«ՀԵՆՑ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՅԸ» ՏՐԱԳԻԿՈՄԵԴԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 5-ին «Մոսկվա» կիոթատրոնի Կարմիր դահլիճում Վահրամ Սահակյանը ներկայացրեց ֆիլմային հատվածներով համեմված իր նորագույն «Հենց այսօրվա հայը» տրագիկոմեդիան։

 

Ներկայացման կազմակերպիչները հայտնում են, որ եթե արդեն դիտել եք հոկտեմբերի «Հենց այսօրվա հայ»-ին, ապա չմոռանանք, որ հենց այսօրվա հայը կատարելագործվում է, եւ նոյեմբերի 11-ին կայանալիք ներկայացման մեջ ավելանում են հենց նոյեմբեր ամսվա հային բնորոշ նոր գծեր։ Ներկայացումը հիմնականում չի փոխվում, բայց ավելանում են նոր մանրապատումներ, նոր մենախոսություններ եւ նոր ֆիլմային հատվածներ։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացման մանրամասների մասին զրուցել է ժամանակակից գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանի հետ.

-Պարո՛ն Սահակյան, Դուք անընդհատ նշում էիք, որ ցանկանում եք, որպեսզի մտածող հայը գա Ձեր ներկայացմանը, նրանք, որոնք չեն կարողանում նստել իրենց տեղերում: Ովքե՞ր եկան ներկայացմանը: Դուք գո՞հ եք ներկայացումից: Ձեր սպասելիքներն արդարացա՞ն:

-Ինչպես եւ սպասելի էր, ներկայացմանը եկել էին երեկվա, այսօրվա եւ վաղվա հայերը, այլ ոչ հենց այսօրվա հայերը։ Հենց այսօրվա հայը, ում ես ներկայացնում եմ իր տարատեսակ նողկալի դրսեւորումներով, ստորության մարմնավորումն է, դա անարգանք է երկրի, պետության եւ հայրենիքի համար։

-Մարդիկ իրենց հույզերով, գնահատականներով կիսվե՞լ են Ձեզ հետ, ի՞նչն է նրանց ամենաշատը դուր եկել:

-Մարդիկ իրոք հուզվել են, մանավանդ՝ ներկայացման վերջում ցուցադրված ֆիլմային մասից, որտեղ ավելի հստակ է ցուցադրվում այսօրվա եւ հենց այսօրվա հայի միջեւ եղած անդունդը։

-«Ժողովուրդ» օրաթերթը խոսել է հանդիսատեսի հետ. նրանք ասում են, որ, ընդհանուր առմամբ, հրաշալի էր ու շատ տեղերում «կպնում» էր մարդկանց հոգուն: Այն ամենը, ինչի մասին շատերը լռում էին, Դուք խոսել եք, սակայն մի քանի բանի չեք անդրադարձել, օրինակ՝ հայի այն տեսակին, որը քաղաքականությամբ չի զբաղվում: Երկիր են հանձնում, ողբերգություն է տեղի ունենում, ու այս ֆոնին շատ-շատերը պարզապես ասում են, որ «քաղաքականությամբ չեն զբաղվում»: Ինչո՞ւ չեք անդրադարձել այս տեսակին:

-Ճիշտն ասած, կոնկրետ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» հային ես անդրադարձել եմ իմ նախորդ բոլոր ներկայացումներում, մանավանդ՝ այս տարվա փետրվարին ներկայացված «Պատվախաղ 2» տրագիոմեդիայում։ Ուզում եմ նշել, որ հենց այսօրվա հայը շարունակ փոխվում է եւ կատարելագործում, եւ կոնկրետ հիմա՝ 2023 թվականի հոկտեմբերին, «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» արտահայտությունն արդեն արդիական չէ։ Ավելին ասեմ՝ հոկտեմբերին ներկայացված հենց այդօրվա հայն ուրիշ է, նոյեմբերինն ուրիշ է լինելու, իսկ դեկտեմբերինն ընդհանրապես երեւի վիժվածքագույն գարշանք լինի։ Նրանք ծնում են իրենց նոր արտահայտությունները։

Զրուցեց ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

 

ԹԱՆԿՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Սերժ Թանկյանը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից խաղաղ իսրայելցիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, բայց նաեւ հիշեցրել, որ ժամանակին Իսրայելը աջակցում էր Ադրբեջանին, որը նույն գործողությունը կատարում էր Արցախում ապրող հայերի նկատմամբ։

X-ի իր էջում Թանկյանը գրել է. «Խաղաղ բնակիչների վրա հարձակումը, նրանց առեւանգումն ու սպանելը պատերազմական հանցագործություններ են՝ անկախ նրանից, թե ով է դա անում։ Այն, ինչ ես տեսա Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից, սարսափելի է։ Անցյալում մենք տեսել ենք նաեւ Իսրայելի կողմից Պաղեստինի քաղաքացիների անկանոն սպանություններ։

Հավելենք նաեւ, որ մոտ երկու շաբաթ առաջ Իսրայելի կողմից զինված Ադրբեջանը նույնն արել է Արցախում ապրող հայերի նկատմամբ՝ ստիպելով նրանց փախչել իրենց՝ 3000 տարվա հայրենիքից։

