ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում և ներկայացրել է փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագիծ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախագծով առաջարկվում է մի շարք փոփոխություններ կատարել։
Փոփոխություններով առաջարկվում է Ընտրական օրենսգիրքը լրացնել նաև նոր՝ արդար ընտրությունների և իրական ընտրությունների սկզբունքներով, որոնք ենթադրում են ընտրական իրավունքների պաշտպանության նպատակով արդյունավետ բողոքարկման մեխանիզմների ներդրում, օրենսդրության պատշաճ կիրառում, հանրային վերահսկողության իրականացման համար պայմանների ստեղծում և դրանով նաև ընտրությունների իրական արդյունքների պարզում, դրանց նկատմամբ վստահության և արժանահավատության ապահովում, ժողովրդի ազատ արտահայտված կամքի բացահայտման ապահովում և այլն:
Սահմանադրությունը, ինչպես նաև Ընտրական օրենսգիրքն արգելում են ընտրությունների նշանակումն ու անցկացումը արտակարգ և ռազմական դրության պայմաններում։ Ներկայումս, Ընտրական օրենսգիրքը կարգավորում է միայն ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նշանակման, ինչպես նաև ընտրություններ նշանակելուց հետո անհրաժեշտ գործողությունների իրականացման հետ կապված ժամկետների հարցը։ Սակայն, ընտրություններ նշանակվելուց հետո կամ քվեարկության օրվանից հետո՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում կարգավորված չեն ընտրական գործընթացի իրականացման հարցերը։ Նախագծով կարգավորվում են ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ընտրությունների անցկացման հետ կապված հարաբերությունները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական կամ արտակարգ դրությունը էականորեն կարող է փոխել երկրում տիրող իրավիճակը, այդ թվում՝ քաղաքական իրավիճակը, ուստի առաջարկվում է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում ընտրական գործընթացը դադարեցնել (և ոչ թե կասեցնել), իսկ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ընտրական գործընթացը սկսել կրկին՝ հնարավորություն տալով հաշվի նստել նոր իրողությունների հետ։
Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ խախտմամբ փակցված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը պետք է հանվեն համայնքի ղեկավարի կողմից։ Միաժամանակ, որևէ պատասխանատվություն այն անձանց համար, ովքեր խախտմամբ փակցրել են քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը, որևէ բացասական հետևանք նախատեսված չէ։ Նման պրակտիկան լայնածավալ տարածում ունի։ Վերոգրյալի հաշվառմամբ առաջարկվում է սահմանել օրենքով սահմանված կարգի խախտմամբ կամ օրենքով չթույլատրված վայրում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար վարչական պատասխանատվություն։