ՖՈՏՈ․ Հակառակ աղմկոտ աշխարհի՝ լուռ էի. Պապ Պողոսյանը՝ նոր կերպարի, ստեղծագործական դադարի եւ հայրենիք վերադառնալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրել էինք՝ օրեր անց՝ հոկտեմբերի 30-ին, եթերում կհայտնվի «Մալենա» ֆիլմը: Պրոդյուսերը Սոս Կարապետյանն է, տնօրենը՝ Անի Երանյանը:

Ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին՝ «Բարոն 92» մականվամբ երիտասարդին, մարմնավորում է ամերիկաբնակ դերասան Պապ Պողոսյանը:

«Բարոն 92-ը» սարկաստիկ, ընկերասեր, հետաքրքիր բնավորություն ունի: Իր գործի գիտակ լինելը փոխարինել է  մարդկային շփումը  համակարգչի հետ, ինչի արդյունքում մարդկային փոխհարաբերություններում  սովորականից մի փոքր այլ էթե՛ մտածում , թե՛ վերլուծում, թե՛ իրավիճակին գնահատական տալիս:

ArmLur.am-ի հետ զրույցում՝ Պապն անկեղծանում է. «Բարոնն ինքնին իր տեսակին ինչքան էլ նմանվող գծեր ունի, նույնքան էլ՝ չունի, այդ թվում եւ նրա քիչ թե շատ ինտրովերտ լինելը»:

Պապի խոսքով ինքը եւս հետաքրքրված է համակարգչային ծրագրավորմամբ եւ հետաքրիր է եղել «Բարոն 92»-ին մարմնավորելը:

«Ֆիլմում նկարահանվելու եւ կերպարին մարմնավորելու առաջարկը ստացել եմ մեր տաղանդաշատ Անի Երանյանից: Այդ պահին Հայաստանում էի, վերադառնալուն պես հանդիպեցինք, քննարկեցինք։  Քանի որ թիմը կազմված էր պրոֆեսսիոնալ, տաղանդավոր եւ լավ մարդկանցից, ինչն էլ բացի հետաքրքիր կերպարից, առաջարկվող դերից շատ մեծ նշանակություն ունի սիրով ինտեգրվելու եւ պրոդուկտիվ աշխատելու մեջ, առաջարկն ընդունելիս  երկմտանքի առաջ չկանգնեցի եւ սիրով ընդունեցի առաջարկը՝ աշխատելու թե՛ կերպարիս եւ թե՛ այս թիմի հետ»- նշեց նա։

Պապի խոսքով՝ մինչ այս գտնվում էր ստեղծագործական դադարի մեջ, բայց ոչ ամբողջությամբ.

«Հակառակ աղմկոտ աշխարհի՝ լուռ էի, կենտրոնացած ինձ վրա: Տեւական ժամանակ դադար էի տվել, բայց ոչ ամբողջությամբ․ մտքերս թղթին էի հանձնում, գրում էի, ջնջում: Վերջին շրջանում մի քանի ներկայացումների եմ մասնակցել՝ Լոս Անջելեսի մանուկներին ուրախություն եւ հետաքրքիր գույներ պարգեւելով»,- հավելեց նա։

Անդրադառնալով ապագա պլաններին՝ Պապը նախընտրում է լռել. պլաններ կան, բայց թե որից ու երբ կսկսի՝ չգիտի:

«Հայրենիք վերադառնալու պլաններ միշտ ունեմ թե՛ գործունեությամբ եւ թե՛ որպես պարզապես հայ: Հայրենիքին կպնելու ցանկություն միշտ կա եւ կլինի։ Հենց դրա արդյունքում էլ հաճախ եմ լինում հայրենիքում: Ամեն դեպքում այստեղ թե այնտեղ աշխատանքս հայ հանդիսատեսի համար է»,- նշեց նա։

Մարիամ Ղազարյան




Լրահոս