Այն, ինչ մենք ստացանք այն ժամանակ Իսրայելի կառավարությունից, կեղծ հավասարություն էր՝ երկու կողմերին զսպվածության կոչով»:

Աշխարհահռչակ հայ երաժիշտը հավելել է. «Մի բռնակալի կողմից էթնիկ զտման հաջողությունը խրախուսեց մյուսներին: Ես կանգնած եմ ինչպես պաղեստինցիների, այնպես էլ իսրայելցիների կողքին, որոնք ցանկանում են խաղաղություն»:

Հիշեցնենք, որ ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, բանաստեղծ եւ քաղաքական ակտիվիստ Սերժ Թանկյանը սոցիալական իր էջերում բազմիցս անդրադարձել է Արցախում տեղի ունեցող իրավիճակին: Վերջերս Թանկյանը հրապարակել էր վիդեոուղերձ՝ կից գրելով. «ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼ

Ադրբեջանն է մեղավոր ցեղասպանության համար

Թուրքիան մեղավոր է ցեղասպանության համար

Ռուսաստանն է մեղավոր ցեղասպանության համար

Պակիստանը մեղսակից է ցեղասպանությանը

Իսրայելը մեղսակից է ցեղասպանությանը

ԵՄ-ն մեղսակից է ցեղասպանությանը

ԱՄՆ-ն մեղսակից է ցեղասպանությանը»։

 

 

 

ԴԵՎՈՅԱՆԸ ԱՆԿԵՂԾԱՑԵԼ Է

Սոֆի Դեւոյան կրտսերը ինստագրամյան իր էջում շարունակում է նոր հոլովակներ ու սթորիներ հրապարակել: Սոֆին կիսվել է իր լուսանկարով՝ կից գրելով. «Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ էս շրջանում բարդ է ինձ տրվում նույնիսկ սրճարան գնալը … Բայց նաեւ գիտակցում եմ, որ պիտի շարունակենք ապրել…Անչափ երջանիկ եմ, որ նոր ընտանիքներ են ստեղծվում՝ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ»:

Ավելի ուշ Դեւոյանը սթորիով է կիսվել ընկերներից մեկի հարսանյաց արարողությունից:

«Շատ երջանիկ լինեք, սիրո՛ւն ջան»,- գրել է նա:

 

 

 

ՌԵԿՈՐԴԸ ԿՐԿՆԵՑ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 34-ամյա հարձակվող Թոմաս Մյուլերը կրկնել է «Բավարիայի» 37-ամյա դարպասապահ Մանուել Նոյերի ռեկորդը Բունդեսլիգայում տարած հաղթանակների քանակով՝ 322։

Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Բավարիան» 3:0 հաշվով պարտության էր մատնել «Ֆրայբուրգին»։

Մանուել Նոյերը շարունակում է վերականգնվել ոտքի կոտրվածքից հետո։ Նա խաղադաշտ դուրս չի եկել 2022թ. դեկտեմբերի 1-ից։

 

 

 

ՉԱՎԻԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է 2:2 հաշվով ոչ-ոքի արդյունքը «Գրանադայի» հետ Լա Լիգայի 9-րդ տուրի խաղում։

«Կարծում եմ՝ մենք գերիշխում էինք հանդիպման ամբողջ ընթացքում։ Մենք ունեինք բազմաթիվ պահեր եւ արժանի էինք հաղթանակի, բայց մեր սխալների հետեւանքով չհաղթեցինք։ Մենք ասում էինք, որ «Գրանադան» վտանգավոր է։

Լավ տպավորություն է թողնում մեր ֆուտբոլը, բայց արդյունքը չի գոհացնում։ Այսպիսի խաղում 1 միավորը քիչ է»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնան» 21 միավորով երրորդն է, «Գրանադան» նախավերջինն է՝ 6 միավոր։ Առաջատար «Ռեալն» ունի 24 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնան» ունի 22 միավոր։

 

 

 

ՀԱՄԱՏԵՂ «ԵՎՐՈ-2032»

Ֆուտբոլային Եվրո-2032-ը համատեղ կանցկացնեն Իտալիան ու Թուրքիան։ Ռուսաստանի հայտը չի ընդունվել, եւ այս երկրները քվեարկությունում մրցակից չունեն։

Պաշտոնական հայտարարությունը կլինի հոկտեմբերի 10-ին ՈւԵՖԱ-ի խորհրդի նիստում. հաղորդում է Goal.com-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Եվրո-2028»-ը կանցկացվի Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում համատեղ։ Թուրքիան հրաժարվել էր 2028թ. Եվրոպայի առաջնությունն անցկացնելու հավակնությունից։

 

 

 

ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՐԵՑ

«Սեւիլիան» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց 62-ամյա իսպանացի Խոսե Լուիս Մենդիլիբարին. հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Մենդիլիբարը 2023թ. մարտին էր գլխավորել «Սեւիլիան», որը նրա օրոք նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը։ Ակումբը շնորհակալություն է հայտնել Մենդիլիբարին ակումբային պատմության մեջ մտնելու համար՝ Եվրոպայի լիգայի 7-րդ տիտղոսը նվաճելու շնորհիվ։

Ընթացիկ մրցաշրջանում «Սեւիլիան» 2 հաղթանակ է տարել, 5 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել 4 պարտություն։




Լրահոս