ԿԸՀ-ն քննարկել է Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ընտրական ցուցակում ընդգրկված, սակայն ինքնաբացարկ ներկայացրած ավագանու անդամի թեկնածուների գրանցումը ուժը կորցրած ճանաչելու, Երևանի ավագանու անդամի մանդատներ տրամադրելու հարցերը։
Ուժը կորցրած է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Անդրանիկ Գասպարյանի, Արտակ Հովակիմյանի, Սամվել Ղուկասյանի, Վահե Հակոբյանի, Միքայել Օհանյանի, Արմեն Մհերյանի, Լուսինե Դայանի, Ռազմիկ Մկրտչյանի և Ռոման Համբարձումյանի գրանցումները։
Բացի այդ, ԿԸՀ-ն Երևանի քաղաքապետից ստացել է Երևան քաղաքի ավագանու անդամների մանդատները դադարեցնելու և լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հինգ արձանագրություն։
«Մայր Հայաստան» դաշինքից մանդատները վաղաժամկետ դադարեցրել են Դուստրիկ Մխիթարյանը և Ադրինե Ավագյանը։ Դրանք կտրվեն նույն դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին՝ Արման Քոչարյանին և Գրիգոր Իսկանդարյանին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մանդատները վաղաժամկետ դադարեցրել են Կամսար Բաբինյանը, Հակոբ Բալայանը և Արամ Ազատյանը։ Մանդատները կտրվեն կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներ Արման Բարխուդարյանին, Հերմինե Ոսկանյանին և Զինա Չալիկյանին։