Գուրգեն Դաբաղյանը «թիթիզ» բաներ չի սիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդ երգիչ Գուրգեն Դաբաղյանն այսօր դարձավ 26 տարեկան: Նա իր տարեդարձը կտոնի   Լոնդոնում, ուր Լիլիթ Հովհաննիսյանի, Միհրան Ծառուկյանի և Արամեի հետ մեկնել է համերգային շրջագայությունների: Այդ մասին Armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում  ասաց  Գուրգեն Դաբաղյանի հորեղբայրը` հայտնի և սիրված դուդուկահար  Գևորգ Դաբաղյանը:

Հորեղբոր հավաստմամբ, ի տարբերություն շատ երգիչ-երգչուհիների, որոնք  իրենց տարեդարձը  տոնում են ճոխ ռեստորաններում, մեծաթիվ մարդկանց ներկայությամբ, իսկ հետո երբեմն էլ  այն հրապարակում լրատվամիջոցներով, Գուրգենը նման թիթիզ բաներ չի սիրում, նախընտրում է իր ծննդյան տարեդարձը տոնել  մտերմիկ մթնոլորտում կամ էլ տանը `  հարազատների հետ:

Դուդուկահարը հիշում է, երբ Գուրգենին մանուկ հասակում  խաղալիքներ էին նվիրում, շատ էր ուրախանում, թեև այդ տարիքում նա հասուն երգեր էր երգում, բայց միևնույն է,  երեխա էր:

-Ի՞նչ է նվիրելու  Գևորգ Դաբաղյանը իր սիրելի եղբորորդուն, երբ նա վերադառնա Լոնդոնից:

«Չգիտեմ»,- համեստացավ ու մտորեց Դաբաղյանը, ապա ասաց. «Կարող է գնանք Գառնու ձոր և երեք օր հանգստանալ այնտեղ: Ինքը նման բաներ սիրում է: Իրեն նյութական բաներով չես զարմացնի»:

Թեև  Գուրգեն  Դաբաղյանը  ազգային երգի ժանրից երբեմն մասնակի շեղվում է, բայց դա չի անհագստացնում դուդուկահարին: «Թող երգի, նա ինչ էլ անի, անում է ճաշակով:Թող նորություն ու թարմություն  բերի: Կարևորն ազգայինն իր հոգու մեջ է»,- ասաց Գևորգ Դաբաղյանը, ապա իր եղբորորդուն մաղթեց  պահպանել ի վերուստ տրված աստվածահաճո իմաստությունն ու խոհեմությունը:

 

 

 

 




Լրահոս