ 2015 թվականի ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետի, այնուհետ՝ 2015 թվականի մայիսի 26-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի ժամանակավոր թափուր պաշտոնը, ապա՝ 2015 թվականի հունիսի 29-ից մինչեւ 2016 թվականի ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում՝ նույն աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, 2016 թվականի ապրիլի 18-ից մինչեւ 2016 թվականի հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, իսկ 2016 թվականի հոկտեմբերի 20-ից 2018 թվականի մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ ֆինանսատնտեսագիտական վարչությանի պետի պաշտոնը զբաղեցրած Լուսինե Մարատի Հովհաննիսյանի հետ 101 անձանց տվյալներով կազմվել եւ ստորագրվել են ձեւական բնույթի կեղծ հրամաններ, ինչպես նաեւ տեխնիկական, նորոգման եւ վերանորոգման աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրեր, որոնք չեն գրանցվել եւ նախարարության   համակարգ չեն մուտքագրվել, ինչպես նաեւ որեւէ աշխատանքներ չկատարած եւ իրենց հետ փոխկապակցված շուրջ 126 անձանց տվյալներով կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ 239.411.071 ՀՀ դրամ գումարի ելքագրումներ, որոնց արդյունքում «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի, «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի, «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտմամբ չի հաշվարկվել եւ ՀՀ պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 26.953.300 ՀՀ դրամ եկամտահարկի գումար եւ դրոշմանիշային վճարներ, ինչպես նաեւ տարբեր ապրանքների ձեռք բերման, կատարված շինարարական աշխատանքների եւ վերանորոգումների, կազմակերպված միջոցառումների, մատակարարումների դիմաց կատարված ծախսերը կազմել է ընդհանուր 174.760.949 ՀՀ դրամ գումար, այսինքն՝ ելքագրված գումարից 64.650.122 դրամ գումար պակաս, որպիսի գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, որն էլ անզգուշությամբ առաջացրել ծանր հետեւանքներ, այն է՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր  91.603.422 ՀՀ դրամի գույքային վնաս:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՐԴԸ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արշակ Վլադիմիրի Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գառնիկ Խաչիկի Գանելյանին պատճառել է մարմնական վնասվածք, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում:

Այսպես, 2022 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, «Շտապօգնության» ՓԲԶ-ի 4-րդ ենթակայանում գրանցված կանչի հիման վրա՝ հերթապահ բժշկուհի Հերիքնազ Անտոնյանը, բուժակ էդուարդ Զիրաքյանը եւ վարորդ Արշակ Մարկոսյանը շտապօգնության մեքենայով մեկնել են Երեւան քաղաքի Նոր Խարբերդ հողամաս 87 հասցե եւ բուժօգնություն ցուցաբերել Անգելինա Դանիելյանին: Այնուհետեւ Գառնիկ Դանիելյանի եւ բուժանձնակազմի միջեւ հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Արշակ Մարկոսյանը, շտապօգնության մեքենայի վարորդի նստատեղից վերցնելով դանակ, հարվածներ է հասցրել Գառնիկ Դանիելյանի պարանոցին եւ ձեռքին, որից հետո Արշակ Մարկոսյանը, վագոն-տնակի մուտքի մոտից վերցնելով ապակյա տարրա, հարվածել է Գառնիկ Դանիելյանի գլխին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով՝ աջ բազկի, ձախ թուլակողի շրջանների քերծվածքների, ձախ գագաթային, գագաթունքային, պարանոցի, աջ արմնկահոդի շրջանների կտրված վերքերի ձեւով:

 

 

ԽՈՒՍԱՓԵԼ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ն. Ենգոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ՀՀ պաշտպանության նախարարի՝ «Նարեկ Խաչիկի Ենգոյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին» 07.06.2023 թվականի հրամանի հիման վրա՝ ընդգրկվել է 2023 թվականի ամառային զորակոչի միջոցառումներին, ինչից հետո՝ 22.06.2023 թվականին, ներկայացել է ու ենթարկվել է բժշկական հետազոտությունների եւ, համապատասխան բժշկական ակտերի հիման վրա, 11.07.2023 թվականին եւ 20.07.2023 թվականին ԿԲՀ-ի կողմից ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար, սակայն հրաժարվել է ստանալ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնելու ծանուցագիրը, որպիսի պայմաններում խուսափել է հայտարարված 2023 թվականի ամառային հերթական պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻԱ

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ից հայտնում են, որ Երեւան քաղաքի բնակիչ Ա.Մ-ն եւ «Պրոգրեսիվ նոլիջիս» ՍՊ ընկերության տնօրեն Ռ.Մ-ն, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, շահադիտական նպատակով, միմյանց գործողություն­ները փոխլրացնելով, 2023 թվականի փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիներ Գ.Ս-ի եւ Ռ.Պ-ի անօրինական միգրացիան, այն է` ԱՄՆ վերջիններիս մուտքի եւ գտնվելու թույլտվություն ստանալը կազմակերպելու նպատակով նրանցից յուրաքանչյուրից պահանջել եւ ստացել են 15.000-ական ԱՄՆ դոլար գումար: Այնուհետեւ ԱՄՆ մուտքի եւ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար նախատեսված փաստաթղթերի փաթեթներում ներառել են իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող եւ իրավունք վերապահող բովանդակությամբ կեղծ աշխատավայրի եւ աշխատավարձի չափի, ինչպես նաեւ ուսումնական հաստատություն ավարտելու եւ որակավորում ստանալու վերաբերյալ տեղեկանքներ, դիպլոմներ եւ վկայականներ, որոնք հանձնել են վերը նշված անձանց, որոնք իրենց հերթին դրանք ներկայացրել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավասու մարմին:

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Ռ.Մ-ի, Ա.Մ-ի, ինչպես նաեւ վերջիններիս ծառայություններից օգտվող անձանց բնակության հասցեներում եւ տուրիստական կազմակերպություն հանդիսացող աշխատավայրում, որի արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են կեղծ դիպլոմներ, աշխատավայրի եւ աշխատավարձի չափի, ինչպես նաեւ ուսումնական հաստատություն ավարտելու վերաբերյալ կեղծ տեղեկանքներ, բանկային շարժի վերաբերյալ քաղվածքներ, կնիքներ, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, ամուսնության եւ ծննդյան վկայականներ, կնիքված դատարկ հավաստագրեր, պատվոգրեր, անձնագրեր, որոնցում առկա են եղել «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի արտոնագրեր, տարբեր անձանց վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր եւ հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել հանցավոր խմբի անդամներ Ա.Մ-ի եւ Ռ.Մ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:

 

 

 




Լրահոս